Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ ԷՐԴՈՂԱՆԻՆ «ՆՎԻՐՈՒՄ» Է 25 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆԱՎԹԱՏԱՐ ՆԱՎ



ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ ԷՐԴՈՂԱՆԻՆ «ՆՎԻՐՈՒՄ» Է 25 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆԱՎԹԱՏԱՐ ՆԱՎԵրբ 2003 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ իշխանության եկավ՝ որպես Թուրքիայի վարչապետ, թուրքերի մեծ մասը նրան ընդունեց որպես բարեպաշտ մահմեդականի եւ ազնիվ քաղաքական գործչի:

Սակայն, ժամանակի ընթացքում, Էրդողանը եւ նրա իսլամիստական կուսակցությանԱրդարություն եւ զարգացում») համախոհ առաջնորդները հետզհետե դարձան կոռումպացվածԱգահությունը փոխարինեց նրանց բարեպաշտությանը, եւ դժվար էր դիմակայել մեծ փողերի գայթակղությանը: «Իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես» արտահայտությունը ճշգրիտ կերպով նկարագրում է Էրդողանի վերափոխումը կոռումպացված եւ բռնակալ ղեկավարի:

Էնդրյու Ֆիշմանը, theintercept.com կայքում տեղադրված ծավալուն հոդվածում, բացահայտում է Էրդողանի ընտանիքի կողմից 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավ նվեր ստանալու արտասովոր հանգամանքները գաղտնի օֆշորային համաձայնագրովԱյս աղմկահարույց բացահայտումը ի հայտ է եկել Էրդողանի եւ նրա որդու՝ Բիլալի հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հրապարակումից մի քանի տարի անց, երբ նա որդուն խորհուրդ էր տվել թաքցնել խորհրդավոր ձեւով իր ձեռք բերած հարյուր միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:

Ըստ Ֆիշմանի՝ նավթատար նավը Էրդողանին նվիրել է ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովը դեռեւս 2008 թվականին, ինչպես բացահայտել է Եվրոպական հետաքննական համագործակցություն (EIC) ցանցը, որի կազմի մեջ մտնում են 49 լրագրողներ 16 երկրների 13 լրատվամիջոցներից: «Մանսիմովը երկու տարի առաջ դարձել էր Թուրքիայի քաղաքացի եւ ընդունել Մուբարիզ Ղուրբանօղլու թուրքական անունը, ենթադրաբար Էրդողանի առաջարկությամբ», տեղեկացնում է Ֆիշմանը: Զարմանալի չէ, որ «գործարքը կնքելուց հետո նրա գործարար կապերը լայն թափ ստացան Թուրքիայում, այդ թվում՝ շահավետ պայմանագրեր կնքվեցին պետական ընկերությունների հետ»:

Մանսիմովը մտերմացել էր նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ որպես Ստամբուլի «Թրամփ Թաուեր»-ի խոշոր ներդրող, նա հրավիրյալների թվում էր այս տարվա սկզբին կայացած նախագահի երդմնակալության արարողության ժամանակ: Ըստ theblacksea.eu կայքի՝ «Երբ 2009 թ. Ստամբուլում բացվեց «Թրամփ Թաուեր»-ի 39 հարկանի բնակելի եւ գրասենյակային համալիրը, Մանսիմովը դարձավ առաջին հաճախորդը՝ գնելով ութ բնակարան, այդ թվում՝ փենթհաուզը»:

Ֆիշմանի հոդվածը՝ Էրդողանին 13 հազար տոննա տարողությամբ նավ նվիրաբերելու մասին, հիմնված է Մալթայի փաստաթղթերի վրա, որոնց հետաքննությունն իրականացվել է EIC-ի գլխավորությամբ, օգտագործելով Մալթայում գործող իրավական, ֆինանսական եւ կորպորատիվ ծառայությունների մատակարարի 150 հազար գաղտնի փաստաթղթերի արտահոսքը, ինչպես նաեւ Մալթայի ընկերությունների պետական գրանցման ցուցակի մաքրազերծված տարբերակը: 2007 թ. Մանսիմովը Ռուսաստանում գնել է «Ագդաշ» նավթատար նավը եւ այն գրանցել որպես մալթական հոլդինգային ընկերություն՝ Pal Shipping Trader One անունով: 2008 թվականին Մեն կղզու նավահանգստում (Միացյալ Թագավորություն) գրանցված «Բումերզ» ընկերությունը, որը պատկանում է Էրդողանի որդուն՝ Բուրաք Էրդողանին, եղբորը՝ Մուսթաֆային եւ փեսային՝ Զիա Իլգենին, ձեռք է բերել  25 միլիոն դոլար արժողությամբ բոլոր բաժնետոմսերը: «Հաջորդ օրը ընկերությունը 18.4 մլն դոլարի վարկ է վերցրել՝ ձեւակերպված Մանսիմովի կողմից…. Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մանսիմովը պարտավորվել է մարել ամբողջ յոթ տարվա վարկը՝ ավելացրած շահույթը, մինչեւ 2015-ի վարձակալության իրավունքի դիմաց (գնման արժեքի մնացած 7 մլն դոլարը վճարել է Էրդողանի անձնական մտերիմ ընկերը անհայտ պատճառներով): Մանսիմովի ընկերությունը, որը վերահսկում է Սեւծովյան նավթային առաքումների երկու երրորդը, երկարաձգել է լիզինգը մինչեւ 2020 թ., տարեկան 1.2 մլն դոլարով: Ընդհանուր առմամբ, Մանսիմովի կողմից Էրդողանի ընտանիքին կատարված դրամական փոխանցումները կազմում են 21.2 մլն դոլար»:

Մեկ այլ աղբյուր՝ Sg.news.yahoo.com, Էրդողանի ընտանիքին նվիրաբերված նավթատար նավը գնահատել է 29.64 մլն դոլար: Այս կայքը նաեւ բացահայտել է, որ «Էրդողանի անձնական մտերիմ ընկերը», որը նավթատար նավի համար վճարել է 7 մլն դոլար, թուրք գործարար Սիթքի Այանն է:

Malta Today թերթը բացահայտել է, որ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, 2012 թ. ութ ընկերություն է հիմնել Մալթայում՝ խուսափելով միլիոնավոր դոլարների հարկ վճարելուց իր ընկերության՝ խոշոր էներգետիկ, տեքստիլ եւ շինարարական կոնցեռնի՝ Calik Holdings-ի համար, որը միլիարդավոր դոլարների մրցույթներ էր շահել: Նա չորս ընկերություններ էլ բացել էր Շվեդիայում:

Ալբայրաքը՝ Էրդողանի ավագ դուստր Էսրա Էրդողանի ամուսինը, 2011 թ. էլեկտրոնային նամակ է ստացել մի մտերիմ գործընկերոջից, որը նախազգուշացրել է, որ գաղտնի օֆշորային ընկերությունները «հիմնված են ֆինանսական մարմիններին խաբելու վրա. դա ապահով համակարգ չէ: Եթե ֆինանսական մարմինը դա բացահայտի, այն բացասաբար կանդրադառնա (Calik-ի) հեղինակության վրա», հայտնում է Malta Today-ը:

Ի վերջո, պարզվեց, որ Ալբայրաքը կարիք չուներ գաղտնի օֆշորային ցանցի, քանի որ 2015թ.-ին նա Էրդողանի կողմից նշանակվեց որպես Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար: Նրան հաջողվեց անցկացնել հարկային համաներում, որը թույլ տվեց Calik Holdings-ին վերադարձնելու անսահմանափակ քանակությամբ օֆշորային կանխիկ գումարներ՝ առանց հարկերի

Malta Today-ը նաեւ հայտնել է, որ Էրդողանը իր փեսային պատրաստում է որպես իր հաջորդը: Զարմանալի չէ, որ Ալբայրաքն ուղեկցել էր նախագահ Էրդողանին վերջերս Միացյալ Նահանգներ այցի ժամանակ:

Մալթայում արտասահմանյան բազմաթիվ ընկերությունների գրանցման պատճառն այն է, որ այս երկիրը, ըստ Ֆիշմանի, «Եվրամիությունում ունի ամենացածր արդյունավետ կորպորատիվ հարկի դրույքաչափը (5%) եւ դարձել է նախընտրելի վայր հարկերից խուսափելու համար ԵՄում, մինչդեռ, Ֆրանսիայում, օրինակ, կորպորատիվ հարկի դրույքաչափը կազմում է 33,33 տոկոս»:

  ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #22 (1193) 07.06.2017 - 13.06.2017, Տարածաշրջան


07/06/2017