ԾԽԵԼՈՒ ՄԵՂՔԻ ՄԱՍԻՆ
«…ով մեղք է գործում, ծառա է մեղքին» (Հովհ. Ը.34):
Այնպիսի մեղքը, ինչպիսին է ծխախոտ ծխելը` այն աստիճան է մտել սովորության մեջ, որ մարդիկ այն մեղք չեն համարում եւ տրամադրում են այդ երեւույթին ամեն հարմարություն: Ամենուր կարելի է գտնել մոխրաման, ամեն տեղ գոյություն ունեն հատուկ սենյակներ, վագոններ կամ ճամփորդախցիկներ ծխողների համար: Կարելի է միայն սարսափել, որ աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաեւ մեզ մոտ, ծխողների համար ստեղծվում են հրաշալի պայմաններ: Ծխում են. սա նշանակում է, որ մեր հասարակության մի ստվար զանգված առանց սեռի եւ տարիքի խտրականության մեղսագործում է: Անգամ ծխող հանցագործին կյանքի վերջին րոպեներին` մահապատժից առաջ, թույլ են տալիս մի գլանակ ծխել, կարծես թե օդը քիչ է երկրային մթնոլորտում կամ չափից թանձր է, կամ դատապարտվածին անհրաժեշտ է արարել իր համար ինչ–որ ծխային, թունավոր օդ եւ շնչել, շնչել այդ թույնով` հագենալով ծխից:
Ծխախոտային շուկան գրավում է ամենանշանավոր տեղերից մեկը միջազգային առեւտրում, եւ տարեցտարի միլիոնավոր մարդիկ չարչարվում են հնարավորություն ստեղծել ուրիշ միլիոններին ներշնչելու վնասատու ծուխը, թունավորելու այդ մաղձով իր գլուխը եւ ամբողջ օրգանիզմը: Մի՞թե մարդու բնության մեջ ներդրված է ծխելու անհրաժեշտությունը: Միանշանակ ո՛չ: Մի՞թե մեղքը կարող է լինել մարդկային բնության հատկություն: Ո՛չ:
Չկա այնպիսի հասկացողություն, առավել եւս հատկություն, ինչպիսին «բնության պահանջն» է` ծխել: Սա մեղքի պահանջն է: Բնության պահանջն է շնչել մաքուր օդ, սնվել, տաքանալ, քնել, բայց ոչ երբեք թունավորել թմրադեղով իր օրգանիզմը, ծխել ծխախոտ, շնչել ծխով: Հարկավոր է խորհել, մի պահ կանգ առնել, արթնանալ մեղքի քնից. դրանից տառապում է մարդկությունը, սակայն չի տեսնում իր հոգեւոր կուրությունը, չնայած առկա են մարմնական աչքերը:
Եկե՛ք մի պահ մտածենք` որքան անբիծ է բնությունն իր գոյության մեջ: Որքան մաքուր է բյուրեղը, ինչքան անաղարտ են ծաղիկները, ծառերը եւ անարատ կենդանիները: Աստվածակերտ բնությունը չի պղծում ինքն իրեն, չի թունավորում Աստծուց տրված պտուղը: Անբարբառ բնությունն ուսուցանում է մարդուն ինչպես պետք է համեստորեն կրել Աստծու հնազանդության խաչն այս կյանքի տառապանքների եւ փոթորիկների միջով:
Պետք է մտորել այդ իրողության շուրջ: Շատերը կարծում են, որ այն ամենը, ինչը կատարվում է աշխարհի վրա, չի ունենալու ոչ մի հետեւանք: Հիմնականում այդպես են մտածում անմաքուր խիղճ ունեցողները, ամեն ինչի հանդեպ անտարբերությամբ վերաբերվողները, նրանց այսպես հարմար է: Բայց ինչու՞ ինքնախաբեությամբ զբաղվել:
Հոգեւոր իմաստով ծխելը սանձարձակությունն է ոչ միայն մարմնի, այլ նաեւ հոգու: Այն կեղծ հանգստացնում է նյարդերը, ինչպես ասում են շատերը, չգիտակցելով, որ նյարդերը հոգու նյութական հայելին են: Այս հանգստացումը ինքնախաբեություն է, մտապատրանք: Այդ թմրադեղային հանգստացումը հետո լինելու է հոգու չարչարանքների աղբյուրը: Հանգստացնել սեփական անձը կրքի դեմ կարելի է միայն նրանից խուսափելով: «Հենց որ բարձրանաս ավելի վեր, քան քո կրքերն են, կմտնես Քրիստոսին խաղաղության ոլորտի մեջ»,- ասում է Գրիգոր Աստվածաբանը` քրիստոնեական Եկեղեցու մեծագույն սրբերից մեկը:
Եկեղեցին կոչ է անում բոլոր մարդկանց եւ խնդրում նրանց պայքարել իրենց մեծուփոքր կրքերի, արատների, մասնավորապես՝ ծխելու եւ թմրամոլության դեմ, որ թունավորում են մեր կյանքը եւ պատրաստում դժոխային չարչարանքներ:
Նարեկ սարկավագ Պետրոսյան
ՀՀ ԶՈՒ գնդերեց
Խորագիր՝ #22 (1193) 07.06.2017 - 13.06.2017, Հոգևոր-մշակութային