ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՀԱՄԱՁԱՅՆ
Ազգ–բանակ կարգախոսով ՀՀ ԿԳՆ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի ուսանողները դասախոսների հետ վերջերս եղան Սիսիանի զորամասերից մեկում:
Ամեն տարի բանակի հետ կապն ամրապնդելու առաքելությամբ քոլեջի կոլեկտիվը, ավանդույթի համաձայն, լինում է որևէ զորամասում, կազմակերպում համատեղ միջոցառումներ, ինչն էլ դրական ներգործություն է ունենում թե՛ մեր հայրենիքի պաշտպանների, թե՛ քոլեջի ուսանողների մտածողության ու հոգեբանության վրա:
Այս անգամ էլ ուսանողներն օրն անցկացրին զինվորների հետ, մի քանի ժամ ապրեցին զինվորի կյանքով, ծանոթացան նրանց առօրյային, սեփական աչքով տեսան ռազմական տեխնիկան, ժամանակակից հարձակողական և պաշտպանական զենք–զինամթերքի տեսակները, ծանոթացան զենքի հետ վարվելու նրբություններին, ճաշեցին զինվորների հետ. զինվորները հյուրասիրվեցին ուսանողների բերած քաղցրեղենով, իսկ զորամասի գրադարանը հարստացավ հոգևոր սնունդով՝ 1200 և ավելի կտոր գրքերով:
Զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը իր շնորհակալական խոսքն ուղղեց քոլեջի տնօրեն Ա. Պողոսյանին՝ նրան պարգևատրելով զորամասի պատվոգրով:
Հանդիպումը տպավորիչ էր ոչ միայն ուսանողների՝ ապագա զինվորների, այլև ուսանողուհիների համար, որոնց մեջ անշուշտ կլինեն ապագա Սոսեներ…
Խորագիր՝ #22 (1193) 07.06.2017 - 13.06.2017, Բանակ և հասարակություն