ՄԵՆՔ ԴԻՐՔՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԳՅՈՒՂԻ ԼՈՒՅՍԵՐԸ ՎԱՌ ՄՆԱՆ
Զորամասից մարտական հենակետ տանող ոլորապտույտ ճանապարհին եղանակը մի քանի անգամ փոփոխվում է. պայծառ արևին փոխարինելու է գալիս տեղատարափ անձրևը, կարկուտը: Մեր վարորդը` ժամկետային զինծառայող Հայկը, որն իր գործի վարպետն է, ճարպկորեն մեքենան վարում է կիրճի եզրով՝ հաղթահարելով ճանապարհի ամենադժվարանցանելի հատվածները: Ստորաբաժանման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վահե Սաղաթելյանը, որ այդ օրն ուղեկցում է ինձ, բացատրում է. «Ամեն դիրք յուրահատուկ է իր նշանակությամբ: Այս դիրքը, ուր գնալու ենք, հակառակորդին իշխող դիրքերից մեկն է: Հակառակորդի գյուղը գտնվում է անմիջապես դիրքի ներքևում:
Հենակետի անձնակազմը լավ պատրաստված է: Դիրքի ավագը` ավագ սերժանտ Միսակ Գրիգորյանը, աչքի է ընկնում իր բարձր մարտական պատրաստվածությամբ, հաճախ խրախուսվում է հրամանատարության կողմից: Դիրքում հերթապահում են ժամկետային զինծառայողները. տղաների ոգին բարձր է, հստակ գիտեն մարտական հերթապահության ընթացքում իրենց խնդիրները»:
Հարցիս, թե՝ ի՞նչն է հատկապես կարևոր մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարձր բարոյահոգեբանական վիճակն ապահովելու գործում, մայոր Սաղաթելյանը պատասխանում է.
–Առաջնագծի մեր սահմանները գծված են նաեւ ազատամարտիկների արյունով: Ամենակարևորն այն է, որ զինվորը հասկանա իրեն վիճակված այսքան թանկ սահմանի պաշտպանության արժեքը:
Բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու գործում նա կարևորում է հատկապես հրամանատարների դերը:
–Մենք առաջնագծում ենք, գործ ունենք զենքի և մեր վաղեմի հակառակորդի հետ: Պետք է հստակ պահպանենք անվտանգության կանոնները, իսկ դրա համար զինվորները պետք է շատ լավ հրահանգավորված լինեն: Հրամանատարությունը հստակ աշխատում է այս ուղղությամբ, և փառք Աստծու, անցանկալի դեպքեր չեն լինում:
Հասնում ենք հենակետ, որտեղ մեզ դիմավորում է դիրքի ավագ, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Միսակ Գրիգորյանը: Ժամկետային զինծառայությունն էլ մարտական հենակետում անցկացրած զինվորականը վստահ է՝ «Զինվորը պետք է առաջին գծում ծառայի. նա այստեղ անշուշտ ավելի շատ բան կսովորի: Զորացրվելուց հետո էլ, եթե հանկարծ, Աստված չանի, կռիվ եղավ, արդեն հստակ կիմանա` ինչը ինչպես և ինչից հետո է պետք անել, ոգին էլ ավելի բարձր կլինի»:
–Ասում են, որ հայրենիքը սկսվում է սահմանից: Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը:
–Հայրենիքն ինձ համար ընտանիքից է սկսվում: Հայրենիքիդ սահմանները պաշտպանելով` առաջին հերթին ընտանիքդ ես պաշտպանում: Բոլոր ընտանիքների գումարն էլ հենց հայրենիքն է:
–Ներքևից` գյուղից ենք գալիս և գյուղացիների հետ դիրքապահների մասին էինք զրուցում, ասում են. «Գիշերները հանգիստ ենք քնում, որովհետև հավատում ենք մեր պաշտպաններին»:
–Դա անկասկած ավելի է զգոն դարձնում բոլորիս: Շատ ուրախ եմ, որ գյուղի լույսերը վառ են, և գյուղացիները հանգիստ քնում են: Մենք այստեղ կանգնած ենք, որ գյուղի լույսերը վառ մնան: Իմ հենակետի մասին կարող եմ ասել, որ մարտական ոգին շատ բարձր է: Տղաները մեծ ոգևորությամբ են առաջնագիծը պահում:
Ավագ սերժանտ Գրիգորյանը մեզ ուղեկցում է դեպի դիտակետերից մեկը: Հերթափոխը հանձնող զինվորը զեկուցում է. «Պարո՛ն ավագ սերժանտ, մեր հերթապահության ընթացքում հակառակորդի կողմից շարժ չի նկատվել: Ավագ դիտորդ, սերժանտ Սերոբյան»: «Հերթափո՛խ, քայլով մա՛րշ»,- հրամայում է դիրքի ավագը:
Հերթափոխը հանձնելուց հետո զրուցում եմ կրտսեր սերժանտ Կառլեն Սերոբյանի հետ:
–Օրեր են մնացել ծառայությանս ավարտին,- ասում է Կառլենը, որի երեսից ժպիտը չի իջնում:-Ուրախ եմ, որ շուտով տեսնելու եմ հարազատներիս. անկեղծ ասած՝ շատ եմ կարոտել: Վերադառնալով՝ անմիջապես կշարունակեմ ուսումս. սովորում եմ տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրսում:
Հարցիս, թե՝ ի՞նչ է տվել երկու տարվա ծառայությունը, պատասխանում է. «Ամենակարևորը՝ ինքնուրույնությունն է, սեփական ուժերիդ վրա վստահ լինելը,-Կառլենի դեմքի արտահայտությունն արդեն լիովին փոխվել է. երիտասարդի դեմքը լուրջ է ու խոհուն,- Ընդհանրապես, դիրքային ծառայությունը գերադասում եմ զորամասայինից: Այստեղ իրոք որ ծառայում ես` սահման ես պահում: Սա հպարտության առիթ է` տղամարդուն պատիվ բերող գործ»:
–Բոլոր ծնողներն առաջին հերթին ուզում են տեղեկանալ իրենց որդու ծառայության պայմաններից, սնունդից, հագուկապից:
–Սնունդը լավ է, բոլոր անհրաժեշտ բաներով ապահովված ենք: Իսկ պայմանները… միայն էս բնությունը, մաքուր օդը ինչ ասես, արժեն: Գիշերներն էլ երկինքը արտասովոր աստղազարդ է, քաղաքում այսպիսի երկինք չես տեսնի: Մի խոսքով` հրաշալի տեղում ենք ծառայում: Գոհ ենք ամեն ինչից:
–Ինչպե՞ս է անցնում մարտական հերթապահությունը: Հակառակորդը ձեզ այսքան մոտ է. լարվածություն զգո՞ւմ եք:
–Այնքան մոտ ենք, որ ադրբեջանական գյուղից ամեն օր առավոտյան ճիշտ ժամը 8:25-ին նրանց նամազի ձայնը հստակ լսվում է: Շատ ուշադիր ենք, բայց լարվածություն, վախ չկա մեջներս: Ընդհանրապես, վստահ եմ` մարդուց չի կարելի վախենալ, այն էլ` ադրբեջանցուց: Մենք տղերքով այստեղ մեկս մյուսի պակասը կլրացնենք, մեկս մյուսին և՛ ոգի կտանք, և՛ կօգնենք: Այնպես ենք անում, որ հենակետում անցկացրած 14 օրը հնարավորինս արդյունավետ ու աննկատ անցնի:
–Դիմացի գյուղից ձեր դիրքն է երևում, այստեղից էլ դուք եք իրենց տեսնում…
–Ես լիովին գիտակցում եմ, որ հակառակորդի ու մեր հայ գյուղացու միջև եմ կանգնած,- ասում է Կառլենը:- Այստեղ, հավատացած եղեք, հնարավոր չէ զգոնությունը կորցնել: Գյուղում հաստատ մտածում են և գիտեն, որ հանգիստ կարող են գլուխները բարձին դնել, որովհետև վերևում ամբողջ գիշեր անքուն կանգնած իրենց քունն են հսկում:
Արտաշատի Մխչյան գյուղից ժամկետային զինծառայող Մհեր Արամյանն էլ է շուտով ավարտելու ծառայությունը: Բժշկական քոլեջն է ավարտել. մտադիր է բանակից հետո շարունակել ուսումը` ընդունվել պետական բժշկական համալսարան:
–Զինվորականի կյանքը շատ է տարբերվում քաղաքացիականի կյանքից: Մենք այստեղ մեր ուժերով շատ խնդիրներ ենք կարողանում լուծել: Սովորում ենք պատասխանատվության, միմյանց հանդեպ ուշադրության, փոխօգնության: Ծառայության կարևորագույն մասը հենց մարտական հերթապահությունն է. յուրաքանչյուր տղամարդ պետք է սովորի անկախ եղանակային պայմաններից` ցրտից ու շոգից, կատարել այս գործը: Հենց սա էլ մեր մեջ տոկունություն է մշակում:
Հետո արդեն դիրքի ավագի հրահանգով ժամկետային զինծառայողները հաշված վայրկյանների ընթացքում պատրաստվում են պայմանական մարտի, անցնում են շրջանաձև պաշտպանության: Նրանց գործողությունները արագ են և հստակ. ակնհայտ է ամենօրյա վարժանքների արդյունքում թրծված արհեստավարժությունը:
…Երեկոյան, երբ վառվում են գյուղի լույսերը, և տղաներին են հասնում գյուղացիների ձայները, նրանք դիրքերում կանգնած մի քիչ թախիծով իրենց սեփական տներն են հիշում… Բայց սա մի քանի ակնթարթ է տևում. գյուղի բոլոր տները, մեր երկրի բոլոր տները մեկ են դառնում` մի Հայրենիք, և պատասխանատվությունն ու զգոնությունը գերիշխում են մյուս բոլոր զգացմունքներին:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #22 (1193) 07.06.2017 - 13.06.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում