Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԴԱՄԱՍԿՈՍ



ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԴԱՄԱՍԿՈՍՀՀ նախագահի հանձնարարությամբ և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս:

Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնությունը` հիմնականում հագուստ և սննդամթերք, բեռնաթափվել է Դամասկոսի Սուրբ Սարգիս հայկական առաջնորդանիստ եկեղեցու տարածքում: Սիրիայում ՀՀ դեսպանության և համայնքի ներկայացուցիչների ջանքերով կկազմակերպվի մարդասիրական օգնության բաշխման գործընթացը:

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիայում ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեսպանը նշել է, որ սիրիահայ համայնքը կայացած, ավանդական համայնք է, իր բազմաբնույթ հաստատություններով, սիրիահայերը երկրում լավ համբավ, ճանաչում և հեղինակություն ունեն: «ՀՀ նախագահի հանձնարարությամբ իրականացվող մարդասիրական օգնության նախաձեռնությունն է´լ ավելի է ամրապնդում հայերի համբավն ու խթանում հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների զարգացումը», – փաստել է դիվանագետը:

Առաջիկա օրերին մարդասիրական օգնության մի մասը Սիրիայում Հայաստանի դեսպանության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով կտեղափոխվի Հալեպ, Քեսաբ և այլ քաղաքներ:

Խորագիր՝ Նորություններ


12/06/2017