Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ



ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸՀինավուրց ընկուզենիների մեջ կորած Նոր Ազնաբերդ գյուղ հասնելուն պես`  մեզ` անծանոթներիս, սիրով դիմավորում են այգում աշխատող կանայք և գյուղի մանկահասակ երեխաները: Չորսամյա Արայիկը ակնհայտորեն հետաքրքրված է նորեկներով` հատկապես մեր վարորդ, ժամկետային զինծառայող Հայկով, որի հետ անմիջապես ընկերանում են: «Ես փայտից հրացան ունեմ,- ասում է Արայիկը,- երբ մեծանամ, զինվոր եմ դառնալու»։

Համայնքի բնակչության հիմնական մասը ծնունդով Նախիջևանի Ազնաբերդ գյուղից է, որտեղից 1988-ին բռնագաղթել են և հիմնել Նոր Ազնաբերդը: Այս գյուղի գրեթե բոլոր տղամարդիկ Արցախյան պատերազմի ընթացքում այս կամ այն չափով ներգրավված են եղել երկրի պաշտպանությանը: Գյուղի առաջին հանդիպած տան տերը՝  Միսակ Կարապետյանը, ազատամարտիկ է: Նա իր տան վերանորոգմամբ էր զբաղված: Ազատամարտի տարիներին Միսակը եղբոր հետ ջոկատով մեկնել է Արցախ: Ազատամարտիկ է եղել նաև կնոջ եղբայրը, որ մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է:

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸՄիսակը կարոտով է նայում բլրից այն կողմ գտնվող հայրական տան ուղղությամբ. «Այստեղից մեր տունը չի երևում, միայն հողամասը: Ի՞նչ եմ զգում… Ի՞նչ կարող է զգալ մի մարդ, ով հայրենիքն է կորցրել: Այնտեղ մեր գերեզմանատունն է, նախնիներս են հանգչում: Մեր գյուղի եկեղեցին հողին են հավասարեցրել»:

Նոր Ազնաբերդի կյանքի մասին ասում է. «Գոհ ենք, մեր աշխատանքով կարողանում ենք մեր ապրուստն ապահովել: Անասնապահությամբ ենք զբաղվում, հողագործությամբ: Այստեղի հողը լավն է` բերրի: Ջերմոց ունենք, բանջարեղեն, մրգատու ծառեր ենք աճեցնում: Միակ խնդիրը  հեռավորությունն է և վատ ճանապարհը»:

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ-Հլը էս խնձորին նայիր,- ասում է Միսակի կինը` տիկին Ալվարդը: Սկուտեղի մեջ պսպղում են մեզ համար լվացված կարմիր, խոշոր խնձորները:- Եթե այս բերքը ինքներս հնարավորություն ունենանք քաղաք տեղափոխելու, վերավաճառողի չհանձնենք, մեր գյուղն ապրելու համար իդեալական վայր է: Անցյալ շաբաթ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր այցելել մեր և շրջակա գյուղերը,  ծանոթանում էր սահմանամերձ համայնքների խնդիրներին:  Հիմա արդեն մեծ հույսեր ունենք, որ գյուղ բերող դժվարանցանելի ճանապարհի խնդիրը կլուծվի:

Տիկին Ալվարդը հատկապես մեծ սիրով  է խոսում դիրքերում կանգնած ժամկետային զինծառայողների մասին:

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ-Էլ ո՞նց կարող ենք վերաբերվել մեր պաշտպաններին: Դիրքերին կպած երեսուն ծիրանենի ունենք: Զինվորներինն են. տակը ինչ մնաց` մենք ենք վերցնում: Մեկ-մեկ ամուսնուս ասում եմ՝ «Միսա՛կ, մի քիչ ծիրան բերենք», բարկանում է, թե` «Տղաները թող օգտվեն, մեզ համար գիշերները արթուն են մնում»:

Սահմանամերձ գյուղն այժմ ապրում է իր հոգսերով. ժողովրդի մեջ վախ, անհանգստություն չկա: «Հիմա արդեն չկա,- ասում է Միսակի մայրը՝ Մելանյան:- Պատերազմի տարիներին մեր տղամարդիկ գյուղի ինքնապաշտպանությամբ էին զբաղված, մենք էլ կանանցով նրանց համար հաց էինք թխում, ճաշ էինք եփում: Մեր գյուղն այժմ չորս կողմերից պաշտպանված է զորքով: Մեզ շատ ապահով ենք զգում. դիրքերից մեկն ա՛յ այս կողմն է, մյուսն՝ այն կողմը, մեկը…»,- ձեռքը պարզած՝ ցույց է տալիս իրենց խաղաղ օրն ապահովող հենակետերի ուղղությամբ:

Հմայակ Ռուշանյանը նույնպես նախկինում ազատամարտիկ է եղել.

– Պարբերաբար շփվում ենք զինվորների հետ, համոզվում, որ ոգով շատ ամուր են: Տղաները գիտեն, մենք էլ ենք նրանց ասում, որ մի կրակոց եղավ`  իրենց կողքին պատրաստ կանգնած ենք:

Վերհիշելով պատերազմի տարիները` Հմայակը նշում է, որ 1988թ. մինչև 1993թ. դիրքերում մարտական հերթապահություն են իրականացրել, սկզբում` ազատամարտիկներով, հետո արդեն կանոնավոր զորքի կողքին: Հիմա էլ որդու հերթն է: Արտյոմը աշնանը համալրելու է հայկական բանակի շարքերը: Հայրը որդու մասին ասում է. «Տղաս սահմանին է ծնվել և մեծացել, լավ գիտի, թե ինչ  է սահմանը, հակառակորդը, զենքին է ծանոթ»: Արտյոմի լուրջ ու վճռական հայացքը խոսում է իր փոխարեն, նա գլխով հաստատում  է հոր ամեն մի խոսքը: «Կուզենայի լավ ծառայել, օգտակար լինել հայրենիքիս,- ասում է երիտասարդը,- ուզում եմ այնպես ծառայել, որ հայրս ինձնով հպարտանա, ինչպես ես եմ իրենով հպարտանում»:

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸԲաբայան Լիաննայի ամուսինը պայմանագրային զինծառայող է: Նրանց ընտանիքում երեք երեխա է մեծանում` երկու տղա, մեկ աղջիկ: «Մեր տղամարդկանց մեծ մասն այժմ ներգրավված է պայմանագրային զինծառայության մեջ: Ամենաբարձր դիրքերից մեկում էլ ծառայում է ամուսինս,- ասում է նա,- իհարկե, դժվար գործ է, երեխաներն էլ շատ են կարոտում հորը, բայց և հպարտանում են նրանով»:

Նորազնաբերդցիները վստահ են, որ իրենց գյուղի նման համայնքների համար կանոնավոր բանակի ներկայությունը ամենակարևոր գործոնն է: Հենց դրա շնորհիվ է, որ, չնայած գյուղական ոչ դյուրին կյանքին, նրանք իրենց ուրիշ վայրում չեն պատկերացնում: Անհրաժեշտության դեպքում էլ մեծից փոքր պատրաստ են զինվորագրվելու հայրենի գյուղի պաշտպանությանը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս՝. հեղինակի

Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Բանակ և հասարակություն


14/06/2017