ԿՅԱՆՔ ԱՐԺԵՑՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
«Ազգ–բանակն այն միջավայրն է, որտեղ երիտասարդ սպան իրեն զգում է մեծ ընտանիքի անբաժան մաս, որտեղ իրեն ընդունում են կրտսեր, բայց հարազատ ընկերոջ կարգավիճակով, պատրաստում են դժվար խնդիրների լուծման, սովորեցնում են եւ իրենց փորձն են փոխանցում տարիքով եւ կոչումով ավագ գործընկերները»:
ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար
Ավագ լեյտենանտ Հայկ Ալեքսանյանի մասին զորամասում առանձնակի ակնածանքով են խոսում: Հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Հովհաննիսյանը երիտասարդ սպային բնութագրելիս շեշտում է. «Ծառայում է մեծ պատասխանատվությամբ եւ նվիրումով: Բարեխիղճ, կարգապահ, գրագետ եւ օրինակելի սպա է, մասնակցել է տարբեր զորավարժությունների՝ մշտապես ցուցաբերելով լավ եւ գերազանց արդյունքներ»:
2016թ. զորամիավորման արդյունքների ամփոփման ժամանակ Հայկ Ալեքսանյանը ճանաչվել է զորամիավորման լավագույն դասակի հրամանատար, պարգեւատրվել արժեքավոր նվերով:
–Դպրոցական տարիներից զինվորական գործի հանդեպ առանձնահատուկ սեր ունեի, ռազմագիտության ուսուցչիս խորհրդով գործերս հանձնեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Երբ մայրս առաջին անգամ ինձ տեսավ զինվորական համազգեստով, նրա աչքերի փայլը երբեք, հավատացե՛ք, երբեք չեմ մոռանա, մորս այդ հայացքի մեջ ե՛ւ հուզմունք կար, ե՛ւ տագնապ ու անհանգստություն, բայց ամենաշատը՝ հպարտություն:
– Հա՛յկ, մայրդ իսկապես հպարտանալու առիթ ուներ. ծնողների հպարտությունը զավակների հաջողություններն են, իսկ դու ռազմական կրթօջախը գերազանց առաջադիմությամբ ավարտեցիր: Գերազանց ավարտողներն իրավունք ունեն իրենք ընտրելու ծառայավայրը, եւ դու ցանկություն հայտնեցիր ծառայելու Վայոց ձորի զորամասերից մեկում: Եկել էր ժամանակը սպայական դարբնոցում ստացածդ տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու:
–Հրետանավոր եմ, հրետանային դիվիզիոնի մարտկոցի սպա: Պատասխանատու եմ ռազմական տեխնիկայի սարքինության, սպասարկման եւ շահագործման համար, իմ ենթակայության տակ ունեմ երկու կրակային դասակ: Անձնակազմ ղեկավարելը, խոստովանեմ, նորավարտ սպայի համար սկզբնական շրջանում բավականին բարդ է. Ռազմական համալսարանում դու ենթակա էիր, կուրսանտ, իսկ այստեղ անձամբ պատասխանատու ես քո անձնակազմի համար, նրանցից յուրաքանչյուրի անվտանգության համար, դու ես ուղղորդում, ղեկավարում: Ղեկավարելը մարդկանց հետ վարվելու արվեստ է, շփման արվեստ, պետք է կարողանաս ճիշտ ու ազնիվ հարաբերություններ կառուցել, պատասխանատու լինես ամեն արարքիդ համար, պահանջելուց առաջ նախ ինքդ քեզնից պահանջես… Անկեղծ լինեմ՝ հեշտ չէ ղեկավարել գրեթե հասակակիցներին՝ տարբեր մտածելակերպով ու հավակնություններով, տարբեր կրթական մակարդակներով ու դաստիարակությամբ: Սակայն բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են, երբ կողքիդ ավագ սպաներ են, որ իրենց խորհուրդներով մշտապես օգնում են, աջակցում որպես հրամանատար լիարժեք կայանալու գործընթացում, իսկ ժամանակի հետ արդեն ձեռք ես բերում փորձառություն:
Ամեն ինչի հիմքում հարգանքն ու վստահություն են: Հաճախ եմ զրուցում զինվորների հետ, անկեղծ ու անմիջական զրույցներով փորձում հասկանալ նրանց հուզող խնդիրները, մտահոգությունները, հարկ եղած դեպքում, հնարավորության սահմաններում աջակցել: Աշխատում եմ ընկերական, մտերմիկ մթնոլորտ ստեղծել: Զինվորի ոգին պետք է բարձր պահել, մի բան հաստատ է՝ ինչքան էլ ժամանակակից տեխնիկայով զինված լինենք, միեւնույն է, վճռորոշը մարդկային գործոնն է. ամենասովորական կոճակն անգամ սեղմելու համար ոգին տեղը պետք է լինի:
–Առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելու կարեւոր նախապայման է նաեւ սպայի բարձր զարգացածությունը, մասնագիտական հարուստ գիտելիքներով զինված լինելը:
Եթե սպան ինքնակրթությամբ չզբաղվի, բավարարվի իմացածով ու չաշխատի անընդմեջ կատարելագործվել, նա բնականաբար հաջողություն չի ունենա: Եթե սպան գրականություն չի կարդացել, իր ազգի պատմությունը լիարժեք չգիտի, թերի գիտելիքներով զինվոր չի կարող դաստիարակել:
–Շատ եմ սիրում կարդալ, հատկապես մեր մեծերի ստեղծագործությունները՝ Սեւակ, Բակունց, Չարենց… Զինվորներին էլ եմ խորհուրդ տալիս ընթերցանությամբ զբաղվել, եթե ֆիզիկական վարժությունները մարզում են մկանները, ապա գիրքը, ընթերցանությունն էլ մարզում է միտքը, հղկում հոգին: Նժդեհ եմ շատ սիրում կարդալ՝ հանճարեղ, հզոր մտքեր են, ժամանակի մեջ իմաստ ու նշանակություն չկորցրած, խորհելու առիթ են տալիս: Նժդեհի խոսքերից մեկն իմ կարգախոսն է. «Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված եւ Հայրենիք: Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաեւ իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, Պետություն»:
–Այսօր դու կանգնած ես սահմանին ու քո նվիրված ծառայությամբ ապահովում ես մեր ազգի, մեր պետության, մեր հայրենիքի անվտանգությունը: Պատվաբեր մասնագիտություն, ավելի շուտ՝ առաքելություն է հայրենիքի պաշտպան լինելը: Դուք եք պահպանում եւ պարտադրում խաղաղություն:
–Խաղաղությունը կյանքի գին արժե: Ապրիլյան այն դաժան օրերին հարազատ, մտերիմ ընկերներ կորցրի՝ մեր կուրսի տղաներից զոհվեցին՝ Մերուժան Ստեփանյանը, Բենիամին Եղոյանը…
Զինվորների հետ զրուցելիս հաճախ եմ հիշում տղերքին… Նրանք հայրենիքը կյանքից ավելի էին սիրում, նրանք մեր նորօրյա հերոսներն են, ու նրանց չխամրող հիշատակը միշտ մեր սրտերում է:
Հիմա ավելի պարտավորված, ավելի պատասխանատվությամբ, ավելի նվիրումով եմ ծառայում՝ հայրենի հողի ամեն մի թիզ առավել սուրբ ու թանկ է ինձ համար…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում