Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՉԱՆՑՈՒՄ



ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՉԱՆՑՈՒՄԱրցախի Քաշաթաղի շրջանի Հոչանց գյուղն ունի պատմական անցյալ, գտնվում է Բերձոր շրջկենտրոնից մոտ 20կմ արեւմուտք՝ Հոչանցասարի արեւելյան ստորոտում: Վերջնական ազատագրվել է 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին, վերահայացել 2 տարի անց: Գյուղի դպրոցը գործում է 1997-ից, անվանակոչվել է 1992թ. հուլիսի 28-ին այստեղ նահատակված մանկավարժ, բանաստեղծուհի Ալվարդ Վարդանյանի անունով: Այժմ ունի 12 աշակերտ: Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելեց Հոչանց գյուղ եւ հանդիպեց շրջանի հյուսիսային թեւի համայնքների ղեկավարների ու դպրոցների տնօրենների հետ: Ներկա էին ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, աշխատակազմի եւ այլ  կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ: Հանդիպմանը երկրի նախագահը  բարձր գնահատեց քաշաթաղցիների դերը երկրի կայացման գործում՝ նշելով, որ ամեն անգամ հպարտություն է զգում հանդիպելու քաշաթաղցիների հետ: Բ. Սահակյանը կարեւորեց այն, որ պետականաշինության հարցում Քաշաթաղի շրջանն աչքի է ընկնում կազմակերպվածությամբ: Որպես վառ օրինակ՝ նշեց անցած տարվա ապրիլյան իրադարձություններին քաշաթաղցիների միակամ մասնակցությունը: Այնուհետեւ երկրի նախագահը  «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրեց շրջանի մի խումբ ներկայացուցիչների՝ երկրին մատուցած ծառայությունների համար: Պարգեւներ («Հայրենյաց պաշտպան» մեդալ, թանկարժեք նվերներ, պատվոգիր) կային նաեւ Արցախի ազատամարտիկների միության վարչության կողմից, որոնք հանձնեց վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՉԱՆՑՈՒՄԱյդուհետ երկրի նախագահը, ԱՀ կառավարության եւ ԱԳ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Հոչանցի՝ 17-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցի, ծանոթացավ սրբավայրի եւ տարածքի պատմությանը, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Այնուհետեւ Բերձորի «Բերձոր» ազգագրական համույթի երգիչ-երաժիշտների ու  արվեստի դպրոցի Կովսականի մասնաճյուղի «Թաթուլ» խմբի սաների մասնակցությամբ կայացավ  համերգ, որին ներկա էին նաեւ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյանը, հյուրեր ՀՀ-ից: Երգիչների հնչեցրած ռազմահայրենասիրական, ազգագրական երգերը, երեխաների պարային կատարումները ոգեւորեցին ներկաներին:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Բանակ և հասարակություն


14/06/2017