ԱՐՈՆՅԱՆԸ NORWAY CHESS ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
Երկարատեւ ընդմիջումից հետո շախմատային աշխարհին իր գեղեցիկ խաղով կրկին հիացրեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը նվաճեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն Norway Chess գերմրցաշարի հաղթողի կոչումը: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը ոչ–ոքի խաղաց ամերիկացի Ուելսի Սոյի հետ եւ վաստակեց 6 միավոր: Հաղթողի կոչման համար մեր գրոսմայստերի միակ մրցակից Ամերիկայի դրոշի ներքո հանդես եկող ճապոնացի Հիկարու Նակամուրան վերջին տուրում պարտվեց ԱՄՆ–ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ 5 միավորով մնաց երկրորդ հորիզոնականում:
Այս մրցաշարում Լեւոն Արոնյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին, աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին եւ աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, նույնպես ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին եւ չկրեց ոչ մի պարտություն:
Նախորդ տարի Norway Chess գերմրցաշարում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:
Այս տարի մրցաշարի հաղթողի համար նախատեսված է 70 հազար եվրո պարգեւ, երկրորդ տեղի համար` 40 հազար, երրորդ տեղի համար` 25 հազար եվրո:
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess գերմրցաշարում տարած հաղթանակից հետո Լեւոն Արոնյանի վարկանիշը դարձյալ անցավ 2800-ի սահմանը: Նա ինտերակտիվ վարկանիշային աղյուսակում 2808 միավորով 4-րդ տեղում է:
Ի դեպ, Արոնյանն առաջին անգամ 2800-ի սահմանագիծը գերազանցել է 2010թ.: Նա առավելագույն միավորներ հավաքել է 2014թ. մարտին` 2830: Այդ ժամանակ Արոնյանը շախմատային աշխարհում երկրորդն էր:
Պատրաստեց Տ. ԱՎԱԳՅԱՆԸ
Խորագիր՝ #24 (1195) 21.06.2017 – 27.06. 2017, Մարզաշխարհ