Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՇՏԻՑ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ



ՎՇՏԻՑ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆԵս ուրիշ բան եմ ուզում իմանալ: Ես ուզում եմ իմանալ, թե ինչ կա բառերից, ցավից, հրճվանքից, արցունքից ու ժպիտից անդին, որտեղից սկսվում է հավերժությունը: Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես կշարունակվեր կյանքը, եթե չլիներ ճակատագրական միջադեպը: Ու եթե հիմա քեզ ընտրություն անելու հնարավորություն տրվեր, դու ո՞րը կընտրեիր` այդ շարունակությո՞ւնը, թե՞ «Արիության մեդալն» ու այս փառքը: Ի՞նչ եմ ասում: Դու ախր արդեն ընտրել ես: Դու զինակցիդ կյանքը փրկելու համար ականապատված դաշտ մտնելիս արել էիր քո ընտրությունը: Եթե չլիներ ճակատագրական միջադեպը, դու մյուս չհերոսացած զինվորների պես կավարտեիր զինվորական ծառայությունդ, ու բանակի երկու տարիները աննկատ կգումարվեին քո կենսագրությանը: Մեր երկու  հայկական հանրապետությունների «Արիության մեդալները» չէին զարդարի քո զինվորական մեծադիր լուսանկարը, որը դրված է դռան դիմաց ու նույն լուսավոր ժպիտով ողջունում է ամեն ներս մտնողի: Եթե չլիներ ճակատագրական միջադեպը դու էլ մյուս չհերոսացած տղաների նման կշարունակեիր քո կյանքը, ու ոչ ոք չէր իմանա, որ քո հոգում` ինչոր տեղ, ննջում են սխրանքը, ինքնանվիրումն ու խիզախությունը: Սպասելով հարմար պահի: Գուցե դու քո երկնային տիրույթներից գիտես, թե քանի այդպիսի չբացահայտված հերոս է քայլում մեր հողի վրա, քանի չհերոսացած տղա: Իսկ դու այդպես էլ չհանեցիր զինվորական համազգեստդ, ու քո վերջին երկրային ուղին ճանապարհ էր դեպի Եռաբլուր` փառքի պանթեոն: Ես մտածում եմ, որ մեր ամենասովորական գերեզմանոցներն էլ են փառքի պանթեոն, որովհետեւ այնտեղ ննջում են չհերոսացած մարդիկ: Պարզապես նրանց բախտը չի բերել (կամ գուցե բերել է)… որ չեն հանդիպել ճակատագրական միջադեպին:

Ես չգիտեմ, ինչ մտածեցիր այդ պահին, երբ լսեցիր, որ զինակիցդ թյուրիմացաբար հայտնվել է ականապատված տարածքում: Չգիտեմ ու չեմ հորինելու: Ի՞նչ զգացիր, երբ տեսար, որ զինակիցդ փրկվեց, իսկ ականը պայթեց ոտքերիդ տակ: Քո կյանքի վերջին մի քանի ժամը բժիշկը կհիշի ամբողջ կյանքում: «Բժի՛շկ, ախր, մորս խոսք եմ տվել, որ վերադառնալու եմ»: Ասում են` բժիշկը կծկվել էր ցավից, թեւերը անզոր կախվել էին: Նա գիտեր, որ դու մորդ միակ երեխան ես:

Գիտես, ես էլ ինչոր մեկի  զինակիցն եմ: Նաեւ քո զինակիցն եմ: Բայց ամբողջ կյանքում վախով եմ արտաբերելու այդ բառը, որովհետեւ դու, զինակցիդ կյանքի համար քո վճարած փրկագինը շատ մեծ խորհուրդ ու իմաստ եք տվել զինակից բառին:

Ես չգիտեմ` ինչ կա ցավից, հրճվանքից, բառերից ու լռությունից անդին, որտեղ հավերժությունն է: Ես չգիտեմ` դու երեկ մեզ հետ ծննդատա՞նն էիր, ինչպես չգիտեմ, թե ինչու էր քնի մեջ ժպտում նորածին եղբայրդ, ու ինչ վերերկրային կապ կա քո եւ քո անունը կրող փոքրիկի միջեւ: Բայց մի  ներքին անդիմադրելի մղում ինձ ստիպում է քեզ պատմելու ամենը: Ասես` հենց քեզ պատմելու համար էի գնացել ծննդատնից տուն ուղեկցելու մորդ ու նորածին եղբորդ:

Ծննդատանը իմ առաջին հանդիպումը տնօրենի` Կարեն Կուտոյանի հետ էր: Նա հաղթանդամ մարդ էր ու չափսերին անսազ բարի, գրեթե մանկական դեմքով: Հենց տեսա նրան՝ մտածեցի, որ ծննդատան տնօրենը այսպիսին պիտի լինի` հեքիաթի հերոսի նման: Ու գիտես՝ ինչն էր զարմանալին, որ նա սկզբից ոչ թե մորդ ու նորածին եղբորդ մասին պատմեց, այլ քոԾննդատան տնօրենը ինձ` պաշտպանության նախարարությունից եկած զինվորական լրագրողիս պատմում էր առաջնագծի, ականապատված տարածքի, զինակից բառի տարողության ու քո սխրանքի մասին: Ես լսում էի, ես թողնում էի, որ նա դատարկի հոգին ու հարգանքի իր տուրքը տա քո սխրանքին: Այնտեղ էր նաեւ հոգեբան Արմեն Բեջանյանը: Նա հոգեբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Նրան հրավիրել էին, որ օգնի մորդ, որ նա «չմոլորվի» իր երկու որդիների` ցավի ու երջանկության արանքում: Երբ ծննդատան տնօրենը պատմում էր, հոգեբանի աչքերը խոնավանում էին: Ու ես հավատում էի, որ նա մի ելք կգտնի: Գիտես, ինձ բժշկուհիներն ու բուժքույրերը մի այնպիսի հոգատարությամբ էին շրջապատել, որ ես մի պահ զարմացա: Հետո տեսա, որ հիվանդասենյակ մտնող յուրաքանչյուրին նույն սիրով են վերաբերվում: Ու հասկացա, որ քեզ չտված սերը, քո սխրանքի հանդեպ իրենց խոնարհումն էին բաժանում մեզ:

Ես մորդ նարնջագույն վարդերի փունջ նվիրեցի: Դա իմ ամենասիրած գույնն է: Եթե իմանայի, թե որ գույնն ես դու սիրում` այդ գույնի վարդեր կընտրեի:

Երբ ծաղիկները ձեռքիս մտա հիվանդասենյակ, մի պահ շփոթվեցի: Հիվանդասենյակը լիքն էր: Ու չէի կողմնորոշվում` ում պիտի նվիրեմ ծաղիկները: Բոլորիս հիվանդանոցային խալաթ էին հագցրել, ու բոլորս նման էինք իրար: Հետո մայրդ փոքրիկին գրկած՝ առաջ եկավ: Այդ պահին ես տեսա նկարդ ցածրիկ պահարանի վրա: Մայրդ, նկարդ, նորածինը: Մորդ ժպիտը: Ո՞վ կտարրալուծի այդ ժպիտը: Ո՞վ կհասկանա նրա բաղադրությունը: Ո՞վ կասի, թե ինչ է զգում մայրդ, երբ լացն ու ծիծաղը միաձուլվում են: ՀետոՀետո մայրդ փոքրիկին գիրկս դրեց, որ կարողանա վերցնել ծաղիկները: Ու ես գրկիս մեջ զգացի փոքրիկ Գեւորգի տաք, թրթռուն փոքրիկ մարմինը: Նա այնքան փոքրիկ է: Երկու կիլոգրամ ընդամենը: Ու չի լացում: Աչքերը կապույտ են: Հոնքերը կիտած՝ նայում էր դեմքիս

Իմ Գեւորգն էլ էր մուգ կապույտ աչքերով ծնվել,- ականջիս է հասնում մորդ ձայնը: –Երկու Գեւորգներս շատ նման են իրար, միայն թե մեծ Գեւորգիս այտի վրա փոսիկ կարԵղբորդ փողկապ էին կապել: Նրա հագին կապույտ շալվար էր, գծավոր վերնաշապիկ ու նույն գույնի փողկապ: Նա քնեց ձեռքերիս վրա, հետո ժպտաց երազի մեջ: Փուչիկներով, ծաղիկներով զարդարված հիվանդասենյակում:

Էնքան մարդ էր հավաքվել: Նրանցից միայն ես էի, որ քեզ չէի ճանաչում, ու բոլորը ինձ էին պատմում: Քո մասին էին պատմում: Ուսուցչուհիդ` տիկին Անտոնյանը, ձեր հարեւան Գյուլնարան, ընկերներդ` երկու Էդգարները, Արմենը, Դավիթը, Ռուբենը, Գոռը

Ուսուցչուհիդ սպիտակ վարդեր էր բերել մորդ: Ու քո մասին խոսելիս ասում էր` թոռնիկս: Հիշում էր, թե ինչպես է տատիկդ քեզ առաջին անգամ տարել դպրոց ու հանձնել իրեն: Ու այդ օրվանից ինքը փոխարինել է տատիկիդ: Գյուլնարան ու ուսուցչուհիդ իրար հերթ չտալով պատմում էին, թե որքան բարի, պայծառ, եռանդուն, կյանքով լի, որքան հումորով, ընկերասեր, խելացի, ազնիվ ու համարձակ տղա ես եղել: Գյուլնարան խոհարարական տաղանդդ էր գովում, ուսուցչուհիդ` մեծերի հանդեպ հարգանքդ, իսկ մայրդ անընդհատ կրկնում էր` իմ տղան արեւ էր, արեւ էր իմ տղան: 

ՎՇՏԻՑ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆՀազար ու մի պատմություն պատմեցին: Հիմա ես քո մասին այնքան բան գիտեմ: Ու նկարիդ նայելիս թվում է` դու հենց ինձ ես ժպտում:

Ես ծննդատնից ձեր տուն գնացի բոլորի հետ: Մայրդ ասաց, որ բանակում գծագրել ես, թե զորացրվելուց հետո ինչպես ես վերանորոգելու տունդ: Ու ծնողներդ տունը նորոգել են քո գծագրածի պես: Հեռուստացույցը բազմոցի դիմաց է` ինչպես դու էիր ուզում: Ասում էիր` կպառկեմ բազմոցին ու ֆուտբոլ կնայեմ: Մի քանի տարի հետո փոքրիկ Գեւորգը կպառկի բազմոցին ու մուլտեր կնայի: Հետո, երբ մեծանա, գուցե քեզ պես ֆուտբոլի սիրահար դառնա: Ամեն ինչ քո գծագրածի նման է: Բացի քո նկարից, քո մասունքներից, քո մեդալներիցԸնկերդ մեդալդ ձեռքին պատմում էր, որ ցանկացել ես հրամանատար դառնալ: Ջոկի հրամանատար էիր, բայց երազում էիր ոսկեգույն աստղերի մասին: Ասում էիր` ամենալավ հրամանատարն եմ լինելու: Քո զինակիցները հիշում են, որ տնից եկած ծանրոցից առաջինը տղերքին էիր բաժին հանում:

Հարեւաններն իջել էին բակ, որ դիմավորեն եղբորդ: Իսկ ձեր դուռը հարեւան երեխաները զարդարել էին գույնզգույն փայլերով: Փոքրիկ աղջիկներն ու  տղաները հավաքվել ու կանգնել էին դռան մոտ շփոթված ժպիտով: Էնքան հուզիչ տեսարան էր:

Տոնական տորթի վրա քո ու փոքրիկ Գեւորգի նկարներն էին: Ընկերներդ տորթ էին ուտում, շամպայնի բաժակները խփում էին իրար, տիկին Անտոնյանից թաքուն ծխում էին ու պատմում էին քո մասին: Էդ պատմությունները դու էլ գիտես:

Էդգարը ծիծաղելով պատմում էր, թե ինչպես ես դիրքերից զանգել կեսգիշերին ու ժամը հարցրել: Էդգարը պատմելիս ծիծաղում էր, բայց հանկարծ ծիծաղը օդում մնաց, լրջացավ: Դու ժա՞մն էիր ուզում իմանալ: Թե՞ կարոտել էիր ընկերոջդ: Կամ գուցե թշնամու գնդակի դիմաց` քեզ ընկերոջդ տաք ու հարազատ ձայնն էր պետք գոտեպնդվելու համար:

Հայրդ իր մեքենայով ինձ տուն բերեց: Մեքենայի հետեւի ապակուն քո եւ նորածին Գեւորգի լուսանկարներն են փակցված: Ես չգիտեի: Ու զարմանում էի, թե ինչու են մարդիկ ձեռքով անում մեզ: Գոռում` պինդ մնա, ախպե՛րս: Ես չգիտեմ` հորդ աչքերը միշտ են այդպես տամուկ, թե երբեմն չորանո՞ւմ են: Նա ոչ մի բառ չխոսեց մինչեւ մեր տուն հասնելը: Բայց երբ արդեն դրսում էի, իջեցրեց մեքենայի ապակին ու ասաց. «Շնորհակալ եմ, որ չեք մոռացել իմ Գեւորգին»: Ու գնաց: Ես շփոթված կանգնել էի մեր շենքի շքամուտքի մոտ: Բակում երեխաները խաղում էին  աղմուկով: ֆուտբոլ էին խաղում:

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1195) 21.06.2017 – 27.06. 2017, Ազգային բանակ


22/06/2017