Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ



ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՀունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ ՀՀ և ԵՄ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող ակտիվ երկխոսությունը կունենան շարունակական բնույթ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է հեռանկարային համարել ռազմական կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը Եվրոպական Միության հետ:

Դիրկ Լորենցն իր հերթին բարձր է գնահատել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ իրականացվող շփումները և վստահություն հայտնել, որ տարեվերջին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կխթանի ՀՀ-ԵՄ որակական նոր մակարդակի համագործակցությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/06/2017