Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄՀունիսի 26-ին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը, անվճար հիմունքներով, կազմակերպել է նեղ մասնագիտական բուժզննում՝ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հարազատների համար։

Վաղ առավոտից կենտրոնի բժիշկները Երևանում և Գյումրիում գրանցված 25 զոհված զինծառայողների հարազատների համար անցկացրել են անվճար խորհրդատվություն և սրտանոթային համակարգի մանրազնին քննություն։

Բացի այդ, բուժզննում անցածներին տրամադրվել են անժամկետ հավաստագրեր, որոնց միջոցով  հետագայում նույնպես, սրտանոթային համակարգի հետ կապված հնարավոր խնդիրների ի հայտ գալուն պես, նրանք կարող են անվճար բուժում ստանալ բժշկական կենտրոնում:

Նույն օրն անցկացվել է ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներին նվիրված հուշ-ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պետական այրեր, զոհվածների հարազատները։

Մեկ անգամ ևս արժևորելով զոհված զինծառայողների գործած սխրանքը՝ նախարար Սարգսյանը նշել է. «Մենք բոլորս ազգովի խոնարհվում ենք նրանց ծնողների առջև, քանի որ բանակն առաջին հերթին ուժեղ է դպրոցում և ընտանիքում  հայրենասիրական ոգով դաստիարակված զինվորներով»:

Պաշտպանության նախարարության հետ երկարատև և արդյունավետ համագործակցության, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու համար Վիգեն Սարգսյանը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» մեդալով։

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/06/2017