Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱԿՈՉԻԿԻ ՆՈՐ ՍԿՍՎՈՂ ՕՐ, ԾՆՈՂԻ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐ ՈՒ ՁԻԳ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ



ՆՈՐԱԿՈՉԻԿԻ ՆՈՐ ՍԿՍՎՈՂ ՕՐ, ԾՆՈՂԻ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐ ՈՒ ՁԻԳ ԵՐԿՈՒ ՏԱՐԻԶորակոչի մեկնարկից մեկ օր առաջ եղա Էջմիածնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

-Ինչպես ամեն տարի, այս զորակոչին էլ հանդիսավոր կերպով կճանապարհենք մեր ապագա զինվորներին,- ասաց գնդապետ Հակոբ Ազատյանը:

Սահակյան Վլադիմիր, Գաբրիելյան Սարգիս, Աբելյան Ժուդեքս…Կարդում եմ Էջմիածնի տարածքային զինվորական կոմիսարիատում այս տարվա ամառային զորակոչի ցանկում հաշվառված  երիտասարդների անունները: Չնայած սաստիկ շոգին՝  որոշում եմ այցելել առաջին երեք նորակոչիկների տները, ծանոթանալ ընտանիքի անդամների հետ:

Երեքն էլ Էջմիածնի բնակիչներ են, ծնվել են 1999 թվականին, տան ավագ որդիներն են, զորակոչվում են ծառայության նույն օրը:

Միմյանց նման ջերմ, հյուրընկալ, սրտաբաց օջախներում են հյուրընկալվում մարդիկ:

Ապագա զինվորները հայրենիքը պաշտպանելու, զորակոչի առաջին զինվորները լինելու փաստն ընդունել էին մեծ ոգեւորությամբ: Ո՞ւր եւ որտե՞ղ կծառայեն՝ նրանց համար միեւնույն է:

-Տասնութ տարին մեկ ակնթարթի նման անցավ, չհասկացանք,- ասաց տիկին Ելենան՝ Սարգիսի մայրը: Նա բուժքույր է: Հայկական բանակի կազմավորումից սկսած մինչ օրս զորամասում է, զինվորի եւ իր օգնության կարիքն ունեցող ցանկացած մեկի կողքին:- Բանակ գնացող տղան պետք է խելացի լինի, կշռադատող, որովհետեւ յուրաքանչյուր վրիպում կարող է ճակատագրական լինել:-ասում է տիկին Ելենան, զինվորականի զգաստությամբ, միեւնույն ժամանակ փորձում թաքցնել  արցունքները:

Սարգիսի հայրը՝ Հրաչյան, նույնպես զինվորական է: Հայկական բանակի ակունքներում կանգնած նախկին մայորը կյանքի երեսուն տարիները նվիրել է հայրենիքի պաշտպանության կարեւորագույն առաքելությանը:Սարգիսը ուշադիր լսում է, աչքի պոչով նայում մերթ ինձ, մերթ կողքիս նստած հորը:

-Ծրագրավորումն իմ սիրելի մասնագիտությունն է, բայց բանակն ինձ է սպասում,-զինվորական ծնողներից շատ բան սովորած Սարգիսի «ազդեցիկ» խոսքերն են: Մայրը ժպտում է. ժպիտի մեջ հպարտության եւ արդեն իսկ կարոտի արցունքներ կան:

Ժուդեքսն էլ է թողնում բուհը, ծառայությունից հետո կշարունակի: Հայրը՝ Գեղամը, փոքր-ինչ անհանգիստ է.

-Երկու տարին մի ամբողջ հավերժություն է թվում: Մի քանի օր է՝ տեղս չեմ գտնում, բայց տղա է, պետք է ծառայի,- նա էլ է փորձում թաքցնել հուզմունքը:-Հպարտ եմ, որ տղա ունեմ, բանակն իսկապես պետք է որդուս:

-Վլադիմիրը ՀԱԱՀ-ի ուսանող է, ակտիվ, շփվող ու ընկերասեր:

-Բոլոր մայրերի նման անհանգիստ եմ: Որդիս մեր առաջնեկն է: Հայրը՝ Արամը, շատ երջանիկ է, որ տղա ունի եւ զինվորի համազգեստով էլ կտեսնի նրան, լռում է,  փորձում  չհուզվել…

ՆՈՐԱԿՈՉԻԿԻ ՆՈՐ ՍԿՍՎՈՂ ՕՐ, ԾՆՈՂԻ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐ ՈՒ ՁԻԳ ԵՐԿՈՒ ՏԱՐԻԱռավոտ վաղ շտապում եմ Էջմիածնի զինկոմիսարիատ: Կարծում եմ՝ դեռ հավաքված չեն լինի՝ շատ շուտ է: Նույնիսկ փորձում եմ դանդաղ քայլել, վայելել զովությունը, քանի արեւը չի սկսել այրել….

Մոտ հարյուր մետր է մնացել, որ հասնեմ: Հոծ բազմություն եմ տեսնում: Արագացնում եմ քայլերս: Հեռվում Սարգիսին եւ նրա ծնողներին եմ տեսնում: Բարեւում եմ, ներս  մտնում…

-Ինչո՞ւ են առավոտ շուտ եկել, դեռ մեկ ժամից ավելի կա, մինչ կսկսեն,- հարցնում եմ սպաներից մեկին:

-Ամեն զորակոչի նույն պատմությունն է, հայի բնավորություն,- ժպտում է:

Նորակոչիկները հերթով ներս են մտնում՝ բուժզննում պիտի անցնեն, կարգն է այդպիսին: Ժուդեքսն է, մեկ երկուսից հետո Վլադիմիրը: Գլխով է անում, ժպտում, մտնում բժշկի մոտ:

Դրսում սպասում էին հուզմունքից իրենց տեղը չգտնող ծնողներ, ընկերներ, հարազատներ, տատիկ-պապիկներ: Նույնիսկ անցորդներ, որոնք հասնում են զինկոմիսարիատի բակ ու չեն հեռանում: Երջանկության եւ անհանգստության արցունքներ, ժպիտներ, հպարտությամբ եւ անկեղծ հուզմունքով լցված մի ուրիշ աշխարհ:

Բուժզննում անցնելուց հետո նորակոչիկները, ծնողներն ու ներկաները ուղեւորվեցին Էջմիածնի քաղաքապետարանին հարակից պուրակ: Նորակոչիկներին հանդիսավոր շնորհավորելու, իրենց սրտի խոսքն ուղղելու եւ տղաներին բարի ծառայություն մաղթելու էին եկել քաղաքային իշխանության ներկայացուցիչները, հոգեւոր սպասավորներ, մտավորականներ, զինվորականներ:

Ներկաները նորակոչիկների հետ ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտի հաղթանակին նվիրված հուշակոթողին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Տեր Արտակ քահանա Սիմոնյանը: Կարեւորելով հայրենիքի պաշտպանությունը, բանակի մարտունակությունն ու  հայ զինվորի դերը՝ հոգեւոր սպասավորը օրհնեց նորակոչիկներին, Աստծու օրհնությամբ  միմյանց  հարգելու եւ սիրելու կոչ արեց:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էլ ընթերցեց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մ.Գրիգորյանի ուղերձը  նորակոչիկներին, որտեղ ներկայացնում  էր հայկական բանակի հերոսական անցյալը, ներկան ու զինվորականի բարդ, երբեմն վտանգավոր, բայց հպարտության արժանի գործը:

Ներկաներին ողջունեց   քաղաքապետ Կ.Գրիգորյանը եւ նվերներ հանձնեց նորակոչիկներին, նրանց անփորձանք ծառայություն մաղթեց:

Ամփոփիչ խոսք ասաց Էջմիածնի զինվորական կոմիսար, գնդապետ Հակոբ Ազատյանը.

– Սիրելի՛  նորակոչիկներ, այսօր դուք համալրելու եք մեր ազգային բանակի շարքերը՝ փոխարինելու  ձեր ավագ եղբայրներին, սովորելու  զինվորական գործը, որը վայել է հայ տղամարդուն: Մաղթում եմ բոլորիդ  առողջություն, բարի ծառայություն: Անվերապահորոն կատարեք  սահմանադրական պարտքը եւ վերադարձեք ձեր հայրական օջախները:

…Շոգ էր: Կարծես ծնողների ջերմությունն էլ էր միանում արեւի տապին: Զգացմունքները հասել էին գագաթնակետին:

Շուրջբոլորը հուզված մարդիկ են, գրկախառնվում են բոլորը: Թվում է՝ ծանոթ-անծանոթ բարեկամ են դարձել: Նորից Սարգիսը՝ աչերում արցունքներ: Նրան շրջապատել են ընկերները: Հուզված են ամենքը: Սարգիսի մայրը՝ Ելենան, կողքիս է: Ոչ մի արցունք, ժպտում է: Բայց ես գիտեմ, թե ինչ կա նրա ժպիտի, նրա հայացքի եւ սրտի խորքում: Ուժեղ կին է, մայր, որը լավ է գիտակցում, որ հուզվելու ժամանակ դեռ կունենա: Պետք է ուրախ ճանապարհի միակ որդուն:

Պահն է եկել, պիտի գնան: Տեղում են բոլորը: Սարգիսը գրկում է մորն ու  հորը, արագ բարձրանում ավտոբուս:

-Վե՛ րջ, բոլորը տեղում են: Լավ է լինելու, չմտածեք,-ասում է զինկոմիսարիատի սպաներից   Արամը:- Գնանք,  բարի ծառայություն տղերքին…

Շարժվեց ավտոբուսը, եւ անիվների շարժմանը համընթաց տիկին Ելենայի սրտում կուտակվածը աչքերում արտահայտվեց.

-Սրանք երջանկության արցունքներ են,-արագ սրբում է աչքերը, ձեռքը ուսիս է դնում, ժպտում,- բարի ծառայություն եւ անփորձանք վերադարձ: Տղա՛ է, պիտի ծառայի…

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #26 (1197) 05.07.2017 – 11.07.2017, Ազգային բանակ


06/07/2017