Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ



ԶՈՐԱԿՈՉԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎԶրույց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գեներալ-մայոր ՀԵՆՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ

-Պարոն գեներալ, շնորհավորում եմ Ձեզ ընթացիկ զորակոչի կապակցությամբ: Մաղթում եմ, որ Ձեր զորակոչած բոլոր զինակոչիկները որքան  վստահ ու հպարտ համալրում են զորամասերը, նույնքան  ամուր ու խանդավառ  վերադառնան տուն: Այս  զորակոչը նախորդներից տարբերվում է  մի շարք նորամուծություններով: Ի՞նչ դրական ազդեցություն կարող ենք ակնկալել այդ բարեփոխումներից:

-Այս զորակոչին զորակոչիկների հանդերձավորումն իրականացվում է հանրապետական հավաքակայանում: Այսինքն` վիճակահանությամբ նախորոշված զորամասեր զորակոչիկները մեկնում են զինվորական համազգեստով, իսկ նրանց քաղաքացիական հագուստը զինվորական կոմիսարիատների միջոցով փոխանցվում է զորակոչիկների ծնողներին: Հատկապես ձմռան ամիսներին անհրաժեշտ է ճիշտ հանդերձավորել ապագա զինվորներին, որ մինչեւ զորամաս հասնելը նրանք չմրսեն ու առողջ, կազմ-պատրաստ ներկայանան իրենց ծառայության վայրեր:

-Հաջորդ նորամուծությունն այն է, որ հանրապետական հավաքակայանում եւ հավաքակայանից զորամասեր մեկնելու ընթացքում ոչ թե ծնողն է սնունդ ապահովում զորակոչիկի համար, այլ բանակը: Այս փոփոխությունը  սոցիալակա՞ն խնդիր է լուծում:

-Զորահավաքակայան մտնելու պահից սկսած՝ մենք ապահովում ենք մեր ապագա զինվորի հագուստն ու սնունդը: Հատկապես սննդի հարցը շատ հրատապ էր, որովհետեւ ամռան շոգին տնից բերած մսեղենը,  կրեմներով թխվածքները եւ շուտ փչացող մյուս ուտելիքները թունավորումների պատճառ էին դառնում: Այսուհետեւ, մենք կխուսափենք նման խնդիրներից:

Հաջորդ նորամուծությունը վերաբերում է վիճակահանության անցկացման կարգին: Պաշտպանության նախարարի հրամանով՝ վիճակահանությամբ է որոշվելու նաեւ ուսումնական զորամասերի համար ընտրված զորակոչիկների ծառայության վայրի նախորոշումը:

-Սա կփակի կամայականության եւս մեկ սողանցք եւ կբարձրացնի արդարության շեմը:

-Նորամուծությունների շարքում կարող եմ նշել նաեւ այն, որ տարածքային զինկոմիսարիատներում եւ հանրապետական հավաքակայանում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ զորակոչիկների ծնողների համար նախատեսված սպասասրահները առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Դրանք նորոգվել եւ կահավորվել են նորովի: Մենք ամեն ինչ անում ենք, որ զորակոչի ընթացքում ե՛ւ զորակոչիկները, ե՛ւ նրանց ծնողները քիչ հոգսեր ու բարձր տրամադրություն ունենան:

-Զինկոմիսարիատի աշխատակիցների հետ զրուցելիս իմացա, որ մի քանի զինկոմիսարիատներում ստեղծվել է, այսպես ասած, տեղեկատվական բազա, որտեղ պահպանվում են զինակոչիկի բոլոր տվյալները՝ ծննդից մինչեւ զորամաս հասնելը: Ի՞նչ նպատակով է սա արվում:

-Հինգ զինկոմիսարիատներում արդեն ներդրվել է այս նորամուծությունը, որի նպատակը անձնակազմի կառավարման միասնական համակարգ ստեղծելն է: Տեղեկատվական բազայում ամրագրվում է զինակոչիկների մասին ամբողջ ինֆորմացիան` սոցիալական, առողջական վիճակը, հակումները, բնավորության առանձնահատկությունները, կրթական ցենզը, այնուհետեւ կլինեն տեղեկություններ զինվորական ծառայության վերաբերյալ՝ մինչեւ պահեստազորից արձակումը:

-Այսինքն` մինչեւ 45 տարեկան:

-Այո՛: Այս տեղեկությունները կօգնեն ե՛ւ զինկոմիսարիատների աշխատակիցներին, ե՛ւ զորամասերի սպայակազմին` զինվորների հետ աշխատելիս եւ պահեստազորի կառավարումը կազմակերպելիս: Մենք մտադիր ենք այս նորամուծությունը աստիճանաբար ներդնել բոլոր զինկոմիսարիատներում:

Սա նաեւ կօգնի զորակոչիկների հաշվառումը ավելի անթերի կազմակերպել: Մենք զորակոչային ռեսուրսի կորուստ ենք ունենում մինչեւ կցագրումը:

-Պարոն գեներալ, չե՞ք կարծում, որ դրամական փոխհատուցման միջոցով զինծառայությունից ապօրինաբար խուսափածներին ներում շնորհելու մասին օրենքի ժամկետները անընդհատ երկարաձգելը որոշ զորակոչիկների համար զորակոչից խուսափելու  պատճառ է դառնում: Օրենքը  պիտի գործեր մինչեւ 2015-ի մայիսը: Բայց, խնդրեմ, նորից առաջարկվել է այդ շեմը հասցնել մինչեւ 2017-ի մայիսը: Դա, ըստ իս, կարող է որոշ մարդկանց  հույս տալ, որ մինչեւ զորակոչային տարիքը լրանալը կխուսափեն արդարադատությունից, հետո կվճարեն համապատասխան գումարը, կստանան զինգրքույկ` առանց զինվորական պարտքը կատարելու:

-Մեդալի մյուս երեսն էլ պետք է նայել: Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց զորակոչային տարիքը՝ 27 տարին, արդեն լրացել է: Ուստի, եթե նրանց չտրվի Ձեր նշած օրենքի ընձեռած հնարավորությունը, ապա նրանք կա՛մ պետք է քրեական հետապնդման ենթարկվեն, կա՛մ ամբողջ կյանքում ոտք չդնեն հայրենիք: Այդուամենայնիվ,  համաձայն եմ, որ օրենքը չպետք է շատ երկար գործի, քանի որ այդ դեպքում կսկսի ավելի շատ վնասել, քան օգուտ տալ:

-Տարիներ առաջ ասում էինք, որ բանակ է գալիս ցուրտ, խավար տարիներին ծնված սերունդը եւ, բնական է, որ զինակոչիկները այնքան էլ պնդակազմ չեն, առողջական խնդիրներ ունեն: Այսօր բանակ են գալիս  90-ականների վերջին ծնված տղաները: Կա՞ն դրական միտումներ՝ զինակոչիկների առողջական, ֆիզիկական տվյալների հետ կապված:

-Կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական միտումներ: Վերջին տարիներին մարզերում բուժսպասարկման որակը բարձրացել է, կառուցվել են նոր կլինիկաներ ու պոլիկլինիկաներ, բուժհիմնարկները համալրվել են ժամանակակից բուժսարքավորումներով, ինչով պայմանավորված՝ զինակոչիկների շրջանում նախկինում հաճախակի հանդիպող մի շարք հիվանդություններ նահանջել-նվազել են: Բայց, ցավոք, աճել է այնպիսի հիվանդությունների քանակը, ինչպիսիք են պարբերական հիվանդությունները, զանազան ալերգիաները եւ հոգեկան հիվանդությունները: Ես այս մասին ասել եմ իմ հրապարակավ հնչեցրած ելույթում:

Ժամանակի հրամայական է, որ բարեփոխվի  ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման դրվածքը դպրոցներում: Ակնհայտ է, որ բարձրացող սերունդը ճիշտ  մարմնակրթություն չի անցնում, եւ դա ուղղակիորեն արտացոլվում է պատանիների առողջության, ֆիզիկական որակների ու կոփվածության վրա:

-Պարոն գեներալ, ինձ մի հարց էլ է հետաքրքրում` ապրիլյան պատերազմը եւ հետագա սահմանային ընդհարումները  ի՞նչ ազդեցություն են ունենում բնակչության հոգեբանության վրա: Արդյոք ավելացե՞լ է զինծառայությունից խուսափողների թիվը, կա՞ լարվածություն զորակոչի ընթացքում:

-Սահմանային շրջաններում հայրենիքի պաշտպանության գաղափարը, սահմանը անառիկ պահելու՝ զինվորների ինքնազոհ ջանքերը խանդավառություն ու հոգեկան վերելք են ծնում: Նկատվում է ավելի  մեծ համախմբում զինակոչիկների շրջանում, ավելի գիտակից մղում դեպի սահմանային ծառայությունը: Երեւանում ու մայրաքաղաքամերձ մարզերում ես փոքր-ինչ լարվածություն եմ նկատում զինակոչիկների ծնողների շրջանում:

-Զինկոմիսարիատի աշխատակիցների հետ զրուցելիս տեղեկացա, որ բնակչության մեջ տեղեկատվական-բացատրական աշխատանք է կատարվում՝ կապված պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի հետ: Եկեք սկզբից խոսենք «Պատիվ ունեմ» ծրագրի մասին:

-«Պատիվ ունեմ» ծրագիրը հնարավորություն է տալիս զինակոչիկին քաղաքացիական բարձրագույն կրթությանը զուգահեռ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնագիտանալով` 3 տարի ծառայել առաջնագծում՝ որպես դասակի, ապա հնարավոր է նաեւ վաշտի հրամանատար: Այնուհետեւ սեփական ընտրությամբ` կա՛մ շարունակել զինծառայությունը, կա՛մ համալրել պահեստազորը:

-Ժողովուրդն ինչպե՞ս է արձագանքում այս նախաձեռնությանը: Կա՞ հետաքրքրություն դեպի զինվորական գործը, առաջնագծի պաշտպանությունը:

-Նախ՝ ծրագրի անվանումը որոշակիորեն խոսում է դրա բարոյական շեշտադրումների մասին: Սպայական կոչում ստանալը եւ բանակի կրտսեր օղակի հրամանատար լինելը պատիվ է յուրաքանչյուր հայ սպայի համար, եւ պատանիներին բացառիկ հնարավորություն է տրված  այդ պատվի, այսպես ասած, կրողը լինելու: Ծառայելու ոչ թե որպես զինվոր, այլ՝ որպես սպա:

-Ի լրումն դրա, զինծառայողներին աշխատավարձ ստանալու հնարավորություն է տրվում, ինչը սոցիալական բազում խնդիրներ կարող է լուծել: Տղաներ կան, որոնք, եթե չասենք ընտանիքի միակ կերակրողն են, ապա կերակրողներից մեկն են:

-Բացի դրանից, քաղաքացիական բուհեր ավարտած քաղաքացիները ունենում  են երկրորդ մասնագիտությունը: Այսօր զինկոմիսարիատներն արդեն դիմումներ են ստանում պատանիներից` սպայական դասընթացներին մասնակցելու եւ պարտադիր ժամկետային զինծառայությունը որպես կրտսեր հրամանատար առաջնագծում իրականացնելու խնդրանքով: Ժողովրդի արձագանքը դրական է միանշանակ:

-Պարոն գեներալ, պաշտպանության նախարարը բաց տեքստով ասաց, որ ուսման պատճառով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման ինստիտուտը թերի է, ունի սողանցքներ, խախտվում է սոցիալական արդարության գործոնը: Օրինակ՝ կա մի շատ  էական հակասություն. նրանք, ովքեր բարձր գնահատականներ են ստացել ընդունելության քննությունների ժամանակ, ուսումը շարունակում են անընդհատության սկզբունքով, իսկ նրանք, ովքեր ավելի ցածր միավորներ են հավաքել, ընդհատում են ուսումը եւ զորակոչվում: Ո՞րն է տրամաբանությունը: Եթե ուսումն ընդհատելը ազդում է ուսումնառության որակի վրա, ապա այդ առումով ավելի խոցելի է մտավոր ցածր կարողություններ ունեցող, ընդունելության քննությունների ժամանակ քիչ միավորներ հավաքած ուսանողը:

-Ես միշտ էլ առիթի դեպքում արտահայտել եմ իմ տեսակետը` ես դեմ եմ ուսման նպատակով տրվող տարկետումներին: Իմ կարծիքով` 18 տարին լրացած, զորակոչին պիտանի բոլոր պատանիները պետք է համալրեն բանակը: Ուսումը կշարունակեն զորացրվելուց հետո:

-Եվ միաժամանակ բուհերը կազատվեն միմիայն բանակից տարկետում ստանալու նպատակով բարձրագույն կրթօջախներ  ընդունված պատանիներից: Եվ մեր գիտական միտքը «կթեթեւանա» դասալքությունը «օրինականացնելու» համար «գիտնական» դարձած գիտությունների թեկնածուներից: Անվճար կրթության իրավունքից կօգտվեն իսկապես արժանավորները:

-Ավելացնեմ, որ զինվորական պարտքը առաջնային դարձնելը իր հերթին կամրապնդի հայրենիքի պաշտպանության գաղափարի գերակայությունը: Մեր երկրում, մեր հասարակության մեջ:

-Ես ոգեւորված եմ «Ես եմ» ծրագրով: Շատ խոր ու բովանդակալից է հենց ծրագրի անվանումը: Ո՞վ է «ես»-ը:

-Այն զորակոչիկն է, որը ցանկություն է հայտնում  մեկնելու առաջնագիծ եւ 3 տարի պաշտպանելու հայրենիքի սահմանը: Նա կամավորական է:

-Այո՛, սա կամավորականության գաղափարի, գիտակցված հայրենասիրությամբ «ես»-ի շեշտադրումն է:

-Բայց հոգեբանական խթանների հետ չի մոռացվել նաեւ սոցիալական գործոնը: Առաջնագիծ կամավոր ժամկետային զինծառայության մեկնած զինակոչիկները ստանալու են աշխատավարձ: Նրանց ամսվա ընթացքում  արձակուրդ է տրվելու:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին 2017-ի ամառային զորակոչի կապակցությամբ: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել այն ծնողներին, որոնց զավակները համալրում են բանակը եւ իրենց հայրենասիրությամբ, խիզախությամբ, ոգով երաշխավորում են մեր երկրի սահմանների պաշտպանվածությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը:

-Պարոն գեներալ, շնորհակալ եմ հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար: Բարի զորակոչ բոլորիս:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #26 (1197) 05.07.2017 – 11.07.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/07/2017