ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
2017 թ. հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվեց ՉԺՀ պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը՝ Չինաստանի ազգային պաշտպանության համալսարանի պրոֆեսոր, Պաշտպանական հետազոտությունների դպրոցի նախկին պետ, գեներալ-մայոր Ճան Ինլիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Չինաստանի ազգային պաշտպանության, ռազմական բարեփոխման և արդիականացման, միջազգային ռազմական համագործակցության ոլորտների մասնագետ բարձրաստիճան զինվորականներ: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուան և ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչները:
Հյուրերին ընդունեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:
Հանդիպմանը գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը ներկայացրեց ՊԱՀՀ-ի գործունեությունն ու զարգացման հեռանկարները: Խոսելով ռազմավարական հետազոտությունների ոլորտում հայ-չինական համագործակցության մասին՝ նա անդրադարձավ ՊԱՀՀ-ի և Չինաստանի նմանատիպ հաստատությունների միջև համագործակցության հաստատմանն ուղղված քայլերին, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության հուշագրին, ՊԱՀՀ-ի և Սիանի Ժամանակակից միջազգային հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման շուրջ պայմանավորվածությանը:
Ծավալվեց մասնագիտական քննարկում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք թեմաների շուրջ:
Քննարկման հայ մասնակիցները բարձր գնահատեցին ռազմարդյունաբերական ոլորտում չինական փորձը և ներկայացրեցին այս ոլորտի զարգացման հայկական տեսլականը:
Հյուրերը բարձր գնահատեցին գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջանի գլխավորությամբ՝ ՊԱՀՀ-ում իրականացվող հետազոտական ծրագրերը, հատկապես՝ կարևորելով դրանցում ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանների ներգրավումը:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան