Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ…



ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ...«Հայ զինվորի» 25-րդ համարում հրապարակել էինք ամերիկացի գրող, մարդկային փոխհարաբերությունների վերաբերյալ ամբողջ աշխարհում հայտնի գրքի հեղինակ Դեյլ Քարնեգիի 10 կանոնները: Այս համարից շարունակաբար կներկայացնենք նրա հանրահայտ` «Ինչպես ձեռք բերել բարեկամներ եւ ազդեցություն ունենալ նրանց վրա» գրքից հատվածներ, որտեղ գրողը, ելնելով պատմական հայտնի իրադարձություններից, նշանավոր մարդկանց կյանքի դրվագներից եւ իր կենսափորձից, մանրամասնորեն հիմնավորել է նշյալ կանոնները:

 

ԿԱՆՈՆ 1. Հրաժարվե՛ք քննադատությունից

«Եթե ցանկանում ես մեղր քամել, մի՛ շրջիր փեթակը»

Քննադատությունն անօգուտ է, որովհետև այն ստիպում է մարդուն պաշտպանվել, և, որպես կանոն, փորձել արդարանալ։ Քննադատությունը վտանգավոր է, որովհետև հարված է հասցնում մարդու գոռոզությանը, տրորում արժանապատվությունը և վիրավորանք է առաջացնում։

Գերմանական բանակում զինվորին չի թույլատրվում բողոքել և քննադատել որևէ մեկին` այս կամ այն դեպքից անմիջապես հետո։ Նախ՝ նա պետք է քունն առնի և հանդարտվի։ Եթե բողոքում է անմիջապես` նրան պատժում են։ Աստված վկա, անհրաժեշտ է, որ նման օրենքներ գործեն նաև քաղաքացիական կյանքում. օրենք` միշտ դժգոհ ծնողների, կռվազան կանանց, բծախնդիր գործատերերի և բոլոր անտանելի քննադատների համար։

Պատմական աշխատությունների հազարավոր էջերում դուք կարող եք քննադատության անօգտակարության բազմաթիվ օրինակներ գտնել։ Վերցրեք, օրինակ, Թեոդոր Ռուզվելտի և պրեզիդենտ Թաֆտի հայտի վեճը, որ պառակտեց հանրապետական կուսակցությունը, Վուդրո Վիլսոնին բերեց Սպիտակ տուն, այդքան զարմանալի կերպով ազդեց համաշխարհային պատերազմի վրա և փոխեց պատմության ընթացքը։ Համառոտակի աչքի անցկացնենք այդ գործի փաստական կողմը։ Երբ 1908 թվականին Թեոդոր Ռուզվելտը լքեց Սպիտակ տունը, Թաֆտին դարձրեց պրեզիդենտ, իսկ հետո մեկնեց Աֆրիկա` առյուծներ որսալու։ Վերադառնալով՝ նա բուռն գործունեություն ծավալեց. դատապարտեց Թաֆտին պահպանողականության համար, փորձեց հասնել իր առաջադրմանը` որպես պրեզիդենտ երրորդ ժամկետով, հիմնեց «Որմզդեղնի կուսակցությունը» և քիչ մնաց տապալեր հանրապետական կուսակցությունը։ Հաջորդ ընտրություններում Ուիլյամ Թաֆտը և հանրապետական կուսակցությունն ստացան միևնույն երկու նահանգների` Վերմոնտի և Յուտայի աջակցությունը։ Այդ հին կուսակցությունը դեռևս երբեք նման կործանարար պարտություն չէր կրել։

Թեոդոր Ռուզվելտը ամեն ինչում մեղադրում էր Թաֆտին, բայց արդյոք պրեզիդենտն իրեն մեղավո՞ր էր համարում։ Իհարկե, ո՛չ։ Արցունքն աչքերին, նա ասաց. «Չեմ հասկանում, թե ինչպես կարող էի այլ կերպ վարվել»։

Ո՞վ էր մեղավոր։ Ռուզվե՞լտը, թե՞ Թաֆտը։ Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, և դա ինձ չի հետաքրքրում։ Հիմնականը, որ ուզում եմ ապացուցել, այն է, որ Թեոդոր Ռուզվելտի բոլոր քննադատական դիտողությունները չհամոզեցին Թաֆտին իր անիրավացիության մեջ։ Դրանք միայն ստիպեցին նրան ձգտել արդարանալ և նորից ու նորից արցունքն աչքերին կրկնել. «Չեմ հասկանում, թե ինչպես կարող էի այլ կերպ վարվել»։

Մարդկային բնավորությանը հատուկ է մեղադրել ցանկացած մարդու, միայն ոչ իրեն։ Բոլորս ենք այդպիսին։ Եկեք մտածենք, որ քննադատությունը նման է փոստային աղավնու, որը միշտ տուն է վերադառնում։ Մտածենք, որ մարդը, որին պատրաստվում ենք մեղադրել և դատապարտել, հավանաբար, կարդարանա և կպատասխանի նրանով, որ իր հերթին կդատապարտի մեզ կամ մեղմաբարո Թաֆտի նման կասի. «Չեմ հասկանում, թե ինչպես կարող էի այլ կերպ վարվել»։

1865 թվականի ապրիլի 15-ի առավոտյան Աբրահամ Լինկոլնը հոգին էր ավանդում մի խղճուկ սենյակում, որ գտնվում էր հենց Ֆորդ թատրոնի դիմաց, որտեղ էլ Բութը կրակել էր նրա վրա։ Լինկոլնը անկյունագծով էր պառկած մահճակալին, որը նրա համար չափազանց կարճ էր։ Մահճակալի վերևում կախված էր Ռոզա Բոների հայտնի «Ձիերի տոնավաճառ» կտավի էժանագին վերատպությունը, իսկ խղճուկ գազալամպը թարթում էր դեղին լույսով։

Մեռնող Լինկոլնի մահճի մոտ կանգնած ռազմական նախարար Ստենթընն ասաց. «Այստեղ պառկած է ամենաանբասիր կառավարիչը, որպիսին երբևիցե ճանաչել է աշխարհը»։ Ո՞րն էր Լինկոլնի հաջողության գաղտնիքը մարդկային փոխհարաբերություններում։ Տասը տարի շարունակ ես ուսումնասիրել եմ Աբրահամ Լինկոլնի կյանքը և ամբողջ երեք տարի նվիրել եմ «Անհայտ Լինկոլնը» վերնագրով գիրքը գրելուն։ Հատուկ ուսումնասիրել եմ այն մեթոդները, որոնցից օգտվում էր Լինկոլնը մարդկանց հետ շփվելիս։ Թույլ տալի՞ս էր իրեն, արդյոք, քննադատել ուրիշներին։ Օ՜, այո՛։ Երբ երիտասարդ էր և ապրոմ էր Ինդիանա նահանգի Պիջըն Քրիք հովտում, ոչ միայն քննադատական դիտողություններ էր անում շրջապատողներին, այլ նաև գրում էր ծաղրական նամակներ և բանաստեղծություններ, որոնք գցում էր գյուղական ճանապարհներին, որտեղից, հավանաբար, կվերցնեին դրանք ու կկարդային։ Այդ նամակներից մեկն այնքան վիրավորական էր, որ հասցեատերը չմոռացավ ողջ կյանքի ընթացքում։

Նույնիսկ այն բանից հետո, երբ Լինկոլնը Սփրինգֆիլդում` Իլինոյս նահանգում փաստաբան դարձավ, թերթերում հրապարակվող նամակներով բացահայտ հարձակվում էր իր հակառակորդների վրա: Բայց մի անգամ նա չափն անցավ։

1842 թվականի աշնանը «Սփրինգֆիլդ ջորնել» թերթում տպագրված անստորագիր նամակում նա սաստիկ ծաղրի ենթարկեց փառասեր, հարձակողական տրամադրված Ջեմս Շիլդս անունով մի իռլանդացի քաղաքական գործչի։ Ամբողջ քաղաքը հռհռում էր։ Վիրավորված ու հպարտ Շիլդսը զայրույթից եռում էր։ Նա պարզեց, թե ով է գրել այդ նամակը, ցատկեց ձիուն, գնաց Լինկոլնի մոտ և նրան մենամարտի հրավիրեց։ Լինկոլնը կռվել չէր ուզում, որովհետև դեմ էր մենամարտին, սակայն տվյալ պահին չէր կարող խուսափել մարտահրավերից` առանց իր պատիվը վնասելու։ Նա պետք է զենք ընտրեր։ Քանի որ նրա ձեռքերը շատ երկար էին, ընտրեց հեծելազորայինի թրադաշույն և այդ զենքը գործածելու մի քանի դասեր ստացավ Ուեստփոյնթցի մի շրջանավարտից։ Նշանակված օրը Շիլդսը և նա հանդիպեցին Միսիսիպիի առափնյա ծանծաղուտում և պատրաստվեցին կենաց ու մահու կռվի։ Սակայն վերջին րոպեին գործին խառնվեցին նրանց մարտավկաները, և մենամարտն ընդհատվեց:

շարունակելի

Խորագիր՝ #27 (1198) 12.07.2017 - 18.07.2017, Հոգևոր-մշակութային


12/07/2017