Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐ 20-ԱՄՅԱԿԴ, 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ



ՇՆՈՐՀԱՎՈՐ 20-ԱՄՅԱԿԴ, 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԶորամիավորման ստեղծման տարեգրությունն սկսվել է դեռեւս 1989-90 թվականներին, երբ Արցախյան շարժմանը զուգընթաց, Ադրբեջանական ԽՍՀ-ից սպառնացող ռազմական վտանգը դիմագրավելու համար Հայաստանի հարավարեւմտյան սահմանները պաշտպանելու նպատակով ստեղծվեցին կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք 1990թ. սեպտեմբերի 20-ին կազմավորվեցին որպես առանձին վաշտեր եւ ընդգրկվեցին ՀԽՍՀ ՆԳ նախարարությանն առընթեր կազմավորված հատուկ գնդի կազմում:

1990-1994թթ. Հայաստանի հարավարեւմտյան սահմանները պաշտպանող զորամասերի զինծառայողները մասնակցել են սահմանային հատվածների պաշտպանության համար մղվող  մարտական գործողություններին` ամենուրեք ցուցաբերելով արիություն եւ սխրանք:  Զորամիավորումը կազմավորվել է 1997թ. հուլիսի 4-ին: Այս քսան երկար ու ձիգ տարիներին հասցրել է մեծ ձեռքբերումներ գրանցել: 2002թ. հունվարի 23-ին 4-րդ զորամիավորմանը հանձնվել է «Մարտական դրոշ», 2009թ. հունվարի 9-ին՝ 2008թ. տարվա մարտական պատրաստության, զորքերի ծառայության եւ զինվորական կարգապահության բարձր արդյունքներից ելնելով, պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժերի լավագույն զորամիավորում» պատվո դրոշով եւ «ՀՀ ՊՆ կոլեգիայի» փոխանցիկ դրոշով: 2009թ. զորամիավորումը կրկին ճանաչվել է լավագույն զորամիավորում, պարգեւատրվել է «ՀՀ ԶՈւ լավագույն զորամիավորում» պատվո դրոշով եւ «ՀՀ ՊՆ կոլեգիայի» փոխանցիկ դրոշով: 2014թ. հուլիսին զորամիավորման հրամանատարին է հանձնվել նաեւ զորամիավորման շտանդարտը՝ ռազմադրոշը:

4-րդ զորամիավորման առաջին հրամանատարն է եղել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, այդուհետ՝ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, գեներալ-մայոր Կամո Քոչունցը,  գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Զորամիավորման ներկայիս հրամանատարն է  գնդապետ Վալերի Քոչարյանը:

♦♦♦

ՇՆՈՐՀԱՎՈՐ 20-ԱՄՅԱԿԴ, 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՀուլիսի 8-ին Վայոց ձորի մարզկենտրոնում՝ Եղեգնաձորում, հանդիսավորությամբ նշվեց  4-րդ զորամիավորման  կազմավորման  20-րդ տարեդարձը:

Զորահանդեսին ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, 4-րդ  զորամիավորման նախկին հրամանատարներ` Արշալույս Փայտյանը, Անդրանիկ Մակարյանը, բարձրաստիճան զինվորականներ,  մարզային իշխանության ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմի վետերաններ, երկրապահներ:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց զորամիավորման անցած ուղին, ձեռքբերումներն ու նվաճումները, նշեց, որ անձնակազմը մեծ պատասխանատվությամբ է իրականացնում հայրենի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը եւ վստահեցրեց, որ զորամիավորումը պատվով կկատարի իր զինվորական պարտքը ու մարտական պատրաստության առավել  բարձր ցուցանիշներ կարձանագրի. «Այսօր պետք է ավելի ուժեղ լինենք, քան եղել ենք, սա է մեր առջեւ դրված հրատապ խնդիրը»:

Զորամիավորման անձնակազմին տարածաշրջանի բնակչության անունից շնորհավորանքի խոսք ասաց  Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը. «Մենք՝ վայոցձորցիներս, հանգիստ ենք եւ խաղաղ, որեւէ խնդիր չունենք, որովհետեւ 4-րդ զորամիավորման հզորությունը եւ ամրությունը մշտապես տեսնում ենք»,- շեշտեց նա:

Ներկաներին շնորհավորեց նաեւ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը. «Հայաստանի հարավարեւմտյան սահմանները պաշտպանող զորամասերի հենքի վրա ստեղծվելով՝ անցած երկու տասնամյակների ընթացքում փառավոր ուղի է անցել, բազմիցս ճանաչվել զինված ուժերի լավագույն զորամիավորում, դառնալով հայկական բանակի ամենամարտունակ զորամիավորումներից մեկը: Վստահ եմ, որ առաջիկայում եւս զորամիավորման անձնակազմը գնդապետ Վալերի  Քոչարյանի ղեկավարությամբ կունենա նոր ձեռքբերումներ…»:

♦♦♦

ՇՆՈՐՀԱՎՈՐ 20-ԱՄՅԱԿԴ, 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ…Հանդիսավոր երթով, ձիգ ու խրոխտ կեցվածքով անցնում էին զորամիավորման ստորաբաժանումները, եւ հաղորդավարը  ներկայացնում էր յուրաքանչյուր ստորաբաժանման անցած ուղին, հրամանատարներին:

Զորահանդեսին հետեւող մարդկանց հայացքներում անսահման հպարտություն էր, աննկարագրելի  ոգեւորություն:  Տոնական տրամադրությունն ամենուր էր…

Զորամիավորման հատուկ նշանակության ջոկատի անձնակազմը կատարում  էր ցուցադրական վարժություններ: Տղաների ճկունությունն ու ճարպկությունը հիացրել էր ներկաներին:

Փոխգնդապետ Ա. Մանուչարյան. զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ: -Արդիական սպառազինությամբ  ենք զինված, թող մեր քաղաքացիները տեսնեն ժամանակակից տեխնիկան, մեր զինվորների պատրաստվածությունը  եւ իրենց առավել պաշտպանված զգան»:

Մայոր Հ. Մակարյան. գնդի ինժեներական ծառայության պետ. -«Երկար տարիներ ծառայում եմ, մասնակցել եմ սահմանային կռիվներին եւ հիմա՝ որպես հաղթանակած բանակի սպա,  չեմ կարող  չխոստովանել՝ հզոր ենք, հզոր…»:

Ս. Աբգարյան. գումարտակի հրամանատարի տեղակալ. -«Վստահեցնում եմ հարյուր տոկոսով, որ մեր զինված ուժերը ունակ են ոչ միայն հակառակորդի ցանկացած ոտնձգություն կանխելու, հետ շպրտելու,  այլ արժանի հարված տալու»:

-Հպարտությունս անսահման  է, – վաշտի հրամանատար,  կապիտան Զ. Հովսեփյանն է,- 22-23 տարի է` ծառայում եմ, հպարտությանս հուզմունք էլ  է խառնված, հիշում եմ մեր անցած ճանապարհը, հիշում եմ մեր  զոհված ընկերներին, նրանց թափած արյունը մեզ պարտավորեցնում է է՛լ ավելի ուժեղ լինել…

♦♦♦

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ պարգեւատրման արարողություն: Մի շարք զինծառայողներ մարտական բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության  համար  պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով: Միջոցառմանը իր անզուգակական կատարումներով առանձնակի հմայք հաղորդեց  «Զորական» համույթը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #27 (1198) 12.07.2017 - 18.07.2017, Ազգային բանակ


12/07/2017