ՍԻՐԻԱՅԻՑ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ
Սիրիահայ Գեւորգ եւ Մեսրոպ Կազանջյանները որոշեցին կամավոր զորակոչվել պաշտպանության բանակ: Առաջինը Գեւորգը զինվորագրվեց, մեկ տարի անց համազգեստ հագավ Մեսրոպը: Հայերեն ոչ մի բառ չգիտեին, բայց զինակից ընկերների օգնությամբ երդման տեքստն անգիր սովորեցին եւ ուխտեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Հիմա մի երազանք ունեն՝ իրենց մեծ ընտանիքով հաստատվել Հայաստանում:
–Բարեւ, տղանե՛ր, «Հայ զինվոր» թերթից եմ: Զրուցե՞նք:
–Բարեւ: Մենք հայերեն վատ կը խոսինք: Բայց ի՞նչ պիտ պատմենք,-մի քիչ կարմրելով՝ ինձ է դիմում Գեւորգը:
–Դե, Սիրիայից եկել, Արցախի առաջնագիծը պահող զորամաս եք հասել: Ինչո՞ւ,-հարցնում եմ ժպտերես:
–Ինչո՞վ ենք պակաս ուրիշներից, ինչո՞ւ չգայինք,-Գեւորգն ուղիղ աչքերիս է նայում:-Ասի` պիտի գնամ հայրենիքս պահեմ: Ռաքքայում ենք ծնվել, մեծացել: Ո՛չ հայի քաղաքացիություն ունեինք, ո՛չ էլ կացության իրավունք: Լիբանանում Հայաստանի դեսպանություն (երրորդ անգամից է արտաբերում) դիմում–միմում արեցի: Թուղթ տվեցին, «սամալյոտ» բարձրացանք: Հայրս էր, ես էի, փոքր ախպերս էր՝ Մեսրոպը:
–Առաջի՞ն անգամ էիք հայրենիքում:
–Շատ շիտակ եք,-պատասխանում է՝ աշխուժանալով:-Բոլորը հայերեն էին խոսում ու մի քիչ ալ մեզ էին նման: Անսովոր էր:
–Երեւանը շատ սիրեցինք. որ կողմ նայիս՝ հայ է,-վրա է բերում կրտսեր Կազանջյանը՝ Մեսրոպը:-Գործ–մործ թե պապան ունենա՝ ծառայությունից հետո բոլորով մայրաքաղաքում կապրինք:
–Փորձո՞ւմ է աշխատանք գտնել,-հետաքրքրվում եմ:
–Չի ստացվում,- Մեսրոպը նեղսրտում է.- կրպակ ունի, օգուտ չի բերում:
–Ճիշտ արինք, ճիշտ արինք, որ եկանք,- ընդհատում է Գեւորգը կարծր ու համոզիչ տոնով,-թե չզորակոչվեինք, ընդմիշտ տուրիստ պիտ մնայինք:
–Բան չասի,- հանգիստ խոսում է Մեսրոպը,- Հայրենիքը հո՞ միայն հանգստանալու համար չէ:
Հանկարծ հասկանում եմ, որ տղաները լրջացել–մտահոգվել են: Փոխում եմ զրույցի թեման:
–Լա՛վ, դուք ինձ ասեք՝ այսպիսի՞ն էիք պատկերացնում բանակային կյանքը:
–Ամեն բան կարագի պես փափուկ է,-Գեւորգը ծիծաղում է:-Հրետանային դիվիզիոնում եմ: Դժվարություն չկա: Ապրիլն էր շիկացած: Տղամարդկությունդ պիտի հերիքեր, որ հողը «չբաժանեիր»: Չորս ամսվա ծառայող էի, հայերեն գրեթե չգիտեի: Բայց էդ ժամանակ էր, որ զինվոր դարձա:
Ավտոբուսում՝ զորամասի ճանապարհին Մկրտչյան Արթուրի հետ ծանոթացա,-շարունակում է Գեւորգը: –Անգլերեն էր խոսում. ընկերացանք: Դարձավ դասատու–թարգմանիչս: Ամբողջ օրը միասին էինք, ոնց որ՝ թելն ու ասեղը: Գնում էինք ճաշարան, «չայնի» էինք նստում: Արթուրը հերոսների մասին էր պատմում: Ասում էր՝ գիտե՞ս՝ Մոնթեն ով է: Գլուխս կախում էի: Բա՞ Պետոն: Էլի էի կախում: Նրանց հերոսությունների մասին էր պատմում: Մարմնիս «բշտիկներ» էին ելնում: Ինքս ինձ ասի՝ Գեւորգ տղա, դու էլ երդում պիտի ընես Արցախի հաղթանակի համար:
–Եվ արարողության ժամանակ երդման տողերն անգիր արտասանեց,-թեթեւ ժպտում է Մեսրոպը:-Ես էլ կարդալ չգիտեմ, բայց խոստացած եմ՝ զորամասում կսովորեմ:
–Մեսրո՛պ, դու էլ դժվարություններից չես խոսում, հավատա՞մ:
–Ուզում էի Գեւորգի հետ զորակոչվիլ, արգելեցին: Էն ժամանակ տասնյոթս նոր էր լրացել: Երեւանում մի տարի սպասեցի: Հինգ ամիս առաջ էր, երբ մեկ էլ հերթն ինձ հասավ: Գեւորգը դիմավորեց: Ասաց՝ պիտի ամեն օր վազես, ֆիզո–միզո անես: Ասացի՝ ուժս տեղն է, աչքս չես վախեցնի: Տուռնիկ էլ կձգեմ, աջ էլ կդառնամ, ձախ էլ կպտտվեմ: Վաղը քննության եմ: Սպասեք քիչ մը՝ հրետանավոր կդառնամ:
–Վստահ եմ` ձեր ծնողները ձեզնով հպարտանում են,-հրաժեշտից առաջ ասում եմ տղաներին:
–Պապան չորս–հինգ անգամ եկավ մեզ տեսնելու, մի ուրիշ ձեւով էր գրկախառնվում,-պատասխանում է Գեւորգը կարճ դադարից հետո:
–Սաքոն ու Պողոսը՝ մեր ավագ եղբայրները, որ Սիրիայի մեջ ծառայած են, շատ կը սրտնեղեն,-անկեղծանում է Մեսրոպը:-Կասեն՝ մեզնից մի քանի գլուխ բարձրացել եք:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #27 (1198) 12.07.2017 - 18.07.2017, Ազգային բանակ