ՄԵԶ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՈՒՅՍԵՐԸ ԿԱՐԴԱՐԱՑՆԵՆՔ
Հայկական անկախ պետականության ժամանակաշրջանում ծանրամարտը թերեւս այն քիչ մարզաձեւերից (շախմատ, ըմբշամարտ) մեկն է, որի ներկայացուցիչները շարունակում են ակնառու հաջողություններ ունենալ միջազգային ամենատարբեր հեղինակավոր մրցաշարերում։ Հայկական ծանրամարտի դպրոցի փառքի ավանդույթները այսօր էլ պատվով են պաշտպանում մեր ծանրորդները, իսկ նրանցից երկուսը՝ Նազիկ Ավդալյանը (2009թ.) եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանը (2010թ.) դարձան անկախ Հայաստանի ծանրամարտի աշխարհի առաջին հայ չեմպիոնները։ Այս օրերին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների անդամները իրենց անձնական մարզիչների գլխավորությամբ ներգրավված են տքնաջան մարզումներում, իսկ օգոստոսին մեկնարկելու են հավաքները, որին հավաքականները մասնակցելու են մարտական կազմերով։ Առջեւում՝ նոյեմբեր ամսին Փարիզում մեկնարկելիք ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունն է՝ վերջին լուրջ քննությունը 2012թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ։
Օրերս այցելեցինք Քասախի Սարմեն Եսայանի անվան մանկապատանեկան մարզադպրոց, հանդիպեցինք ու զրուցեցինք այդ դպրոցի սաներ, ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Էլեն Գրիգորյանի հետ։ Նրանք երկուսն էլ ծնունդով Քասախից են եւ գրեթե միշտ մարզվում են միասին՝ մարզիչ Արման Ղազարյանի գլխավորությամբ։ Հռիփսիմեի եւ Էլենի մարզումները թեւակոխել են վճռական փուլ. մարզվում են ողջ ծանրաբեռնվածությամբ, օրական երկու անգամ, 1,5-2 ժամ։
Օգոստոսի 1-ին ծանրամարտի կանանց հավաքականը իր մարտական կազմով մեկնելու է ուսումնամարզական հավաքի Ծաղկաձոր։ Հավաքին մասնակցող տասը լավագույն ծանրորդուհիներից միայն չորսին է բախտ վիճակվելու նոյեմբերին Փարիզում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը ներկայացնելու Հայաստանը։
Ստորեւ ներկայացնում ենք մեր աշխատակցի զրույցը Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Էլեն Գրիգորյանի հետ։
-Այս հարցը, որով ուզում եմ սկսել մեր զրույցը, երեւի թե ձեզ շատ են տվել, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ ինչպե՞ս հայտնվեցիք ծանրամարտի աշխարհում։
Հ.Խ . -Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 11 տարեկանում։ Ամեն անգամ մեր տանից հորեղբորս տուն գնալիս անցնում էի մարզադպրոցի կողքով եւ միշտ լսում երկաթների տարօրինակ զնգոց, աղմուկ։ Ինչքան էլ վախենում էի մարզադպրոցի պատուհաններից դուրս հորդող այդ ձայներից, միեւնույն է, էլի նույն ճանապարհով էի անցնում ու դառնում։ Մի օր էլ որոշեցի բոլորից ծածուկ գնալ տեսնել, թե ինչ է կատարվում այդ շինության պատերի ներսում։ Հուշիկ քայլերով մոտեցա դռանը, ու մեկ էլ դուռը անսպասելի բացվեց, եւ դռների մեջ հայտնված տղամարդը, որ հետագայում դարձավ իմ առաջին մարզիչը, զարմացած նայեց ինձ, ապա հարցրեց. «Սիրուն աղջիկ, արդյոք կուզե՞ս սպորտով զբաղվել»։ «Ի՞նչ սպորտով»,- զարմացած հակադարձեցի ես։ «Շտանգայով»,- ասաց նա։ «Ի՞նչ»,- կրկին զարմացած հարցրի ես։ «Ինչպես թե, դու չգիտե՞ս ի՞նչ է ծանրամարտը»։ Եվ ձեռքս բռնած ինձ ուղեկցեց դահլիճ, որտեղ մարզվում էին ամենատարբեր տարիքային խմբի երեխաներ։ Զարմացած հայացքով ու պլշած աչքերով հետեւում էի նրանց շարժումներին, ձեռքերից վայր ընկնող երկաթե սկավառակներին։
Այսպես կայացավ իմ առաջին ծանոթությունը ծանրամարտի հետ։ Սկսեցի կանոնավոր հաճախել պարապմունքներին։ Հաճախում էի սիրով ու նվիրումով։ Հարազատներս երբ իմացան, չընդդիմացան։ Մեր ազգի տղամարդիկ մշտապես զբաղվել են սպորտով, գլխավորապես ըմբշամարտով։ Ճիշտ է, ակնառու նվաճումներ չեն ունեցել, սակայն ֆիզկուլտուրան ու սպորտը նրանց առօրյայի անքակտելի մասն են եղել։
Է. Գ. -Ինձ ծանրամարտի աշխարհ բերեց՝ Հռիփսիմեն։ Մենք նույն շենքում ենք ապրում եւ մտերիմ ընկերուհիներ ենք։ Մի օր Հռիփսիմեն հորդորեց, որ իր հետ գնամ մարզադպրոց, տեսնեմ, թե ինքն ինչպես է մարզվում։ Որ շատ համոզեց, գնացի, եւ որ շատ զարմանալի էր, գայթակղվեցի այդ մեծ ու փոքր ձողերով, կշռաքարերի նմանվող երկաթներով։ Կես տարի տանեցիներս չեն իմացել, որ ես ծանրամարտով եմ զբաղվում։ Պատահականորեն հեռուստատեսությամբ տեսնում են ինձ ու զարմանքից քար կտրում։ Բայց մերոնք ինձ հասկացան եւ խոչընդոտներ չառաջացրին հետագա մարզումներիս համար։
-Ապրիլին Կազանում կայացած Եվրոպայի առաջնությունից երկուսդ էլ տուն վերադարձաք պատվավոր երկրորդ մրցանակով։ Հռիփսիմե՛, նոյեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունում քո գլխավոր մրցակիցը Ռուսաստանի հավաքականի ծագող աստղ Տատյանա Կաշիրինան է, որ քեզանից ծանր է կշռում մի ամբողջ 12 կգ, ինչը, կարծում եմ, ծանրամարտում էական դեր կարող է խաղալ մարզիկի ցույց տված արդյունքի հարցում։ Սեփական քաշը բարձրացնելու անհրաժեշտություն արդյոք չո՞ւնես, եւ երկրորդ` ի՞նչ սպասելիքներ կան տարվա այդ կարեւոր ստուգատեսից։
Հ. Խ. -Ես քաշի հետ կապված խնդիր ունեմ։ Այս պահին քաշս ավելացրել եմ 3 կգ-ով, պետք է փորձեմ 2-ից 3 կգ ավելացնել, որպեսզի կարողանամ ավելի ծանր կիլոգրամներ բարձրացնել։ Մի խոսքով, Փարիզում ես պայքարելու եմ միմիայն մեդալի համար։
Է. Գ. -Ֆեդերացիայի ղեկավարությունը եւ հավաքականի մարզիչները Հռիփսիմեից մեծ ակնկալիքներ ունեն (երկուսով ծիծաղում են)։
Հ. Խ. -Ժամանակից, իրադարձություններից առաջ չեմ ուզում ընկնել, բայց ամեն ինչ անելու եմ, որ աշխարհի առաջնությունից տուն վերադառնամ եթե ոչ առաջին, ապա երկրորդ մրցանակով։ Մեր անձնական մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արման Ղազարյանը վստահ է, որ ե՛ւ աշխարհի առաջնությանը, ե՛ւ գալիք օլիմպիական խաղերին մենք լավ արդյունքներ ենք ցույց տալու։
-Էլեն, քո նորամուտն էլ Եվրոպայի առաջնություն հաջող ստացվեց, ինչի համար շնորհավորում եմ քեզ։ Իսկ մինչ այդ ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությունում մինչեւ 58 կգ քաշային կարգում դու բավականին բարձր արդյունքով դարձար հաղթող, ընդ որում՝ քո ցույց տված արդյունքով գերազանցեցիր հաջորդ երկու կարգերում ուժեղագույնը ճանաչված մարզուհիներին՝ Քրիստինե Պետրոսյանին եւ 2009թ. աշխարհի առաջին հայ կին չեմպիոնին՝ Նազիկ Ավդալյանին։ Կկարողանա՞ս այս հաջողությունը զարգացնել եւ մրցանակային տեղ գրավել Փարիզում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։
Է. Գ. -Իմ քաշային կարգում էլ ուժեղ մարզուհիներ կան Թուրքիայից, Հարավային Կորեայից։ Եթե չկարողանամ անգամ մրցանակային տեղ գրավել, հաստատ ուժեղագույն տասնյակում տեղ կունենամ։
-Լավագույն տասնյակում մնալը հնարավորություն կտա՞ անցած տարվա նվաճումները պահպանել՝ օլիմպիական ուղեգրերի առումով։
Է. Գ. -Կարծում եմ, այո՛։
-Եվ վերջին հարցը որպես զրույցի ամփոփում. ի՞նչ կմաղթեիք հայ զինվորին ու սպային։
Հ. Խ. -Մենք չորս քույր ենք։ Եթե լինեինք չորս եղբայր, հաստատ չորսս էլ ծառայելու էինք ազգային բանակում։ Մորաքրոջս տղան ներկա պահին ծառայության մեջ է սահմանամերձ զորամասերից մեկում, աշնանը կզորացրվի։ Շատ եմ ափսոսում, որ ժամանակի սղության եւ զբաղվածության պատճառով չեմ կարողացել այցելել նրան։ Սիրելի եղբայր, եթե ստացվի` կգամ, եթե չգամ էլ, ոչինչ, ների՛ր, ու ինձ ճիշտ հասկացիր, առջեւում անչափ պատասխանատու մրցում է՝ աշխարհի առաջնությունը։ Հայ աղջիկը, քույրը, կինը ի՞նչ պետք է ցանկանա. առաջին հերթին` խաղաղություն, եւ թող մեր զինվորներն առողջ վերադառնան իրենց հարազատների գիրկը։ Սպաներին էլ ցանկանում եմ համբերություն ու տոկունություն իրենց իսկապես դժվարին, բայց եւ անչափ շնորհակալ աշխատանքում։
Է. Գ. -Եղբայրս վերջերս զորացրվեց, իսկ երբ ծառայում էր, մի քանի անգամ` զինվորական երդման, ծննդյան տոնի կապակցությամբ ընտանիքով, հարազատներով այցելել ենք նրան։ Պետք է ասեմ, որ նա պատվով ծառայեց ու վերադարձավ։ Ես նույնպես մեր զինվորներին ու նրանց հրամանատարներին մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն։ Նրանք են այս խաղաղության պահապաններն ու երաշխավորները։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ