Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՑԻՍՏ ՍՊԱՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԵՐԱԴԱՐՁԸ



Երկրորդ համաշխարհային պատերազմում հիտլերյան Գերմանիայի պարտությունից հետո հազարավոր ֆաշիստ սպաներ իրենց ընդունակություններն ու գիտելիքները ներդրեցին արաբական երկրներում եւ ԱՄՆ-ում:

Գերմանիան արաբական երկրների հետ արդեն իսկ ուներ ջերմ բարեկամական հարաբերություններ: Արաբական նացիոնալիզմն ավանդաբար օգտագործվել է համաշխարհային տիրապետության ձգտող երկրների կողմից` «հին» կայսրությունները ոչնչացնելու համար: Ժամանակին բրիտանացիներն այդպես ոչնչացրին Օսմանյան կայսրությունը: Նույն այդ ուղով գնաց նաեւ բրիտանական կայսրությանը մարտահրավեր նետած Գերմանիան:

Արաբական ազգայնականների հետ Գերմանիան սկսեց կապեր հաստատել դեռեւս 20-րդ դարասկզբին: Գերմանացիները, որպես պայքարի միջոց, անգլիացիների եւ ֆրանսիացիների դեմ օգտագործում էին արաբական ազգայնականությունը: Արաբները, իրենց հերթին, ի դեմս Գերմանիայի, տեսնում էին գաղութատիրական տերությունների դեմ պայքարում հավանական դաշնակցի: Նացիստամետ գործելակերպ էին որդեգրել Երուսաղեմի մեծն մուֆթի /մահմեդական բարձրագույն հոգեւորական/ Հաջ Ամին ալ-Հուսեյնին, Իրաքի նախկին վարչապետ Ռաշիդ Գայլանին, Սիրիայում շեյխ Արսլանը եւ արաբ այլ քաղաքական գործիչներ:

1933թ. Գերմանիայում նացիստների իշխանության գալուց հետո գերմանա-արաբական կապերը կտրուկ ակտիվացան: Նացիստների հետ սերտ կապեր հաստատեց Հաջ Ամին ալ-Հուսեյնին, որին գերմանացիները ֆինանսական եւ ռազմական օգնություն ցուցաբերեցին 1936թ. Պաղեստինի հակահրեական խժդժությունների ժամանակ: Ալ-Հուսեյնիի աջակցությամբ ԷսԷս-ի զորքերի կազմում ստեղծվեցին մահմեդական զորամիավորումներ, որոնցում ծառայում էին Բոսնիայի մահմեդականները եւ բրիտանական ու ֆրանսիական զորքերի գերի արաբները:

Դեռեւս Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին գերմանացիներին հաջողվեց արաբական երկրներում ստեղծել հետախուզական ցանց` տեղի ընտրախավի աջակցությամբ: Գերմանիայի պարտությունից հետո Մերձավոր Արեւելքում գերմանական գործակալական ցանցը համարյա չտուժեց: Զարմանալի չէ, որ պատերազմից հետո նախկին նացիստները տեղափոխվեցին Արաբական Միացյալ էմիրություններ: Նույնիսկ ստեղծվեց էմիգրացիայի հարցերով հատուկ Արաբա-գերմանական կենտրոն, որը զբաղվում էր գերմանացի նախկին սպաներին բանակում, ոստիկանությունում եւ հատուկ ծառայություններում տեղավորելու հարցերով: Ընդհանուր առմամբ, արաբական երկրներ, գլխավորապես` Եգիպտոս, Սիրիա, Սաուդյան Արաբիա եւ Իրաք է փախչում վերմախտի եւ ԷսԷս-ի մոտ 8000 սպա` ընդունելով իսլամ եւ կրելով արաբական անուններ:

1951թ. Կահիրեում իր աշխատանքն է սկսում 60 սպաներից բաղկացած ոչ պաշտոնական առաքելությունը, որը ղեկավարում էր հիտլերական նախկին գեներալ Ֆարմբախերը: Այս կազմակերպության օգնությամբ պատրաստվում էին եգիպտական բանակի տանկային եւ դեսանտային զորամասերը: Արդեն իսկ 1950-ականների կեսերին Եգիպտոսի անվտանգության ծառայությունները նախկին նացիստների լիակատար հսկողության տակ էին: Սիրիայում նացիստները ղեկավարում էին ազգային բանակի ուսուցումը, իսկ Սաուդյան Արաբիայում վարժեցնում էին վահաբականներին:

Եգիպտոսի նախագահ (1970-81թթ) Անվար Սադաթը հանգուցյալ Հիտլերին 1953թ. գրած իր նամակում այսպես է գնահատել ֆյուրերի պատմական դերը. «Դու պատերազմում պարտություն կրեցիր, բայց դու իսկական հաղթող ես: Դու կարողացար սեպ խրել ծերուկ Չերչիլի եւ նրա դաշնակիցների` այդ սատանայի ծնունդների միջեւ»:

Հետպատերազմյան Գերմանիայի կառավարությունը Մերձավոր Արեւելքում գտնվող գերմանացի սպաների հետ պաշտոնապես ոչ մի առնչություն չուներ, սակայն փորձում էր օգտագործել տարածաշրջանում գերմանական ավանդական ազդեցությունը: Եվ մինչ օրս էլ Գերմանիայի վարկանիշը արաբական աշխարհում բավականին բարձր է:

Արաբների եւ նացիստների կապը չի անցել պատմության գիրկը: Հատուկ ծառայությունների տվյալներով, գերմանական ծայրահեղ նեոնացիստական խմբավորումները սերտ կապեր են պահպանում արաբ արմատականների հետ, օրինակ` Գերմանիայի նացիոնալ-դեմոկրատական կուսակցությունը, որի ներկայացուցիչ Հորստ Մալերը Լիբանանում գաղտնի հանդիպում էր Հեզբոլլահի անդամների հետ: Հիշատակության արժանի է այն փաստը, որ գերմանական բանտերում ազատազրկված Մալերի փաստաբաններն էին սոցիալ-դեմոկրատներ Գերհարդ Շրյոդերը եւ Օտտո Շիլլին, որոնցից առաջինը հետագայում դարձավ Գերմանիայի կանցլեր, իսկ երկրորդը` ներքին գործերի նախարար:

Շատ նացիստներ էլ պատերազմի ավարտից հետո բնակություն հաստատեցին Լատինական Ամերիկայում, որոնց թվում` Մարտին Բորմանը, Յոզեֆ Մենգելեն, Ադոլֆ Այխմանը եւ այլք: Փաստերը վկայում են, որ գերմանական հինգ սուզանավ կայանել է հարավային Արգենտինայի եւ Չիլիի ափերի մոտ` տեղ հասցնելով Երրորդ ռայխի առնվազն 50 բարձրաստիճան պաշտոնյաների: Ի դեպ, Պատագոնիայում է Լատինական Ամերիկայի ամենամեծ գերմանական համայնքը:

Պատմական արխիվային փաստաթղթերն ուսումնասիրող արգենտինացի Խուան Սալինասը գտնում է, որ «այդ փախուստի կազմակերպման հետեւում կանգնած էր Չերչիլը: Արգենտինայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը իր երկրի ափերին ստեղծում է ազատ գոտու պես մի բան` թույլ տալով գերմանացիներին հանգիստ «լողալ», ինչպես պահանջում էին անգլիացիների կարգադրությունները»:

Խորագիր՝ #30 (895) 3.08.2011 - 10.08.2011, Պատմության էջերից


10/08/2011