Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՀայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 16-ին Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցեց ՊԲ շտաբում կայացած խորհրդակցությանը, որի ժամանակ Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրեց ընթացիկ տարվա ձեռքբերումները, կատարված և կատարվող հիմնական աշխատանքները: Անդրադարձ է եղել ՊԲ շտաբում սարքերի միասնական կառավարման համակարգի ներդրման, մարտական հենակետերի լրակահավորման, ինժեներական և ամրաշինական կառույցների ամրապնդման հարցերին:

Նույն օրը ՊԲ զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպեց նորակոչիկների հետ, հետաքրքրվեց բանակային կյանքի առաջին օրերի տպավորություններով։ «Դուք եկել եք կատարելու հայրենիքը պաշտպանելու անչափ կարևոր առաքելությունը: Վստահեցնում եմ, որ ողջ հայ ժողովուրդը՝ ոչ միայն ձեր ընտանիքները, այլև բոլորը, ուշի ուշով հետևում են ձեր ամեն քայլին, ձեր արձանագրած ամեն մի հաջողությանը և մտահոգվում ձեզ հուզող խնդիրներով: Ես երաշխավորում եմ, որ ՀՀ և ԱՀ  ռազմաքաղաքական ղեկավարությունն անում են հնարավորը, որ ձեր ծառայությունն անցնի առավալագույնս արդյունավետ»,- դիմելով նորակոչիկներին, նշեց ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը, զինվորական ճաշարանում ընթրեց զինվորների հետ:

Ավելի ուշ, զորամասի շարահրապարակում, ՀՀ պաշտպանության նախարարն ու զինանձնակազմը դիտեցին «Կյանք ու կռիվ 2» ֆիլմը:

Վիգեն Սարգսյանն այցելեց նաև ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած Վարդան Ավակիմյանին: ՀՀ պաշտպանության նախարարը զորացրված երիտասարդից հետաքրքրվեց զինվորական ծառայության հետ կապված ամենատարբեր խնդիրների մասին և ներկայացրեց «Դիտակետ» անվանումով նոր նախագիծը, որով նախատեսվում է անանուն հարցումներ իրականացնել զորացրված զինծառայողների շրջանում, որոնց արդյունքներով հնարավոր կլինի վերհանել ծառայության ընթացքում զինծառայողների արձանագրած հիմնական բացթողումները և նախանշել դրանց լուծման առավել արդյունավետ ուղիները:

Եռօրյա այցի վերջին օրը՝ հուլիսի 17-ին, ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, զրուցեց դիրքապահների հետ, ծանոթացավ հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Արցախ կատարած այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը հանդիպեց նաև Հադրութում մեկնարկած համահայկական ուսանողական ճամբարի մասնակիցների հետ, պատասխանեց ճամբարականներին հետաքրքրող հարցերին

Խորագիր՝ Նորություններ


19/07/2017