ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԵՊ ԽՐԵԼ ՀԱՊԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԵՋ
Ադրբեջանական լրատվամիջոցները նախանձելի համառությամբ փորձում են ցուցադրել թյուրքալեզու ժողովուրդների միջև համերաշխության և փոխըմբռնման ոգին եւ դրան զուգահեռ` ապատեղեկատվությամբ լարել հարաբերությունները Հայաստանի և ՀԱՊԿ թյուրքալեզու երկրների միջև: Ապատեղեկատվության տարածման գործում նրանք չեն խորշում օգտվել անգամ բնավ ճանաչում չունեցող կայքերից ու սոցցանցերից:
Սևեռվելով հուլիսի 5-ին երկամյա ադրբեջանցի երեխայի զոհվելու փաստի վրա՝ ադրբեջանական քարոզչամեքենան անցավ գրոհի՝ ցուցադրելով, թե ինչպես են աշխարհի տարբեր մասերում «քննադատում և մերկացնում հայկական ահաբեկչությունը»: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին դիմել նաև կեղծարարության՝ իրենց համար շահավետ տեսանկյունից մեջբերելով նաեւ Հայաստանի հետ դաշնակից որոշ պետությունների այս կամ այն պաշտոնյայի խոսքը:
Օրերս համացանցը ողողվեց տեղեկատվությամբ, թե իբր Ղազախստանում հանրային լայն շրջանակներ ոչ միայն դատապարտում են «հայկական ահաբեկչությունը», այլեւ նույնիսկ պատրաստ են պատերազմի մասնակցել Հայաստանի և Արցախի դեմ: Նրանք կարողացան կորզել և ներկայացնել մի քանի պաշտոնյաների հայտարարություններ, թե իբր` «Ղազախստանը չի պատրաստվում պաշտպանել հայկական կողմին, քանի որ պայմանագրով միայն ՀՀ տարածքն է հանդիսանում ուժի կիրառման և պաշտպանման սուբյեկտ»:
Բնական է, որ՝ որպես կարևոր խաղաքարտ, ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է խաղաղ ճանապարհով հիմնախնդրի մասին հայտատարությունները, որպեսզի աշխարհին ցույց տա, թե Բաքուն ավելի խաղաղասեր է, քան Երևանը, և «ահաբեկիչների մայրաքաղաք» Ստեփանակերտը: Ազագիտպրոպը կրկին անգամ որդեգրել է ապատեղեկատվության, լոբբինգի, շանտաժի և փաստերի նենգափոխման քաղաքականություն, որը բնորոշ է իրեն: Միաժամանակ, զավեշտալի է, երբ ադրբեջանական կայքերը մեջբերում են ղազախական պաշտոնյաներին, որոնք հայտարարում են, որ Ղազախստանը միայն խաղաղ կարգավորման կողմնակիցն է: Երևի Բաքվում մոռացել են, որ 1992-1994 թթ. Ղազախստանի գործող նախագահ Նորսուլթան Նազարբաևն էր ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հետ կողմերի միջև հակամարտության հանգուցալուծման խմբի ղեկավարը:
Ադրբեջանական այդ ստի տարածումից հետո Հայաստանում Ղազախստանի դեսպանը պաշտոնապես հայտարարեց, որ իր երկիրը հավատարիմ է իր դաշնակցային պարտավորություններին` միաժամանակ կողմ լինելով Ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ ճանապարհով հանգուցալուծմանը: Այսպիսով՝ Բաքվի քարոզչամեքենայի փուչիկը կրկին պայթեց, և կրկին անգամ նրանց մնում է սոցցանցերում վարձկանների միջոցով փորձել միջազգային հանրության գութը շարժել երկամյա աղջնակի մասին սրտաճմլիկ նկարներով և պատմություններով՝ փորձելով կոծկել սեփական զինված ուժերի մեղսավորությունը:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Տարածաշրջան