ՎԱՐԴԱՎԱՌ
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը
Սիրելի՛ զինվոր, դու գիտես, որ ամեն տարի հունիս ամսից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում ժողովուրդը տոնում է սիրելի տոներից մեկը` Վարդավառը, որը հայոց եկեղեցին անվանում է Քրիստոսի Պայծառակերպության տոն, եւ այն Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Ուզում ենք հիշել նաեւ այդ հինգ տոները` Սուրբ Ծնունդ, Սուրբ Հարություն կամ Զատիկ, Պայծառակերպություն կամ Վարդավառ, Աստվածածնի վերափոխում կամ Խաղողօրհնեք եւ Խաչվերաց:
Այս հինգ տաղավար տոներից է Վարդավառը, որի մասին էլ ուզում ենք պատմել։
Պայծառակերպություն նշանակում է պայծառ կերպարանք, պայծառ տեսք ունենալ: Նոր Կտակարանում գրված է, որ Քրիստոսը Հովհաննես, Հակոբոս եւ Պետրոս առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս Քրիստոսը իր աշակերտների առաջ պայծառակերպվում է, այսինքն` նրա դեմքը սկսում է փայլել արեգակի նման, իսկ զգեստները սպիտակում են լույսի պես. «Դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը»:
Պայծառակերպվելով` Քրիստոսը ոչ միայն հայտնում է իր Աստծու Որդի լինելը, այլ նաեւ ցանկանում է ասել, որ այդպես պայծառ ու լուսավոր կլինեն բոլոր արդար ու ազնիվ մարդիկ:
Տոնի պատմությունը գալիս է դեռեւս հեթանոսական ժամանակներից: Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի սիրո, ջրի, պտղաբերության եւ գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառի տոնին մեծ ու փոքր, տղամարդ ու կին կժերով, սափորներով ու դույլերով իրար վրա ջուր էին լցնում: Ասում են, որ ջրային այս խաղերն սկսվել են դեռ ջրհեղեղի ժամանակներից: Վարդավառի ջրային խաղերը հնում սկսվում էին աղավնի թռցնելով: Ինչպես գիտենք, Նոյի ուղարկած աղավնին վերադարձավ` բերելով կտուցին պահած ձիթենու մի ճյուղ: Տեսնելով այդ ճյուղը` Նոյը հասկացավ, որ ջրերն աստիճանաբար ցամաքում են: Ավանդության համաձայն` այս տոնը հաստատել է Նոյ նահապետը: Նա պատվիրել է իր որդիներին տարին մեկ անգամ իրար վրա ջուր լցնել, որպեսզի չմոռանան ջրհեղեղը:
Ժողովուրդը սիրո, ջրի, պտղաբերության եւ գեղեցկուհի Աստղիկին վարդեր էր նվիրում, աղավնիներ բաց թողնում եւ միմյանց վրա ջուր ցողում: Ամենից պայծառ, հոտավետ ու գեղեցիկ ծաղիկը վարդն է: Այն համարվում է ծաղիկների թագուհին, եւ ի պատիվ վարդի նաեւ տոնը անվանել են ՎԱՐԴԱՎԱՌ: Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին: Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ, եւ որտեղ կատարվել են զոհաբերություններ` ի պատիվ ջրի հովանավորող ոգիների: Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են նաեւ անձրեւ խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն:
Վարդավառը նաեւ բերքահավաքի հետ կապվող տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարիքն ապահովող աստվածություններին: Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները` ծաղկեփնջեր են նվիրել միմյանց, կազմակերպել ջրախաղեր, ծաղիկներով զարդարել են նաեւ անասունների ճակատները:
Գրիգոր Տաթեւացին տոնի` Վարդավառ անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով, ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով` երեւում է բոլորին, այնպես էլ Հիսուս Քրիստոսն է մինչեւ այլակերպությունն իր մեջ կրում աստվածային էությունը եւ պայծառակերպվելով` հայտնում իր Աստվածությունը:
Վարդավառի տոնը կամ Պայծառակերպությունը Հայոց եկեղեցին 2017 թվականին նշում է հուլիսի 23-ին` Զատիկից 14 շաբաթ (98 օր) անց:
Պատրաստեց
ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Հոգևոր-մշակութային