ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հուլիսի 10-11-ը գեներալ–մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման ենթակա զորամասում անցկացվեց ԶՈՒ եւ ՊՆ իրավաբանների մասնագիտական հավաք:
Մասնակցում էին ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, վարչության իրավական ապահովման բաժնի պետ, գնդապետ Արտակ Վարդանյանը, 1-ին զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը, զորամասերի հրամանատարներ, Գորիսի, Սիսիանի եւ Կապանի զինդատախազության, քննչական ծառայությունների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, զորամիավորումների ավագ սպա իրավաբաններ, սոցիալ–իրավական աշխատանքների գծով օգնական սպաներ:
ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը ներկայացրեց զինված ուժերում տարվող լայն եւ օրեցօր հստակեցվող աշխատանքների, կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունների, նոր փոխհարաբերությունների մասին:
Նա իրավաբաններին հորդորեց քայլել ժամանակին համընթաց՝ կարեւորելով զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, առաջնային համարելով հատկապես զինծառայողների իրավական հարցերի լուծումը:
Վերլուծելով վարչություն ներկայացված կիսամյակային հաշվետվությունները, զորամիավորումներում իրականացված իրավական աշխատանքների արդյունքները, հայտնաբերված թերությունները, բացթողումները, ինչպես նաեւ հանցանքներն ու զանցանքները, դեպքեր–պատահարները` դրանք նվազագույնի հասցնելու ուղղությամբ տրվեցին հանձնարարականներ, համապատասխան ցուցումներ եւ խորհուրդներ:
Հավաքի ընթացքում անդրադարձ եղավ զորամասային օղակներում իրավաբանների կատարած համատեղ աշխատանքներին, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումներին, իրավական պատրաստվածությանը, կիսամյակի ընթացքում դրական տեղաշարժերին եւ փոփոխություններին՝ փաստաթղթային վարույթում ծառայողական քննությունների, իրավական աշխատանքների անցկացման վերահսկողության առումներով:
ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը դրական գնահատելով զորամիավորումներում իրավագիտակցության բարձրացմանն ուղղված կիսամյակային հավաքների դերը` առաջնային համարեց կատարված աշխատանքների վերլուծությունը, փորձի փոխանակումը զորամասային օղակների եւ զորամիավորումների իրավաբանների միջեւ, տեղեկատվության տրամադրումը, նոր մոտեցումների ներդրումը:
–Հավաքների կարեւորությունը մեծ է,-ասաց Սասուն Սիմոնյանը,- այն միաժամանակ պարտավորեցնում է զորամիավորումների իրավաբան սպաներին՝ հաշվետու լինել կիսամյակում եւ տարվա ընթացքում կատարված աշխատանքների շուրջ, հաշվետվություն ներկայացնել, տեղեկացված լինել եւ մասնակցություն ունենալ ԶՈՒ–ում եւ ՊՆ–ում տարվող միասնական աշխատանքներին:
Նպատակներից մեկը հետեւյալն է. իրավաբանների աշխատանքը պետք է լինի ոչ միայն զորամիավորումներում իրավական գործունեության ապահովումը, այլեւ՝ զորամասային օղակներում հրամանատարների, սոցիալ–իրավական գծով սպաների աշխատանքի գնահատումը, ուղղորդումը, մեթոդաբանական օգնությունը: Իսկ մենք մեթոդաբանության, միասնականության խնդիր, ցավոք, դեռ ունենք:
1-ին զորամիավորման լրատվական ծառայություն
Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Ազգային բանակ