Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ. ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ…



ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ. ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ... Սկիզբը` նախորդ համարներում

Թեոդոր Ռուզվելտն ասում էր, որ երբ ինքը իբրեւ պրեզիդենտ կանգնում էր որեւէ բարդ խնդրի առջեւ, ապա սովորաբար հետ էր շրջվում եւ նայում էր Սպիտակ տանը իր գրասեղանի վերեւում կախված Լինկոլնի մեծ դիմանկարին, հարցնելով ինքն իրեն. «Ի՞նչ կաներ Լինկոլնը, եթե իմ տեղը լիներ։ Ինչպե՞ս կլուծեր նա այս հարցը»։

Հաջորդ անգամ, երբ մենք որեւէ մեկին քոթակելու գայթակղություն կունենանք, հանենք մեր գրպանից 5 դոլարանոց մի թղթադրամ, նայենք նրա վրա Լինկոլնի պատկերին եւ հարցնենք. «Իսկ ի՞նչ կաներ Լինկոլնը, եթե այս հարցը լուծելիս լիներ»։

Գիտե՞ք արդյոք որեւէ մեկին, որին կուզենայինք բարեփոխել, ուղղել եւ կատարելագործել։ Լա՛վ։ Հիանալի է։ Ես ինքս ամբողջովին դրա կողմնակիցն եմ։ Իսկ ինչո՞ւ չսկսել հե՛նց ձեզնից։ Մաքուր եսասիրական տեսակետից դա շատ ավելի օգտակար է, քան փորձել կատարելագործել ուրիշներին։ Եվ բացի այդ`շատ ավելի անվտանգ։

 «Երբ մարդու ներսում պայքար է սկսվում, նշանակում է իրենից ինչոր արժեք է ներկայացնում»,- ասել է Բրաունինգը։ Հնարավոր է, որ ձեր ինքնակատարելագործման ընթացքը տեւի մինչեւ ծննդյան տոները։ Բայց դրանից հետո դուք կարող եք արձակուրդներին լավ հանգստանալ եւ հաջորդ տարին նվիրել ուրիշներին ուղղելուն եւ քննադատելուն։

Բայց նախ ինքներդ կատարելագործվեք։

Կոնֆուցիոսն ասել է. «Մի դժգոհիր հարեւանիդ տանիքի ձյունից, երբ սեփական շեմդ կեղտոտ է»։

Երբ երիտասարդ էի եւ համառորեն ջանում էի մարդկանց վրա տպավորություն թողնել, մի հիմար նամակ գրեցի Ռիչարդ Հարդինգ Դեւիսին` գրող, որ ժամանակին հռչակված էր ամերիկյան գրականության մեջ։ Ես ամսագրի համար հոդված էի պատրաստում գրողների վերաբերյալ եւ Դեւիսին խնդրեցի պատմել իր աշխատանքի եղանակների մասին։ Դրանից մի քանի շաբաթ առաջ ինչոր մեկից նամակ էի ստացել այսպիսի հավելումով. «Թելադրված է, բայց չի վերընթերցված»։ Դա ինձ վրա ուժեղ տպավորություն թողեց։ Որոշեցի, որ նամակի հեղինակը պետք է շատ հայտնի, զբաղված ու կարեւոր անձնավորություն լինի։ Ինքս բոլորովին էլ զբաղված չէի, բայց շատ էի ուզում Ռիչարդ Հարդինգ Դեւիսի վրա տպավորություն թողնել եւ այդ պատճառով էլ ավարտեցի իմ կարճլիկ նամակը «Թելադրված է, բայց չի վերընթերցված» բառերով։

Նա իրեն նեղություն չտվեց պատասխանելու իմ նամակին։ Պարզապես վերադարձրեց այն` իմ հավելման վրա լայնակի անփութորեն արված հետեւյալ մակագրությամբ. «Դուք ինքներդ ձեզ գերազանցել եք հիմար սովորություններով» ։ Ճիշտ է, ես հիմար վրիպում էի թույլ տվել, եւ հավանաբար, արժանի էի նրա կշտամբանքին։ Սակայն, ինչպես հատուկ է մարդուն, ես վրդովվեցի։ Այնպես վրդովվեցի, որ երբ տասը տարի հետո իմացա Դեւիսի մահվան մասին, միակ բանը, որ հիշեցի, ամաչում եմ խոստովանել, դա վիրավորանքն էր, որ նա հասցրել էր ինձ։

Եթե վաղը մենք ցանկանանք ազատվել գուցե տասնամյակներ տեւող եւ մինչեւ մեր մահը շարունակվող վիրավորանքի տանջալի զգացումից, եկեք մի փոքր զբաղվենք խիստ ինքնաքննադատությամբ` անկախ այն բանից, թե որքանով ենք վստահ դրա արդարացիության մեջ։

Մարդկանց հետ շփվելիս մի՛ մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող էակների, այլ զգացմունքային էակների հետ, որոնք լի են նախապաշարումներով եւ գործում են` ելնելով իրենց գոռոզամտությունից ու փառասիրությունից։

Իսկ քննադատությունը մի վտանգավոր կայծ է, որը կարող է պայթյուն առաջացնել սնափառության վառոդատուփում։Որոշ դեպքերում այդ պայթյունը ավելի է մոտեցնում մահը։ Այսպես, օրինակ, գեներալ Լեոնարդ Վուդին քննադատեցին եւ թույլ չտվեցին բանակի հետ մեկնել Ֆրանսիա։ Ինքնասիրությանը հասցված այդ հարվածը, հավանաբար, կրճատեց նրա կյանքը։

Անգլիական գրականության երբեմնի զարդը հանդիսացող լավագույն գրողներից մեկի` անչափ զգայուն Թոմաս Հարդիի հասցեին արված անողոք քննադատությունը ստիպեց նրան մեկընդմիշտ հրաժարվել կենսագրական վեպեր գրելուց։ Քննադատությունը անգլիացի բանաստեղծ Թոմաս Չետտերտոնին հասցրեց ինքնասպանության։

Երիտասարդ տարիներին անբարեկիրթ Բենջամին Ֆրանկլինը ժամանակի հետ դարձավ այնքան դիվանագետ եւ հմուտ` մարդկանց հետ վարվելիս, որ նշանակվեց Ֆրանսիայում ամերիկյան դեսպան: Ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը։ «Ես ոչ մեկի մասին վատ չեմ խոսի, բայց կպատմեմ այն լավի մասին, որ գիտեմ յուրաքանչյուրի վերաբերյալ»,- հայտարարել է նա։

Ցանկացած հիմար կարող է քննադատել, դատապարտել եւ դժգոհել, եւ նրանց մեծամասնությունը այդպես էլ անում է։

Բայց հասկանալու եւ ներելու համար պահանջվում է ուժեղ բնավորություն ու ինքնատիրապետում։

«Մեծ մարդու մեծությունը երեւում է փոքր մարդկանց հետ ունեցած իր վերաբերմունքում»,- ասում է Կարլայլը։

Մարդկանց պարսավելու փոխարեն փորձենք հասկանալ նրանց: Փորձենք պատկերացնել, թե ինչու են նրանք վարվում հենց այսպես եւ ոչ այլ կերպ։ Դա շատ ավելի օգտակար է եւ հետաքրքիր, քան քննադատելը, եւ մարդուն կարեկից է դարձնում շրջապատողների հանդեպ. համբերատար եւ բարյացակամ։ «Ամեն ինչ հասկանալ, նշանակում է ամեն ինչ ներել»։

Ինչպես պնդում էր դոկտոր Ջոնսոնը` «նույնիսկ Աստված մտադիր չէ դատել մարդուն մինչեւ իր մահը»։

Ինչո՞ւ պետք է մենք դա անենք։

Շարունակելի

Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Հոգևոր-մշակութային


26/07/2017