ԱԼԻԵՎԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԵՐԸ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԶԵՆՔ ԱՌԱՔԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ
Անցյալ շաբաթ գրել էինք բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի՝ «Տրուդ» թերթում հրապարակված աղմկահարույց բացահայտումների մասին: Նա գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում դիվանագիտական քողի տակ ծանր զինտեխնիկայով եւ զինամթերքով 350 ուղեբեռ է առաքել ահաբեկչական խմբերին ամբողջ աշխարհում:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, որին Ադրբեջանի իշխանությունները մարդու իրավունքների խախտումների բացահայտման համար ձերբակալել էին, 2010 թ. զեկույցում բացահայտել էր, որ նախագահ Ալիեւի դուստրը՝ Արզու Ալիեւան, մասնաբաժին ունի մի ընկերությունում, որը կապված է Silk Way ավիաընկերության հետ: Այս փաստով է բացատրվում, թե ինչպես է ավիաընկերությանը հաջողվել ստանալ բոլոր դիվանագիտական թույլտվությունները՝ նման մեծաքանակ զենք ահաբեկիչներին առաքելու համար:
Պարզվում է, որ Silk Way ավիաընկերությունը պատկանում է SW Holding ընկերությունների խմբին, որն օգտվում է «ավիաընկերության ծառայության գրեթե ամբողջ մենաշնորհից», ներառյալ Sky Catering-ի կողմից սննդի միջթռիչքային սպասարկումը եւ Airport Gate-ի կողմից իրականացվող տաքսի ծառայությունը, որոնք երկուսն էլ պատկանում են SW Holding-ին: Բացի այդ, ազգային ավիափոխադրող ընկերության ինքնաթիռների եւ ուղղաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացնում են Silkway Technics-ը եւ «բազմաթիվ ընկերություններ, որոնք վերահսկում են ամեն ինչ` սկսած ճանապարհորդների տոմսերի վաճառքից մինչեւ անմաքս առեւտրի խանութները, որոնք պատկանում են SW Holding-ին»,- տեղեկացրել է Իսմայիլովան:
SW Holding-ի սեփականությունն է նաեւ Silk Way բանկը, որը պատկանում է նախագահ Ալիեւի այն ժամանակ 21-ամյա դստերը՝ Արզու Ալիեւային, եւ Ադրբեջանի «ԱԶԱԼ» պետական ավիաընկերության նախագահի կնոջը՝ Զարիֆա Համզաեւային: Silk Way ավիաընկերությունը նաեւ Silk Way բանկի մի մասի սեփականատերն է:
Իսմայիլովան հայտնում է, որ «SW Holding-ի վերելքը, որը հեշտությամբ կլանում էր «ԱԶԱԼ»-ի նախկին բիզնեսները, հարցեր է առաջացնում ալիեւյան Ադրբեջանում կասկածելի սեփականաշնորհման պրակտիկայի շուրջ: Դրա միջոցով նաեւ ընդգծվում է, թե ինչպես է քաղաքական վերնախավը շարունակում օգտագործել մերձավոր բարեկամներին եւ ընտանիքի անդամներին՝ պահպանելու իր երկրի ամենաարժեքավոր ակտիվները, չնայած ադրբեջանական օրենքներով՝ պետական պաշտոնյաների նման գործունեությունը համարվում է հանցագործություն՝ մինչեւ 12 տարի ժամկետով ազատազրկմամբ»:
Նախագահ Իլհամ Ալիեւը պարզապես շարունակում է իր հոր՝ Հեյդար Ալիեւի սկսած պրակտիկան, որը երկու տասնամյակ Ադրբեջանում իշխելուց հետո նախագահական աթոռը փոխանցեց որդուն: 2009 թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ վերացվեցին ժամկետային սահմանափակումները նախագահի նկատմամբ ՝ Իլհամ Ալիեւին դարձնելով ցմահ նախագահ… Ռիսկի չդիմելու համար, նա վերջերս իր կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային նշանակեց փոխնախագահ՝ իր հնարավոր իրավահաջորդը դառնալու համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Վաշինգտոն փոստ»-ում հրապարակված մի հոդվածի հիման վրա, «Նախագահ Ալիեւի դեռեւս պատանի որդին՝ Հեյդարը, օրինական սեփականատերն էր Դուբայում գտնվող ինը շքեղ առանձնատների, որոնք ձեռք էին բերվել 44 միլիոն դոլարով: Նախագահի երկու դուստրերը՝ Արզուն եւ Լեյլան, նույնպես սեփականություն ունեն Դուբայում: Երեք երեխաները միասին Դուբայում ունեն 75 միլիոն դոլարի սեփականություն: Ակնհայտ է, որ այս փողերը ո՛չ նրանք են վաստակել, ո՛չ էլ նրանց ծնողները… Նախագահ Ալիեւի տարեկան աշխատավարձը կազմում է 230 հազար դոլար: Իսմայիլովան նախագահ Ալիեւի հարստությունը գնահատում է «տասնյակ միլիոնավոր դոլարներով»: Սա, իհարկե, թերագնահատված է, հաշվի առնելով հստակ թվերի բացակայությունը: Այնուամենայնիվ, այն փաստը, որ Ալիեւի երեք երեխաները Դուբայում 75 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք ունեն, Ալիեւի հարստությունը կարելի է վստահաբար գնահատել հարյուր միլիոնավոր դոլարներով, եթե ոչ միլիարդավոր դոլարներով… Հակառակ ադրբեջանական օրենսդրությանը՝ ո՛չ նախագահ Ալիեւը, ո՛չ էլ նրա կինը չեն հայտարարագրել իրենց սեփական կապիտալը:
Համաձայն ադրբեջանական օրենքների՝ պետական պաշտոնյաներին արգելվում է բիզնես ունենալ, իսկ ընտանիքի անդամներն ազատված են այդ սահմանափակումներից. մի սողանցք օրենքում, որը շահարկվում է Ալիեւի կողմից՝ եկամուտները իրենց երեխաների ունեցվածքում թաքցնելու համար: Միայն Արզու Ալիեւայի մասնաբաժինը Silk Way բանկում կազմում է ավելի քան 12 մլն դոլար: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «նախագահի քարտուղար Ազեր Գասիմովը հաստատել է, որ Արզու Ալիեւան Silk Way բանկի սեփականատերերից է»:
Պետական գույքի մասնավորեցման պետական կոմիտեի մամուլի քարտուղար Գուլու Խալիլովը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նա տեղեկություններ չունի «ԱԶԱԼ» պետական ավիաընկերության, ներառյալ` դրա հոլդինգների, ինչպես նաեւ «ԱԶԱԼ» բանկի սեփականաշնորհման մասին: «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ մասնավորեցման իրավական ընթացակարգերից եւ ոչ մեկին չեն հետեւել:
«Միաժամանակ, SW Holding-ը դանդաղ, սակայն անշեղորեն ձեռք է բերում «ԱԶԱԼ»-ի գրեթե բոլոր նախկին ընկերությունները, ներառյալ «ԱԶԱԼ Սիգորտա» ապահովագրական ընկերությունը, որի համասեփականատերերն են SW Holding-ը եւ «ԱԶԱԼ»-ի նախագահ Ջահանգիր Ասկարովի երկու դուստրերը»,- տեղեկացրել է Իսմայիլովան: SW Holding-ը նաեւ եղել է «ԱԶԱԼ»-ի խոշոր ծրագրերի միակ կապալառուն` ներառյալ օդանավակայանների կառուցման գործարքները Լենքորանում, Գյանջայում եւ Զաքատալայում` 150 մլն դոլար արժողությամբ:
Նախագահ Ալիեւը եւ նրա ընտանիքը պետք է պատասխանատվության ենթարկվեն` որպես համասեփականատերեր մի պետական ավիաընկերության, որը ժամանակակից զենքեր է առաքում ահաբեկիչներին ամբողջ աշխարհում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Տարածաշրջան