«ԱՐԻ ՏՈՒՆ»
Օրերս 5-րդ զորամիավորման Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում տիրում էր տոնական մթնոլորտ. պատճառը «Արի տուն» ծրագրով 145 սփյուռքահայ պատանիների և աղջիկների այցելությունն էր զորամաս:
Զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանը նշեց, որ նմանատիպ այցելությունները նոր լիցք են հաղորդում զինծառայողներին, ինչպես նաև նպաստում են բանակ–հասարակություն կապի ամրապնդմանը, որ անչափ կարևոր է ծառայության մեջ գտնվող զինծառայողների համար: Տեսնելով հայ երիտասարդի, պատանու ոգևորությունը՝ յուրաքանչյուրն է՛լ ավելի մեծ հավատով ու եռանդով է կատարում իր պարտականությունները:
Սփյուռքահայ պատանիները և աղջիկները, զորամասի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալի պաշտոնակատար, մայոր Մ. Իսպիրյանի և ֆիզիկական պատրաստության պետ, մայոր Արծրուն Հարությունյանի ղեկավարությամբ, անցան զորամասի տարածքում բացազատված ուսումնական կետերով, որտեղ պարտադիր ժամկետային զինծառայողները և սպաները մանրամասնորեն ներկայացրին հրաձգային զենքերի, ականանետների, ՀՄՄ–ների և տանկերի մարտավարատեխնիկական բնութագրերը:
Ուսումնական կետերում հրաձգային զենքերին ծանոթանալուց հետո սփյուռքահայ երիտասարդները հետաքրքրվեցին պարտադիր ժամկետային զինծառայողների կենցաղին, զորանոցային, սանիտարահիգիենիկ պայմաններին. կացարաններում տիրում էր մաքրություն, մահճակալները հարդարված էին ամենայն բծախնդրությամբ:
Շրջայցից հետո սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները ցանկություն հայտնեցին համտեսելու զինվորական ճաշերը. կազմակերպվեց հյուրասիրություն զորամասի ճաշարանում, որին մասնակցեցին նաև զինվորներն ու սպաները: Միակամ բոլորը պնդեցին, որ ճաշատեսակները իրենց համային որակներով չեն զիջում մայրիկների եփածներին:
Ավարտին մայոր Մ. Իսպիրյանը մեկ անգամ ևս շնորակալություն հայտնեց այցելության համար, շեշտեց, որ այսպիսի շփումները ոգևորություն են հաղորդում բոլորին` դրանով իսկ նպաստելով ազգ–բանակ հայեցակարգի կայացմանը և մեր ազգի տարբեր հատվածների միասնականության ամրապնդմանը:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ