Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՐՏՈՒՄ



ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՐՏՈՒՄԱշխարհի 21 երկրներից հազարից ավելի  մարզիկներ  այս օրերին ժամանել են Հայաստան՝ մասնակցելու Հայ մարմնակրթական ընդհանուր միության  100-ամյակին նվիրված 10-րդ համահայկական մարզախաղերին: Հայրենիքում իրականացվող այս միջոցառումը հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին ոչ միայն տարբեր մարզաձեւերում իրենց հմտությունները դրսեւորելու, այլ նաեւ ծանոթանալու, շփվելու հայրենակիցների հետ, համախմբվելու, հայրենիքի հետ կապը ամրապնդելու:

Նախքան խաղերի մեկնարկը սփյուռքահայ երիտասարդների մի մեծ խումբ առիթ ունեցավ այցելելու հայկական բանակի զորամասերից մեկը:

Զենք, զրահատեխնիկա,  հրետանային միջոցներՇատերը առաջին անգամ էին զենքզինամթերք տեսնում:

Մինչ մի խմբին Դրագունովի դիպուկահար հրացանի մարտավարատեխնիկական բնութագիրն էր ներկայացնում մայոր Արթուր Ղասաբյանը, մեկ այլ  խումբ  «գրավել» էր զրահատեխնիկաներից մեկն ու լուսանկարվում էրՈգեւորությունն անսահման էր:

Լավագույն առիթն է շփվելու հայրենիքը պաշտպանող ուժերի հետ, ծանոթանալու հայկական բանակին, որով հպարտանալու բոլոր պատճառներն ունենք,- շեշտում է  Լիբանանի «Մարզիկ» ամսաթերթի  խմբագիր Վիգեն  Ավագյանը: –Դաստիարակիչ նախաձեռնություն է, այս այցելությունը անմոռանալի կմնա, ներկաները իրենց հետ կտանեն այս խանդավառությունը:

Զրուցում եմ մարզիկների հետ՝ ինչ ապրումներ են, ինչ զգացողություններ, ոմանք  մի փոքր դժվարանում են հայերեն արտահայտվել:

Գայեն Թորոսյան (Կահիրե). –Հինգ անգամ եղել եմ Հայաստանում, բայց  առաջին անգամ եմ զորամասում, ի՞նչ կզգաս, որ տեսնես քո բանակը, քո զինվորին… –Հպարտություն,-Գայենի հարցադրմանը պատասխանում է Արթին Ժամկոչյանը (Եգիպտոս), իսկ Ալեն Գաքասյանն էլ վստահեցնում է. –Գլենդել երբ վերադառնամ, կպատմեմ տեսածս ընկերներիս, ու երբ  պատմեմ, հպարտություն բառը հաստատ շատ պիտի գործածեմ :

Պողոս Մախմուբյան (Ֆրանսիա). –Երեք տարի առաջ եղել էի Վազգեն  Սարգսյանի անունը կրող զորամասում, հիմա էլ այստեղ ենք: Շատ տպավորիչ է տեսնել մեր բանակի ուժը, մեր զինվորներին, զորանոցները: Թեեւ հայրենիքից հեռու կապրենք, բայց հայրենիքը մեր սրտում է, ուրախանում ենք հայրենիքի ամեն հաջողությունով:

Փաթիլ Եսայան (Լիբանան). –Ուզում ենք հայ զինվորին հստակորեն ցույց տալ՝ ոչ միայն խոսքով  ենք իր կողքին: Մեր մարզիկներից շատերն այս զինվորներին որպես իդեալ են նայում եւ շատ էին ուզում ծանոթանալ:

Մաքսիմ Աճեմյան.- Փարիզից եմ: Շատ տպավորված եմ, ուրիշ երկրներում  էլ եմ այցելել  զորանոցներ՝ Ֆրանսիա, Կատար, բայց սա իմ հայրենիքն է, մեր զինվորներն են, հարազատ բանակը: Մոտ ապագայում գալու եմ Հայաստան:

Բաբկեն Երոյան. –Ես Երեւանից եմ գնացել Ֆրանսիա,  բայց մինչ այդ ծառայել եմ ազգային բանակում: Հիմա շատ բան է փոխվել: Գիտեք, հաճախ ենք ընկերներով  հավաքվում ու խոսում հայրենիքի մասին, մի ընդհանուր եզրակացության ենք եկել. ամեն մարդ իր հողի վրա  է ուժեղ ու ամուր: Ֆրանսիայում շատ ընտանիքներ գիտեմ, որ երկար ժամանակ ապրելուց հետո վերադարձել են հայրենիք: Բոլորս էլ մի օր՝ վաղ թե ուշ, վերադառնալու ենք 

Ավո Կարագավուրյան.- Սիրիայի պատերազմի ժամանակ տեղափոխվեցինք Լիբանան: Ես գիտեմ, ինչ ցավ ու դառնություն է պատճառում պատերազմըՀպարտ եմ, որ բանակ ունենք, որը պահպանում է Հայաստանի անվտանգությունը, պահպանում է Հայաստանի ապագան

♦♦♦

Ավարտին ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ  Իշխան Եղիայանը ՀՄԸՄի անունից շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարությանը՝ միջոցառման կազմակերպման համար. «Մենք տեսանք զինվորների խանդավառությունը, բայց մենք տասն անգամ ավելի խանդավառվեցինք, ոգեւորվեցինքՀայոց բանակը մեր ազգային հպարտությունն է: ՀՄԸՄ աշխարհասփյուռ 108 մասնաճյուղերն էլ  համարեք  հայկական բանակի մեկական զորամաս»:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հակոբ Ավետյանն էլ իր խոսքում նշեց, որ այսօրինակ միջոցառումները բանակհասարակություն, ազգբանակ  հայեցակարգի շրջանակներում  են, որ այսպիսի այցելությունները նոր լիցք են հաղորդում զինվորին, զինվորը զգում է՝ թիկունքում համայն հայությունն է

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ 

Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Բանակ և հասարակություն


26/07/2017