ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Համաձայն 5-րդ զորամիավորման պատրաստության պլանի` հուլիսի 18-ից 22-ը 5-րդ բանակային կորպուսում անցկացվեց հրամանատարական հավաքներ` ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների կազմով:
Ըստ զորամիավորման հրամանատար, գեներալ–մայոր Կ. Աբրահամյանի կազմակերպչական ցուցումների` հրամանատարական հավաքների պարապմունքները պլանավորվել էին հիմնականում ցուցադրական, գործնական, մեթոդական և հրահանգչամեթոդական ձևաչափերով:
Հրամանատարական հավաքների առաջին պարապմունքը անցկացրեց գեներալ–մայոր Կ.Աբրահամյանը, որը հիմնական թեմայից բացի անդրադարձավ ժամանակակից պայմաններում հրամանատարի դերին, նրա պատրաստվածության մակարդակին, ինքնակրթությանը, մասնագիտական որակների բարելավմանը և այլ հարցերի:
Հրամանատարական հավաքների պարապմունքները հիմնականում անցկացրեցին 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալները և զորատեսակների պետերը, իսկ որպես նորարարություն` կարելի է փաստել, որ մեկ ամբողջ օր պարապմունքներն անցկացվեցին առաջնագծում: Գնդապետ Վ. Վարդանյանը, գնդապետ Ա. Օհանյանը, փոխգնդապետ Կ. Ավետիսյանը ցուցադրական պարապմունքների ձևաչափով ներկայացնում էին ուսուցանվողներին մարտական հենակետերում իրականացված նորամուծությունները, ինչպես նաև ի ցույց դնում առաջավոր փորձը դրանք տարածելու նպատակով:
Հրամանատարական հավաքների ընթացքում ներկաները հատկապես մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին գնդապետ Ա.Օհանյանի՝ «Դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից իրականացված գործողությունների վերլուծությունը ու գնահատումը: Գրոհային խմբերով հակազդման եղանակները» թեմայով դասախոսությանը. այն վերածվեց յուրօրինակ քննարկման, մտքերի արտահայտման, ինչպես նաև տարբերակների առաջարկման գործնթացի: Հավաքների չորրորդ օրը կազմակերպվեց առաջադրված խնդիրների վերաբերյալ գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների ընդունած որոշումների ունկնդրում:
Հընթացս կազմակերպվեցին նաև մշակութաժամանցային միջոցառումներ. մասնավորապես` հիսունից ավելի սպաներ այցելեցին Հայաստանի Հանրապետության պատմության պետական թանգարան: Թանգարանի աշխատակցուհիները ավելի քան երկու ժամ զինծառայողներին ներկայացնում էին հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերը:
Ամփոփելով հրամանատարական հավաքները` զորամիավորման հրամանատար, գեներալ–մայոր Կ. Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց առավել բարձր ցուցանիշներ ունեցած հրամանատարներին ու նրանց տեղակալներին: Նա ընդգծեց, որ գումարտակը կարևորագույն մարտավարական օղակ է և շատ հաճախ մարտական գործողությունների ելքի վճռորոշ գործոն, հետևաբար, միայն լավ պատրաստված հրամանատարը կարող է վստահ լինել ինչպես իր, այնպես էլ իր ենթակաների ուժերին՝ ցանկացած առաջադրանք կատարելու հարցում:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Ազգային բանակ