ԴԸՐԴՈ ՄԱՅՐԻԿՆ ՈՒ ԸՆԿՈՒԶԵՆԻՆ
–Ես հիմա ճուտի աչք որտեղի՞ց ճարեմ:
Մայրս նայում է զարմացած: Փաստորեն, բարձրաձայն եմ ասել: Նա գիտի, որ ես սպասում եմ գրող Վրեժ Սարուխանյանին. միասին գնալու ենք Էջմիածին` 25 տարի առաջ Սասնա Նիչ գյուղից Հայաստան տեղափոխված Սաբրիի տուն, որ տեսնենք Դըրդո մայրիկին: Դըրդո մայրիկը Սասնա Նիչ գյուղում է ապրում, մենակ է ապրում, ամեն առավոտ Սասնա բարբառով աղոթում է ու խաչակնքելիս ոչ թե երկինք է նայում, այլ՝ հողին…
–Ճուտի աչքն ի՞նչ ես անում:
–Սասնա լեռներում հիմա ճուտի աչքը ծաղկել, բարձրացել է մարդաբոյ ու բուրում է: Լեռները դեղին–դեղին են:
–Որտեղի՞ց գիտես,- մայրս ներողամիտ ժպտում է, իբր` էլի սկսեցիր ստեղծագործել:
–Դեղին են,- ասում եմ վճռական:
–Դեղին վարդեր վերցրու, էս փոքրիկ գլուխներով վարդերից, ճուտի աչքի նման են,- ծաղկավաճառը գտնում է ելքը:
♦♦♦
Սաբրիի տունը Մարիամ Աստվածածին եկեղեցու կողքին է: Եկեղեցին այնքան մոտ է, որ խաչն ու վառ շիկավուն քարերը երեւում են պատշգամբից: Մենք նստած ենք Արարատյան դաշտի բարիքներով ծանրաբեռ սեղանի շուրջ: Հեռվից նայողին կթվա` մի մեծ համերաշխ ընտանիք հավաքվել է սրճելու ու վայելում է փարթամ ծառերի զովը հուլիսյան կեսօրվա շոգին: Իմ դիմաց Սաբրին է` Դըրդո մայրիկի 8 զավակներից միակը, որը Հայաստան է տեղափոխվել: Նրա կողքին Սարգիսն է: Սարգիսը, ինչպես եւ Դըրդո մայրիկի մյուս զավակները, Ստամբուլում է ապրում: Սեղանի շուրջ ուրիշ սասունցիներ էլ կան` գրող Վրեժ Սարուխանյանը, նրա եղբայրը, Սաբրիի կինը, աղջիկը… Բոլորը սասունցի են, բացի ինձնից ու թուրք ռեժիսոր Սերդար Օնալից: Սերդար Օնալը վավերագրական ֆիլմ է նկարել Դըրդո մայրիկի մասին: «Դըրդո մայրիկն ու ընկուզենին» վերտառությամբ: Ֆիլմը առաջին մրցանակ է շահել Ստամբուլի 36-րդ միջազգային կինոփառատոնում: Իսկ օրերս Հայաստանում արժանացել է «Արծաթե Ծիրանի»: Սերդար Օնալնն ու Դըրդո մայրիկը եկել են Հայաստան, որ մասնակցեն ֆիլմի ցուցադրությանը:
…Ես առաջին անգամ եմ դեմ առ դեմ թուրք տեսնում, ու սրտիս զարկերը չգիտես ինչու արագանում են: Սերդար Օնալը երիտասարդ տղամարդ է, թուխ, փոքրիկ մորուքով, կանոնավոր դիմագծերով ու ժպտում է սիրալիր: Դըրդո մայրիկը գրկել է Սերդարի ուսերը ու ինչ–որ բան է ասում նրան: Ես հասկանում եմ, որ միայն Սերդար Օնալի հետ զրուցելու համար չէ ինձ թարգմանիչ պետք, ու շփոթված նայում եմ շուրջս:
–Ասում է` Սերդարին տղայիս պես սիրում եմ,- Սասնա բարբառը թարգմանում է Սարգիսը` Դըրդո մայրիկի կրտսեր որդին: Հետո Սաբրին, Սարգիսն ու Սաբրիի աղջիկը` Դայանան, իրար օգնելով ինձ համար թարգմանում են Սասնա բարբառը:
–Իմ մեղքով չէ,- ասում եմ: Ես ուզում եմ, որ Սերդարը հասկանա ասածս,- իմ մեղքով չէ, որ Սասնա բարբառը չեմ հասկանում: Չեմ լսել: Ես մեր մյուս բարբառները անթերի եմ հասկանում:
–Սասունում չե՞ս եղել,- հարցնում է Դըրդո մայրիկը:
–Չեմ եղել,- ասում եմ ես:
-70-80 տարի առաջ, երբ ես փոքր էի, Սասնա գյուղերում շատ հայեր էին ապրում: Հետո քիչ–քիչ գնացին: Որը` Ստամբուլ, որը` Հայաստան, որը` մեկ ուրիշ տեղ: «Փաստորեն, 80-ն անց է,- մտածում եմ»: Բայց տարիքին անհամեմատ երիտասարդ է երեւում: Բարձրահասակ, կին է, խիստ դիմագծերով:
–Հիմա մեր գյուղում 6-7 ընտանիք է մնացել: Ես մենակ եմ ապրում: Երեխեքս ասում են` արի՛ Հայաստան, արի՛ Ստամբուլ… Բա իմ տո՞ւնը: 1915 թվին մեր 100 հոգանոց գերդաստանից 3 հոգի մնաց: Տատս, հայրս ու հորաքույրս: Բոլորը սպանվեցին: Ով փրկվել էր, փախել էր սարերը, բայց սարերում քանի՞ օր կարող էին սոված մնալ: Երեխաները սովից ճչում էին ու չէին հանգստանում: Կանայք բարուրները գրկին, երեխաների ձեռքը բռնած, գիշերով սարերից իջել են գյուղ, որ փոքրիկներին կշտացնեն: Բոլորին սպանեցին:
Ես նայում եմ թուրք ռեժիսորին: Երիտասարդ տղամարդը մտազբաղ հայացքը հառել է մի կետի: Դժվար է գուշակել` հասկանո՞ւմ է Դըրդո մայրիկի պատմածը, թե ոչ: Ես ուզում եմ, որ նա չհասկանա: Ես ուզում եմ, որ նա հետո, մի ուրիշ տեղ լսի, թե ինչպես իրենց սեփական հողի վրա սրի քաշեցին սովից լացող երեխաներին կշտացնելու հույսով գյուղ իջած կանանց ու սովահար փոքրիկներին: Ես ուզում եմ, որ նա չհասկանա Դըրդո մայրիկի սասուներենը, որն ինձ համար, ինչպես օտար լեզուն, թարգմանում են: Ես ուզում եմ, որ սասունցի գրող Վրեժ Սարուխանյանը զսպի այտն ի վար հոսող արցունքն, ու Սաբրին լաց չլինի կնոջ, իր ջահել աղջկա եւ Ստամբուլից եկած հյուրի ներկայությամբ… Իսկ Դըրդո մայրիկը շարունակում է:
-12 տարեկանում ինձ պսակեցին: 11 երեխա ունեցա, երեքը մահացան, 8-ը, փառք Աստծու, ողջ ու առողջ են: Աշխարհից կտրված մեր գյուղում դպրոց անգամ չկա, ու բոլորը հեռացան գյուղից, բոլոր երեխաներս: Ես դեռ փոքր էի, երբ թուրք աղան սպառնաց հորս, որ եթե հավատափոխ չլինի, կմեռնի: Հայրս հավատափոխ եղավ: Ես խաչապաշտ մնացի` Տիրոջ զորությամբ: 1992թ. առաջին անգամ եկա Հայաստան: Հետո էլի եկա: Արմավիրի շրջանի Ապագա գյուղում շատ սասունցիներ կան: Մի աղջկա հավանեցի` Գայանե անունով, հարս առա Սաբրիիս: Ուզում եմ՝ բոլոր երեխաներս էլ Հայաստան տեղափոխվեն: Ես` չէ: Ես Նիչում եմ մնալու: Իմ տանը: Վաղը պիտի հետ գնամ: Տունս պիտի նորոգեմ: 40 տարի առաջ ամուսնուս մի թուրք սպանեց: Դրանից հետո շատերը հեռացան Նիչից: Ու ոչ միայն մեր գյուղից:
Տանը մարդ չկա, որ բարի լույս ասեմ, բայց լույսը բացվելու հետ բարձրաձայն ասում եմ` բարի լույս, որ հողը չմոռանա հայերենը, որ հողը իմանա` ինքը միայնակ չէ, ու պտուղ տա: Որ ընկուզենին պտղի: Լքված հողը պտուղ չի տալիս: Լքված ծառը չի ծաղկում: Ո՞ւմ համար ծաղկի:
Ամեն առավոտ ես բարձրաձայն աղոթք եմ ասում: Որ Աստված հիշի: Հիշի, որ մի ժամանակ այստեղ՝ այս հողի վրա, եկեղեցիներից հնչող հարյուրավոր ձայներ հայերեն էին պաշտում իրեն:
Ես նայում եմ լուսամուտին դրած դեղին վարդերի փոքրիկ փնջին ու վախենում եմ հարցնել` իսկ Սասնա լեռները ծաղկո՞ւմ են, մեր հեռանալուց հետո ծաղկո՞ւմ են լեռները: Ես շարունակում եմ մտածել, որ Սասնա լեռները դեղին են: Որ ճուտի աչքը բարձրանում է մարդաբոյ: Ու ծաղկի բուրմունքը հասնում է Նիչ, խառնվում ծաղկած ընկուզենու բույրին:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Հոգևոր-մշակութային