ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի չորրորդ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ:
Սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման, դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցման, իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրման, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները, իսկ համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:
Նիստին մասնակցել են նաև այս համայնքներում վերջին տարիներին ծրագրեր իրականացրած միջազգային գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ևս ներկայացրել են իրենց առաջարկությունները:
Նիստի ընթացքում քննարկման առարկա են դարձել սահմանամերձ համայնքների անվտանգության խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: