Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՁԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՏՊԱՎՈՐԻՉ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ» ՑԱՆԿԸ



ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՁԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՏՊԱՎՈՐԻՉ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ» ՑԱՆԿԸՄիացյալ Նահանգներում Ադրբեջանի վարձած չորս լոբբիստական և PR ընկերություններից մեկը Tool Shed խումբն է:

Այս շաբաթ կցանկանայի նմուշներ ներկայացնել Tool Shed խմբի` Ադրբեջանի հյուպատոսության համար կազմակերպած տպավորիչ միջոցառումներից: Խումբը մեծ օգուտ է քաղում այդ գործարքից՝ ամսական վճարելով ընդամենը 9 հազար դոլար ադրբեջանամետ բոլոր աշխատանքների համար:

Ամերիկյան օրենքը պահանջում է օտարերկրյա անձանց կողմից վարձվող ամերիկյան լոբբիստական և PR ընկերություններից ոչ միայն գրանցել իրենց հաճախորդներին Արդարադատության նախարարությունում՝ ըստ Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի, այլ նաև ներկայացնել նրանց օգտին իրականացված միջոցառումների մանրամասն ցանկը:

Պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են կատարվել Tool Shed խմբի կողմից ի նպաստ Ադրբեջանի հյուպատոսության, ես ստուգեցի Արդարադատության նախարարության կայքը, որտեղ Tool Shed խումբն ըստ ամսաթվերի թվարկել է իրենց ամբողջ գործունեությունը Լոս Անջելեսում գտնվող Արդրբեջանի հյուպատոսության համար:

Tool Shed խմբի միջոցառումների ցանկը սկսվում է 2009թ. ապրիլի 1-ից, բայց խորհրդավոր կերպով ավարտվում 2011թ. մարտի 31-ին: Սա, անկասկած, պետք է  որ Արդարադատության նախարարության պահանջների խախտում լինի, և անհրաժեշտ է ներկայացնել Միացյալ Նահանգների կառավարության ուշադրությանը: Այնուամենայնիվ, երկամյա զեկույցը ամբողջական պատկերացում է տալիս նրանց կատարած աշխատանքի մասին, որ այն տասնյակ էջեր է զբաղեցնում: Դրանցում ընդգրկված են հանդիպումներ տարբեր նահանգների համալսարաններում եւ համալսարանական պաշտոնյաների, ԱՄՆ քաղաքական գործիչների, հրեական լոբբիի եւ Իսրայելի պետական գործիչների հետ:

Կան տասնյակ այլ հանդիպումներ, որ Tool Shed խմբի սեփականատեր Ջեյսոն Կացը կազմակերպել էր Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի համար: Պետք է խոստովանել, որ Կացը շատ ցածր է վարձատրվել՝ ամսական 9 հազար դոլար չնչին գումարով` նման մասշտաբի հասանելիություն ապահովելով Ադրբեջանի համար ԱՄՆ տարբեր նահանգներում, մի բան, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը երբեք ի զորու չէր լինի ինքնուրույն իրագործել:

Ամերիկահայ համայնքը լոբբիստական և PR ընկերությունների բացը լրացնում է իր կազմակերպությունների և նրանց անդամների ակտիվ աշխատանքով: Այնուամենայնիվ, արհեստավարժ լոբբիստական և PR ընկերությունները կարող են շատ բան ավելացնել առկա հաջողություններին: Ցավոք, հայերի մեծ մասն ըստ արժանվույն չի գնահատում լոբբիստական և PR ընկերությունների աշխատանքը, հետևաբար, չի հավատում նման արժեքավոր և խիստ անհրաժեշտ աշխատանքների ֆինանսավորմանը

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Տարածաշրջան


02/08/2017