Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ մաս 2



Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատում
(1914-1917թթ.)

Մաս 2

Կովկասում հակառուսական ուժերի ընդհանուր ղեկավարությունն իրականացնում էր Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հանս ֆոն Վանգենհեյմը: Նրա առաջարկով վրացական կոմիտեի հետ տարվող աշխատանքները ղեկավարում է Վ. ֆոն Շուլենբուրգը: Նա կարողանում է կազմակերպել 750 հոգուց կազմված կամավորական ջոկատ եւ փորձում է վերականգնել կապերը Անդրկովկասում մնացած գործակալների հետ:
Կ. Պոլիս են գործուղվում վրացական «Անկախության կոմիտեի» անդամներ Միխայիլ Ծերեթելին, Վառլամ Չերքիզիշվիլին, Գեորգի Մաչաբելին, Լեո Կերեսելիձեն եւ այլք:
Ստոկհոլմում էր գերմանական հետախուզության կենտրոններից մեկը, որը գլխավորում էր Շվեդիայում Գերմանիայի դեսպան Հենրիխ Լյուցիուս ֆոն Շտեդտենը: Բեռնի եւ Կոպենհագենի իր գործընկերների հետ Հ. ֆոն Լյուցիուսը ղեկավարում էր վտարանդիությունում գտնվող եւ հակառուս ու հակաբրիտանական տրամադրություններ ունեցող, վերջիններիս հպատակ ազգային փոքրամասնությունների շրջանում քայքայիչ աշխատանքները: Գերմանացիները փորձում էին «հեղափոխականացման» միջոցով հասնել երկու կայսրությունների քայքայմանը: Գերմանական հետախուզությանը հաջողվում է հատկապես արդյունավետ գործել Ռուսաստանի դեմ: Այդ նպատակով 1916թ. մարտին Շվեյցարիայում կազմակերպվում է «Ռուսաստանի ոչ ռուս ժողովուրդների լիգան», որն իր մասնաճյուղերն ուներ նաեւ Շվեդիայում եւ ԱՄՆ-ում:
Լիգայի հիմնական ոգեշնչողների թվում էին Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպան Հանս ֆոն Վանգենհեյմը, գերմանական հետախուզության գործակալ, սոցիալ-դեմոկրատ Իզրայիլ Լազարի Գելֆանդը, որը միջազգային շրջանակներում հայտնի էր Ալեքսանդր Պարվուս անվամբ: Նա մեծ հարստություն էր կուտակել թուրքական բանակին զենք եւ զինամթերք մատակարարելով: Ա. Պարվուսը վերը նշված նպատակների համար գերմանական հատուկ ծառայություններից ստացել էր 2 միլիոն մարկ, ապա 20 միլիոն ռուբլի: Նա սերտ կապեր է ունեցել երիտթուրքական կուսակցության եւ օսմանյան կառավարության հետ: Պատահական չէ, որ Ա. Պարվուսին անվանում էին «Ռուսական հեղափոխության վաճառական»: Նա իր առաջնահերթ խնդիրներից էր համարում հակառուս տրամադրություններ ունեցող վրացիների միջոցով Կովկասում ապստամբություն բարձրացնելը: Ինչպես վկայում են արխիվային փաստաթղթերը, Լիգայի հետ համագործակցել է նաեւ բրիտանական հետախուզությունը, որն օգտագործել է նրա մարդկանց Ռուսաստան հեղափոխություն «ներմուծելու» եւ երկիրը ներսից քայքայելու համար:
Թեեւ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան հանդիսանում էին դաշնակիցներ, սակայն պատերազմի ընթացքում նրանց միջեւ ընթանում էր գաղտնի պայքար: Բրիտանական հետախուզությունը ուշի ուշով հետեւում էր Եվրոպայում գտնվող ռուսական եւ ֆրանսիական հետախուզությունների գործակալներին եւ որոշ դեպքերում միջամտում էր նրանց գործերին: Այսպես, 1917թ. ռուսական եւ ֆրանսիական հետախուզությունները որոշում են համատեղ ուժերով հափշտակել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հետախուզական լայն գործունեություն ծավալած գերմանական ռազմածովային կցորդ Հ. ֆոն Կրոնին: Բրիտանական հետախուզությունը կարողանում է կազմակերպել ավտովթար եւ դրանով խափանել օպերացիան:
«Դաշնակիցների» միմյանց նկատմամբ գործողությունները շարունակվում են նաեւ հետագա տարիներին: 1919թ. ամռանը իտալական կառավարությունը գաղտնի զենք եւ զինամթերք է մատակարարում Մուստաֆա Քեմալին, քանի որ չէր ցանկանում, որպեսզի հույները հաղթեն թուրքերին:
Նշենք, որ հեղափոխականացման տեսությունը վերստեղծվում եւ շրջանառության մեջ է մցվում մեր օրերում 1990-ական թվականներից եւ հայտնի է «վարդագույն» կամ «վարդերի հեղափոխություն» անվամբ:
Ա. Պարվուսը ցանկանում էր օգտագործել ՌՍԴԲ կուսակցության ծայրահեղ ձախակողմյա անդամներին, էսէռներին եւ այլ կուսակցությունների անդամների: Ուստի պատահական չպետք է համարել, որ գերմանական գլխավոր շտաբը եւ հետախուզությունը շտապում են օգտվել այդ հնարավորությունից:
Հ. ֆոն Վանգենհեյմը կազմակերպում է գերմանական կողմի համգործակցությունը Ա. Պարվուսի հետ: Վերջինս 1915թ. մարտին ներկայացնում է մանրամասն զեկուցագիր, թե ինչպես հեղափոխականացնել Ռուսաստանը:
Նշված գաղափարը ակտիվորեն կյանքի է կոչում Գերմանիայի պետական քարտուղարի տեղակալ Արթուր Ցիմմերմանը: Ցանկանում ենք նշել, որը հիշատակված գերմանացի դիվանագետ-հետախույզները սերտ կապեր ունեին երիտթուրքական կուսակցության եւ Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հետ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացրին արեւմտահայության ցեղասպանությունը: Գերմանացի բարձրաստիճան դիվանագետները պաշտպանության տակ են վերցնում թուրք ջարդարարներին` քողարկելով նրանց կատարած հանցագործությունները:
Անկասկած, թուրքական հետախուզությունը տեղյակ էր Կովկասից զգալի ուժերի տեղափոխման մասին: Պատերազմի նախօրյակին, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, թուրքերին հաջողվել էր կազմակերպել սահմանամերձ արդյունավետ գործակալական ցանց:
Իր հերթին, ռուսական հրամանատարության հետախուզական ծառայությունը, որը բացառապես հենվում էր սահմանային գործակալական ցանցի վրա, անուշադրության է մատնում ռազմավարական հետախուզությունը: Այդ իսկ պատճառով տեղյակ չէր հակառակորդի զորքի` դեպի սահման կուտակման մասին: Նշենք, որ սահմանամերձ գործակալական ցանցը պատերազմի առաջին իսկ օրից կազմալուծվեց, եւ բավականին երկար ժամանակ պահանջվեց, որ ռուսները վերականգնեն ռազմաճակատային գործակալական ցանցը:
Թուրքական հետախուզությանը հաջողվում է կապ հաստատել վրացական դրուժինաների հենքի վրա կազմավորված վրացական հետեւակային գումարտակի որոշ զինծառայողների հետ: Դա բացահայտում է Պրիմորսկյան ջոկատի հրամանատար գեներալ Լյախովը: Այդ իսկ պատճառով գումարտակը տեղափոխվում է Պարսկաստան` Ադրբեջանական ջոկատ:
Կովկասյան բանակի շտաբի հետախուզական բաժանմունքը գլխավորում էր փոխգնդապետ (հետագայում՝ գեներալ) Դ. Պ. Դրացենկոն: Նա բաժանմունքը գլխավորել է մինչեւ 1916թ. ապրիլ: Դրացենկոն մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի վերականգնի բանակային հետախուզական ծառայությունները: Կովկասյան բանակի շտաբը հետախուզական տեղեկություններ է ստանում իրեն կցված անգլիական բանակի մայոր Մարշից:
Ի տարբերություն ռուսների, թուրքական, ինչպես նաեւ գերմանական հետախուզությունները ակտիվ գործունեություն էին ծավալել ոչ միայն ռուսական սահմանամերձ շրջաններում, այլեւ Կովկասի տարբեր գավառներում:
Թուրքական եւ գերմանական արտաքին ու ներքին գործակալների շնորհիվ անսպասելի, ծրագրավորված եւ հաջող հարված հասցվեց ռուսական պաշտպանության առավել խոցելի տեղամասին` Բաթումի մարզին: Նշենք, որ մարտական գործողությունների հետագա ընթացքում թուրքական հրամանատարությունը Բաթումի շրջանը օգտագործում էր դիվերսիոն-հետախուզական խմբեր ափ հանելու համար: Այսպես, 1916թ. մայիսի 31-ին գերմանական U-38 սուզանավը, Բաթումից 45 մղոն հյուսիս, ափ է իջեցնում երեք չերքեզի: Նրանց հանձնարարված էր դիվերսիոն գործողություններ կատարել Վրաստանում` խափանելով ռուսական զորքի կանոնավոր մատակարարումը: Նշենք, որ նման գործողություններ կատարվում են նաեւ հետագայում, սակայն առանց որեւէ էական հաջողության:
Ինքնին հասկանալի է, որ երեք հոգով նրանք չէին կարող նման հանձնարարություն կատարել, եթե Անդրկովկասում գերմանացիները չունենային գործակալական ցանց, որը նրանք նախապատրաստել էին պատերազմից առաջ: Այդ ուղղությամբ հատկապես աչքի է ընկնում 1911-1914թթ. Թիֆլիսում գերմանական փոխհյուպատոս, կոմս Վերներ ֆոն Շուլենբուրգը: Նա ղեկավարել է Կովկասում գերմանական հետախուզական աշխատանքները եւ կարողացել էր հակառուս տրամադրություններ ունեցող տեղական բնակչությունից հավաքագրել գործակալներ: Պատերազմի նախօրյակին Վ. ֆոն Շուլենբուրգը մեկնում է Գերմանիա` արձակուրդ: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո Վ. ֆոն Շուլենբուրգին հանձնարարում են վրացիներից եւ լազերից կազմակերպել ազգային զինվորական ստորաբաժանումներ, որոնք գործելու էին ռուսական բանակի դեմ: Նա փաստական վկայություններ է թողել հայերի ցեղասպանության, մասնավորապես՝ Շապին Գարահիսարի հայ բնակչության կոտորածների մասին, ինչպես նաեւ 1918թ. վերջին Անդրկովկասում գլխավորել է գերմանական դիվանագիտական ծառայությունը: 1934-1941թթ. եղել է ԽՍՀՄ-ում Գերմանիայի դեսպանը: 1944թ. մասնակցել է Ա. Հիտլերի դեմ իրականացված անհաջող մահափորձին, որի համար ենթարկվել է մահապատժի:
Գերմանական եւ թուրքական հետախուզությունների գործակալները գործում էին այս կամ այն բարեգործական կազմակերպություններում: Դա հնարավորություն էր տալիս պատերազմից տուժած մահմեդական բնակչությանը «օգնություն» ցուցաբերելու անվան տակ լինել ռազմաճակատի տարբեր տեղամասերում, վերականգնել մարտական գործողությունների ընթացքում խաթարված կապը, տալ հրահանգներ եւ հավաքել հետախուզական բնույթի տեղեկություններ:
Գեներալ Ե. Վ. Մասլովսկու կարծիքով, գերմանական հետախուզությունը մեծ քանակությամբ գործակալներ ուներ Պարսկաստանում: Այդ խնդրում հատկապես զգալի աշխատանք էր տարել գերմանական հյուպատոս Շյունեմանը:
Գեներալը, սակայն, չի նշում, թե ինչպիսի հակամիջոցներ է ձեռնարկում ռուսական հետախուզությունը եւ հակահետախուզությունը: Նա նշում է, որ գերմանական հետախուզության աշխատանքներն ակտիվանում են հատկապես 1915թ. սկզբին: Նշված աշխատանքների համար գերմանացիները հատկացնում էին զգալի դրամական միջոցներ՝ հիմնականում ոսկի:
1915թ. կեսերից Պարսկաստանում հետախուզական եւ քայքայիչ դիվերսիոն աշխատանքները գլխավորում է գեներալ կոմս Կանիցը: Նա ձգտում էր ակտիվացնել վերը նշված աշխատանքները: Գեներալ Ե. Վ. Մասլովսկին նրան անվանում է «Գերմանական գլխավոր շտաբի տաղանդավոր սպա»:
Պարսկաստանը միաժամանակ հենարան էր գերմանացիների համար Միջին Ասիա թափանցելու եւ այնտեղ հակառուսական ապստամբություն հրահրելու համար: Նշված գործողությունը հաջողվում է իրականացնել 1916թ. վերջին եւ 1917թ. սկզբին:
1915թ. դեկտեմբերի 15-ին կոմս Կանիցը նախատեսում էր Պարսկաստանում կատարել պետական հեղաշրջում: Գերմանական հետախուզությունն այստեղ է գործուղում էմիր Նաջիին եւ լեյտենանտ Էրվին Շոյբներ-Ռիխտերին ու մեկ վաշտ: Նշենք, որ Է. Շոյբներ-Ռիխտերը տոհմիկ ազնվական էր, եւ այն անձնավորությունը, ով գերմանական արդյունաբերողների եւ բանկիրների շրջան մտցրեց Ադոլֆ Շիկլգրուբերին, որը հետագայում դարձավ Գերմանիայի վարչապետ` Ադոլֆ Հիտլեր անվամբ: 1923թ. նոյեմբերի 9-ի ֆաշիստների կազմակերպած մյունխենյան տխրահռչակ խռովության ժամանակ Է. Շոյբներ-Ռիխտերը սպանվում է, երբ Հիտլերին թեւանցուկ քայլում էր խռովարարների առաջին շարքում:
Ռուսական հակահետախուզության 1917 թ. նոյեմբերի 27-ի հաղորդման համաձայն, Կովկասում հետախուզական գործունեություն էր կատարում Մահմեդական բարեգործական կազմակերպության նախագահ Խոսրով բեկ Սուլթանովը: Նա եւ իր երկու եղբայրները` Սուլթանը եւ Իսքանդերը, հայտնի էին հակահայ հայացքներով: Խ. բեկ Սուլթանովը պատերազմի ժամանակ գլխավորել է Բաքվի մահմեդական բարեգործական կազմակերպությունը: 1919 թ. հունվարի 16-ին ադրբեջանական կառավարությունը նրան նշանակում է Ղարաբաղի եւ Զանգեզուրի ժամանակավոր գեներալ-նահանգապետ: Նա այդ պաշտոնը վարել է մինչեւ 1920 թ. մայիս: 1920 թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը Խ. բեկ Սուլթանովը կազմակերպել է Շուշիի հայկական թաղամասի բնակչության զանգվածային ջարդը, որի հետեւանքով զոհվեց 30 հազար հայ: Բաքվում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո Խ. բեկ Սուլթանովն իրեն հայտարարել է «Ղարաբաղի հեղկոմի նախագահ»: Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել, ապա Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովի միջնորդությամբ ազատվել եւ արտաքսվել է Պարսկաստան:
Գեներալ Ե. Վ. Մասլովսկու աշխատությունում նշվում է Կովկասյան բանակի հետախուզական ծառայության մասին: Հետախուզությունը իրականացվում էր երկու ուղղությամբ: Հավաքվում էին տեղեկություններ, որոնք անընդհատ ստուգվում էին, պարզվում էին ապագա ռազմական գործողությունների տեղանքի առանձնահատկությունները, թուրքական զինուժի սպառազինությունը, մարտակազմը եւ պատերազմի դեպքում հակառակորդի հնարավոր գործողությունները: Երկրորդ` կազմակերպվում էր հակառակորդի զինուժի մասին տեղեկությունների ստացումը:
Տեղանքի հետազոտմամբ զբաղվում էին Թուրքիայում դիվանագիտական զանազան` հյուպատոսի կամ գլխավոր հյուպատոսությունների քարտուղարների պաշտոններ զբաղեցնող գլխավոր շտաբի սպաները: Նրանք նաեւ ամենայն մանրամասնությամբ ծանոթ էին թուրքական զինուժի սպառազինությանը եւ ուսուցմանը: Ռուս զինվորականներն ամենայն մանրամասնությամբ ծանոթ էին Էրզրումի ամրոցին: Ավելին՝ նրանք ունեին ամրոցի ճշգրիտ պլանը:
Ե. Վ. Մասլովսկին նշում է, որ ռուսական գլխավոր շտաբի սպաները կատարել են ահռելի աշխատանք: Նրանք հիմնական հետախուզական տեղեկությունները ստանում էին Թուրքիայում բնակվող հայերից: Սակայն պատերազմի նախօրյակին Կովկասյան բանակի հետախուզական ծառայությունը գլխավորում է նորանշանակ մի սպա, որը արմատապես փոխում է արդեն երկար ժամանակ ստեղծված հետախուզական տեղեկությունների հավաքման համակարգը՝ փոխարենը չստեղծելով նորը: Ինչպես նշում է գեներալ Ե. Վ. Մասլովսկին. «Այդ հանգամանքը արտակարգ ծանր անդրադարձավ շտաբի աշխատանքների վրա՝ դժվարացնելով ժամանակին անհրաժեշտ գործակալային տեղեկատվության ստացումը»:
Երբ գեներալ Ն. Ն. Յուդենիչի առաջարկով ստեղծվում է Կովկասյան բանակի առանձին դաշտային շտաբը, գեներալ-կվարտիրմեյստեր (թիկունքի պետ, որը միաժամանակ տնօրինում էր բանակային հետախուզությունը եւ հակահետախուզությունը) է նշանակվում գեներալ Տոմիլինը: Շտաբի հետախուզական բաժանմունքի պետ է նշանակվում գնդապետ Դ. Պ. Դրացենկոն, որի օգնականներից էր կապիտան, ապա փոխգնդապետ, (հետագայում` գեներալ) Բ. Շտեյֆոնը: Թիֆլիսում մնում է ենթաեսաուլ Դուլցեւը, որը նմանապես կատարում է հետախուզական աշխատանք: Սակայն հետախուզությունը միշտ չէ, որ կարողանում էր ստույգ տվյալներ հայթայթել հակառակորդի զինուժի մասին: Ինչպես հետագայում է պարզվում, թուրքերը ռուսներին գերազանցում էին լեռնային հրետանիով:
Ռուսական հետախուզությունը հույսեր էր կապում քրդական մի շարք առաջնորդների հետ, որոնց թվում էր Ավդո ցեղի ցեղապետ Սիմկոն: Նրան ընդունում էին որպես հեղինակավոր ցեղապետի, պատվում էին ընդունելություններով, պարգեւատրում էին շքանշաններով եւ վճարում աշխատավարձ, իսկ նրա ցեղին մատակարարում էին զենք: Սիմկոն, օգտվելով բոլոր բարիքներից, ռուսներին կեղծ տեղեկություններ է տրամադրում թուրքերի մասին, իսկ 1914թ. դեկտեմբերին անցնում է թուրքերի կողմը: Սարիղամիշի ճակատամարտում թուրքերի խայտառակ պարտությունից հետո վերադառնում է ռուսների մոտ եւ սկսում կռվել թուրքերի դեմ: Այնուամենայնիվ, ռուսական հրամանատարությունը շարունակում էր օգտվել նրա ծառայությունից:
Համանման վերաբերմունքի է արժանանում Աբդուրռեզակը կամ Աբդուր Ռեզակը: Նա երկար տարիներ մնալով արտասահմանում, ապրում էր ռուսական կառավարության` արտաքին գործերի նախարարության կողմից տրվող գումարի հաշվին:
1914թ. սեպտեմբերին Աբդուրռեզակը Ֆրանսիայից ժամանում է Թիֆլիս, որտեղից նրան ուղարկում են Մակու: Տեղի ռուսական հյուպատոս Ս. Ն. Օլֆերեւը պետք է կազմակերպեր Աբդուր Ռեզակի եւ մեկ այլ քրդի` Մուստաֆա բեյի անցումը Թուրքիա: Նրանք պետք է կազմակերպեին Բոհտանի քրդերի ապստամբությունը ինչը, սակայն, նրանց չի հաջողվում:
Մուստաֆա բեյը ռուսներից Մակուի շրջանում ստացել էր հող, փող եւ զենք: Նա Սիմկոյի նման 1914թ. դեկտեմբերին անցավ թուրքերի կողմը եւ կռվեց գեներալ Ա. Մ. Նիկոլաեւի՝ Բայազետի (Անդրկասպյան կազակային բրիգադ) ջոկատի դեմ: Համանման քայլ է կատարում քուրդ ցեղապետ Աբդուլ Մեջիդը 1915թ., որը հանձնվում է ռուսական զորքերին Պատնոսի շրջանում:
Ռուս-թուրքական սահմանին բնակվում էր Շամշադինով բեկերի քրդական ընտանիքը: Նրանց ներկայացուցիչներից Էյուբ փաշան դեռեւս 1877թ. «անցնում» է ռուսների կողմը եւ կրկին դավաճանում: 1914թ. պատերազմի սկզբին Շամշադինովների մի մասն անցնում է Ռուսաստան եւ իր ծառայությունն է առաջարկում ռուսներին: Չնայած հայերի նախազգուշացմանը, ռուսները նրանց ընդունում են եւ հանձնարարում Կարսի մարզի սահմանների հսկողությունը:
Ռուսական գլխավոր շտաբը հատկապես մեծ հույսեր էր տածում Աշրեֆ բեկ Շամշադինովի նկատմամբ: Նրան հանձնարարված էր կազմակերպել Բայազետի եւ Դիադինի շրջաններում բնակվող քրդերի ապստամբությունը թուրքական իշխանությունների դեմ: Այդ նպատակի համար նրան է տրվում 50 հազար ռուբլի, սակայն, ի վերջո, ոչինչ չի հաջողվում:
Ռուս-թուրքական պատերազմը սկսվելուց հետո Շամշադինովների ցեղին պատկանող քրդերի մեծ մասն անցնում է թուրքերի կողմը, նրանց համար լրտեսում եւ մասնակցում մարզի հայ բնակչության կողոպուտին եւ կոտորածին:
1916թ. ամռանը Թիֆլիսում հայտնաբերվում է գերմանական հետախուզական կենտրոն: Ըստ որոշ տեղեկությունների, լրտեսական խմբի անդամներ են եղել Կովկասի փոխարքայի համհարզ Մենգեն, Թիֆլիսի կայսերական թանգարանի աշխատակից, դոկտոր Շուլցը եւ ուրիշներ:
Ինչպես հայտնի է, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կովկասյան բանակի կազմում գործում էին հայ կամավորական ջոկատներ, թվով ութը (մեկը պահեստային էր եւ տեղակայված էր Քանաքեռում), որոնց կազմում գործում էին հետախույզների առանձին ստորաբաժանումներ: Նրանց հետախուզական աշխատանքից կախված էին խմբերի հրամանատարների հետագա որոշումները:
Հայ կամավորական հետախուզական ստորաբաժանումներն աչքի են ընկնում 1914թ. դեկտեմբեր-1915թ. հունվար ամիսներին Սարիղամիշի օպերացիայի ժամանակ: Հատկապես աչքի են ընկնում Անդրանիկի 1-ին եւ Քեռու 4-րդ խմբի հետախույզները: 1-ին խմբի հետախույզները 1914թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կարողանում են հայթայթել կարեւոր տեղեկություններ թուրք-քրդական ուժերի տեղակայման եւ սպառազինության մասին: Նրանց տեղեկությունների շնորհիվ հնարավոր է լինում հայտնաբերել շրջանցիկ ուղիներ եւ մի քանի բնակավայրեր գրավել նվազագույն կորուստներով:
Սարիղամիշյան ճակատամարտի օրերին Քեռու հետախույզներն էին առաջինը, որ զեկուցեցին թուրքական գերակշիռ ուժերի հայտնվելու մասին: Ստացված տեղեկությունը Քեռին շտապում է հայտնել Կովկասյան 1-ին բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գ. Է. Բերխմանին: Նա, սակայն, անուշադրության է մատնում այդ կարեւոր տեղեկությունը, կարծելով, որ դժվարանցանելի տեղանքի եւ բնակլիմայական խստաշունչ պայմաններում հակառակորդը չի կարող լայնածավալ հարձակողական գործողություն ծավալել: Ինչպես պարզվեց հետագայում, Քեռու խմբի ուղղությամբ առաջանում էին թուրքական 10-րդ բանակային կորպուսի առաջապահ զորամասերը: Այդ կորպուսի գտնվելու մասին ռուսական բանակային հետախուզությունը որեւէ տեղեկություն չուներ:
Սարիղամիշի շրջանում ծանր պարտություն կրելուց հետո թուրքական հրամանատարությունը որոշում է Հյուսիսային Պարսկաստանի Դիլման քաղաքի շրջանում ջախջախել ռուսական զորքը եւ ներխուժել ռուսական սահմանամերձ շրջաններ, ուր գերակշռում էր մահմեդական բնակչությունը, եւ ապստամբություն բարձրացնել: 1915թ. ապրիլի 18-ին տեղի է ունենում Դիլմանի նշանավոր ճակատամարտը: Ռուսական ուժերի հրամանատարն էր Կովկասյան 2-րդ բրիգադի հրամանատար գեներալ Ֆ. Ի Նազարբեկովը (Թովմաս Նազարբեկյան): Ճակատամարտի հաղթանակում վճռորոշ դերակատարություն է ունենում Անդրանիկի հանձնարարությամբ հետախուզական առաջադրանքով Դիլմանի ուղղությամբ առաջացող Սմբատ Բորոյանի վաշտը:
Բանակային հետախուզությունը վճռորոշ դեր ունեցավ Էրզրումի գործողության ժամանակ: Ռուսական հրամանատարությունը տեղեկանալով, որ դաշնակիցները` Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, ցանկանում են ավարտել Դարդանելյան օպերացիան (սկսվել էր 1915թ. փետրվարի 19-ին եւ նպատակ ուներ գրավել Դարդանելի եւ Բոսֆորի նեղուցները), որոշում է օգտվել հարմար առիթից եւ գրավել Էրզրում ամրոցը: Ռուսների շտապելը հասկանալի էր: Նրանք գիտեին, որ թուրքական հրամանատարությունը Դարդանելի շրջանից զորքերը կտեղափոխի ռուս-թուրքական ռազմաճակատ եւ 1916թ. գարնանը կնախաձեռնի լայնածավալ հարձակում: Ուստի անհրաժեշտ էր մինչեւ օգնական ուժերի ժամանումը գրավել Փոքր Ասիայում թուրքերի ունեցած գլխավոր հենակետը` Էրզրում ամրոցը:
Կովկասյան բանակի հրամանատար գեներալ Ն. Ն. Յուդենիչը ձեռնարկում է քաղաք-ամրոցի գրավումը: Նրա մտահղացումը հանդիպում է Կովկասի փոխարքա, Կովկասյան բանակի գլխավոր հրամանատար, մեծ իշխան գեներալ Նիկոլայ Ռոմանովի (Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդի հորեղբոր) ընդդիմությանը: Մեծ իշխանը հասկանում էր, որ բնակլիմայական դժվարին պայմաններում օպերացիայի իրականացումը հղի է լուրջ վտանգներով: Ն. Ռոմանովը, լինելով փորձված պալատական գործիչ, օպերացիայի ողջ պատասխանատվությունը դնում է Յուդենիչի վրա:
Չնայած լուրջ եւ ծանրակշիռ հաջողություններին՝ Կովկասյան բանակի գլխավոր հրամանատար գեներալ Ն. Ռոմանովը վստահ չէր, որ օպերացիան հաջող ավարտ կունենա: Այդ կարծիքը մեծ իշխանի մեջ արմատավորել էր նրա խորհրդական, գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Ֆ. Ֆ. Պալիցինը: Վերջինս գերազանց գիտեր ամրոցի սպառազինության եւ պաշտպանական հնարավորությունների մասին: Այդ իսկ պատճառով խելահեղություն էր համարում ամրոցի գրոհը: Հետեւաբար Ն. Ռոմանովը հրամայում է դադարեցնել օպերացիան եւ վերադառնալ ձմեռանոցներ` Քյոփրիքյոյ: Ն. Յուդենիչը ենթարկվում է հրամանին եւ ուղարկում է երկու սպաների` գնդապետ (հետագայում՝ գեներալ) Ե. Վ. Մասլովսկուն եւ փոխգնդապետ (հետագայում՝ գեներալ) Բ. Ա. Շտեյֆոնին՝ նրանց հանձնարարելով կազմակերպել նահանջը: Սակայն այդ երկուսը, տեղում ուսումնասիրելով իրադրությունը, հանգում են այն եզրակացության, որ անհրաժեշտ է շարունակել օպերացիան:
Հավանաբար վերջնական որոշումն ընդունելու համար վճռորոշ նշանակություն ունեցավ 1916թ. հունվարի 28-ի գիշերը ռուսական հետախուզական ջոկատի համարձակ գործողությունը: Նրա կազմում էին թուրքերենին տիրապետող տեղացի հայ եւ ասորի կամավորները: Թափանցելով հակառակորդի թիկունք՝ ջոկատը գերում է թուրքական 38-րդ դիվիզիայի պետին, շտաբի ութ սպաներին, հրետանու պետին եւ այլոց: Վերադառնալու ճանապարհին ռուսները գերում են հակառակորդի մոտ երկու հարյուր զինվոր եւ գրավում երեք թնդանոթ:
Ռուսական զորքերը, որոնց կազմում գործում էին հայ կամավորները, գրավում են Մուշը: Քաղաք եւ գյուղ վերադարձած հայերը չափազանց ծանր պայմաններում վերսկսում են վերականգնողական աշխատանքները: Նրանք միաժամանակ կազմում են մարտական-հետախուզական խմբեր, որոնք, գործելով մի շարք դեպքերում ռուսական զորամասերի հետ, կարողանում են կարեւոր հետախուզական տեղեկություններ հայթայթել թուրք-քրդական ուժերի սպառազինության, թվաքանակի եւ հատկապես տեղաշարժերի մասին: Այդ խմբերը միաժամանակ մասնակցում են քրդական տարբեր ցեղերի դեմ նախահարձակ գործողություններին, որոնք նպատակ ունեին նաեւ ազատելու պատանդ հայ կանանց եւ երեխաներին:
Հայկական խմբերի ակտիվ հարձակողական գործողությունները դրդում են քրդական տարբեր ջոկատներին որոշ դեպքերում ձեռնպահ մնալ Մշո դաշտի հայկական բնակավայրերի վրա հարձակումից:
1916թ. հուլիսի 3-ին ռուսական զորամասերը գրավեցին Բաբերդը, հուլիսի 7-ին՝ Գյումուշխանեն, իսկ հուլիսի 12-ին՝ Երզնկան, ինչը հնարավորություն տվեց Երզնկան եւ Բաբերդը դարձնել ռուսական բանակային հետախուզության կենտրոններից մեկը: Ռուսական հետախուզությանը հատկապես հետաքրքրում էին Դերսիմի քրդերը, որոնք հայտնի են զազա անվամբ: Բանն այն է, որ դերսիմցի քրդերի ճնշող մեծամասնությունը դեմ էր թուրքական իշխանություններին, եւ մի շարք դեպքերում ապստամբություններ են բարձրացրել: Նրանք բարեկամական հարաբերություններ ունեին հայերի հետ եւ Մեծ եղեռնի տարիներին ապաստան էին տվել մոտ չորս հազար հայերի: Ուսումնասիրողների մի մասը ենթադրում է, որ նրանք ունեն հայկական ծագում: Հաշվի առնելով վերը նշվածը՝ նրանց մոտ ուղարկվում էին հետախույզներ: Վերջիններս դերսիմցիների օգնությամբ կարողանում էին թափանցել ավելի հեռու վայրեր եւ տեղեկություններ հայթայթել հակառակորդի մասին:
Երզնկայում հետախուզական գործունեություն էր ծավալում Սեբաստացի Մուրադը (Խրիմյան): Նա իր գործակալներին, որոնք թուրքերենին կամ քրդերենին ազատ տիրապետող հայեր եւ հույներ էին, ուղարկում էր քրդերի բնակության վայրեր: Մուրադը գործակալներ էր հավաքագրում նաեւ այն քրդերից, որոնք մշտապես բնակվում էին տվյալ շրջանում եւ բարեկամաբար էին տրամադրված հայերի նկատմամբ: Գեներալ Ն. Մ. Մորելի բնութագրմամբ. «Շնորհիվ Մուրադի՝ երկրամասի եւ նրա բնակչության շրջանում տիրող տրամադրության հիմնավոր իմացության եւ գործակալների հաջող ընտրության` հետախուզությունը Երզնկայից կատարվում էր բավականին արդյունավետ: Ջոկատի շտաբը ժամանակին տեղեկացված էր թուրքերի եւ քրդերի կողմից նախապատրաստվող հարձակումների, նրանց ուժերի կենտրոնացման, տեղաշարժի մասին»:
Երզնկայի հետախուզական աշխատանքները կատարում էր Չախալյանը: Նա նախկինում եղել էր Կովկասյան 1-ին բանակային կորպուսի հակահետախուզական բաժանմունքի աշխատակիցը: Չախալյանն ուներ երկու մշտական գործակալ ռեզիդենտ, որոնց գտնվելու վայրը Երզնկան էր: Նրանց էր ենթարկվում մի քանի շրջիկ գործակալ, վերջիններս հետախուզական տեղեկություններ էին հայթայթում տարբեր վայրերում շրջելով: Գործակալները մահմեդականներ էին, որոնք բարեկամաբար էին տրամադրված հայերի նկատմամբ, որն էլ հնարավորություն էր տալիս ամենայն մանրամասնությամբ տեղեկանալ գրավված շրջանների թուրք բնակչության տրամադրությունների, նրանց սպառազինության, թուրքական բանակի հետ ունեցած շփումների, նախապատրաստվող ապստամբությունների ժամանակի եւ նրանցում ընդգրկված ուժերի մասին:
Գեներալ Ն. Մ. Մորելի վկայությունից երեւում է, որ գործակալական մեծ ցանց ուներ Տեր-Վարդանյանը: Նա իր հետախուզական գործունեությունը քողարկում էր առեւտրով: Դա հնարավորություն էր տալիս Տեր-Վարդանյանին ազատորեն շրջել Սարիղամիշ-Կարսի շրջանում: Նա ոչ միայն հետախուզական տեղեկություններ էր հայթայթում, այլ տեղական բնակչությունից հավաքագրում էր գործակալներ, որոնք ուղարկվում էին նաեւ ավելի հեռու շրջաններ:
Ընդհանուր առմամբ, բանակային հետախուզությունը չի կարողանում կատարել իր վրա դրված առաջադրանքը, քանի որ նրա ղեկավարությունը չէր դրսեւորում համապատասխան վճռականություն եւ հետեւողականություն: Ն. Մ. Մորելի գնահատմամբ, առավել հաջող էր գործում Նոր Սելիմից 16 վերստ հեռավորության վրա՝ Թաղուն գյուղում տեղակայված հայկական 1-ին հատուկ հեծելավաշտը: Վերջինս կարողանում էր արժեքավոր տեղեկություններ հայթայթել հակառակորդի վերաբերյալ: Բանակային հետախուզությունը առավել հարուստ տեղեկություններ էր հայթայթում գործակալային հետախուզության շնորհիվ: Նոր Սելիմի շրջանում բնակվող հայերն ու հույները կամավոր հետախուզություն էին կատարում, քանի որ շրջանը մոտ էր գտնվում հակառակորդին, եւ դրանով իսկ նրանք փորձում էին ապահովագրել իրենց թուրքերի հնարավոր հարձակումից եւ շահագրգռված էին զինվորական հետախուզության հետ համագործակցելով:
1914-1918թթ. գերմանական հետախուզության պետ գնդապետ Վալտեր Նիկոլային իր հուշերում բարձր է գնահատում հայ գործակալների կատարած աշխատանքը: Նա ընդգծում է, որ հաշվի առնելով Թուրքիայի յուրահատուկ պայմանները, Անտանտի տերությունները դժվարանում էին այնտեղ հետախույզներ ուղարկել: Գնդապետը գրում է. «Հայերը` որպես լրտեսներ, շատ վճռական էին եւ սարսափելի»: Նա փորձում է այդ կերպ արդարացնել հայերի նկատմամբ թուրքական կառավարության իրականացրած զանգվածային կոտորածների եւ տեղահանության քաղաքականությունը` ցեղասպանությունը: Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: Վ. Նիկոլային պարզապես կեղծում է, փորձելով քողարկել ցեղասպանության պատճառները, ինչպես նաեւ դրանում Գերմանիայի մեղսակցությունը:

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու

Խորագիր՝ #46 (861) 24.11.2010 - 1.12.2010, Պատմության էջերից


09/12/2010