Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ



ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՓխրուն խաղաղության պայմաններում ՀՀ զինված ուժերը հետևողականորեն իրականացնում են մեր օդային սահմանների պաշտպանությունն ապահովող արդի ՀՕՊ միջոցների համալրումը: Հակառակորդի յուրաքանչյուր նոր զինատեսակ անհապաղ իր հակակշիռն է ունենում մեր զինված ուժերում:   Ի թիվս այլ միջոցների՝  մեր երկրի օդային սահմանն այսօր վստահորեն պաշտպանում են նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրները:

 Ստեղծման օրից ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի զորամասերը ակտիվ մասնակցություն ունեն գրեթե բոլոր համատեղ զորավարժություններին,  կատարելագործում են մարտական հմտություններն ու ամեն անգամ գերազանց գնահատականներով վերադառնում հայրենիք: ՌԴ Աշուլուկ զորավարժարանում անցկացվող զորավարժություններին մեր մարտական հաշվարկները ՀՕՊ ԱՊՀ միացյալ համակարգի շրջանակում մասնակցել են դեռևս 1999թ.` Ս-125 եւ Ս-75 մեքենաներով: Դրանից հետո նաև` ՕսաԱԿ մարտական մեքենաներով, իսկ սկսած 2007թ.` հաջողությամբ մասնակցում են նաև Ս-300 համակարգերով:

ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՀՕՊ մարտական հերթապահության ամենօրյա աշխատանքներին, ինչպես նաև օգոստոսի 29-ի զորավարժության նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելեցինք ՀՕՊ երկու զորամասեր: Սրանցից մեկի Ս-300 զենիթահրթիռային համալիրի հրամանատարական կետում ենք: Այստեղ ընթանում են պայմանական թիրախների հայտնաբերման աշխատանքները:

Մարտական կառավարման դահլիճում եռուզեռ է: Պայմանական թիրախների կոորդինատները, որ հաղորդվում են հրամանատարական կետից, գծագրավար աղջիկները  րոպե առ րոպե նշում են գծագրոցին (պլանշետին)՝ ուղեկցելով նշանակետերը: «Պատասխանատվությունը շատ մեծ է,- ասում են շարքային Արծվիկն ու Սյուզաննան,- շուրջօրյա գրաֆիկով հետևում ենք, որ ոչ մի անծանոթ թռչող օբյեկտ չխախտի մեր օդային սահմանը»: 24-ժամյա ծառայությունից հետո գծագրավարները հերթափոխ են իրականացնում և երեք օր հանգստանում են, քանի որ այս պատասխանատու գործը բացառիկ զգոնություն և ուշադրություն է պահանջում:

ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՄեր աղջիկների մարտական ոգին շատ բարձր է. լավ կրակում են նաև ինքնաձիգից,-ասում է փոխգնդապետ, զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ Ա. Սուքիասյանը: Նա Արցախյան ազատամարտի մասնակից է. 25 տարի է, ինչ ծառայում է ՀՀ զինված ուժերում: Երկու անգամ մասնակցել է ՌԴ Աշուլուկ զորավարժարանում անցկացված զորավարժություններին:

-2007 թվականին Աշուլուկի զորավարժությանը մասնակցել եմ` որպես զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատար: Խնդիրը կատարել ենք  անթերի, խոցել ենք նշանակետերը և գնահատվել ենք «գերազանց»: Բոլոր  զորավարժություններում հանդես ենք եկել լավագույն ցուցանիշներով,- նշում է փոխգնդապետը:- Հիմա նախապատրաստում ենք մեր զորամասի այն մարտական հաշվարկները, որոնք օգոստոսին մասնակցելու են Աշուլուկում կայանալիք զորավարժությանը: Ամենօրյա վարժանքներ ենք անցկացնում: Վստահ եմ՝ այս տարի ևս մեր ՀՕՊ ստորաբաժանումները գերազանց կդրսևորեն իրենց:

Հաջորդ ՀՕՊ զորամասում մեզ դիմավորում է հրամանատարի պաշտոնակատար, մայոր Ռ. Սարգսյանը: «Շուտով ինքներդ ականատես կլինեք  «N 1» մարտական պատրաստության վիճակի բերելու գործընթացին,- ասում է նա:  Զորամասի շարահրապարակում մարտական հերթապահության այդ օրվա պատասխանատու, կապիտան Ահարոնյանը զեկուցում է.

Պարոն մայո՛ր, կրճատ մարտական հաշվարկը շարված է փոխարինման:

Հրամայում եմ ստանձնել մարտական հերթապահություն` ՀՀ օդային սահմանների պաշտպանության համար: Դիվիզիոն` «N 1»,- հրամայում է մայոր Սարգսյանը:

ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԿրճատ հաշվարկի անձնակազմի զինծառայողներն անմիջապես վազքով տեխնիկայի սպասարկման համապատասխան կետերում զբաղեցնում են իրենց դիրքերը: Դիզելային էլեկտրակայանները հռնդյունով գործի են դրվում` ապահովելով ռազմական տեխնիկայի սնուցումը: Շրջելով զորամասի տարածքում՝ ականտես ենք լինում Ս-300 զենիթահրթիռային համակարգի գործարկման բոլոր մանրամասներին:

Ս-300 զենիթահրթիռային համալիրը նախատեսված է աերոդինամիկ նշանակետերի, բալիստիկ և թևավոր հրթիռների ոչնչացման համար,- իրենց տեխնիկան և դրա` մարտական վիճակի բերման գործընթացը համառոտ ներկայացնում է մայոր Սարգսյանը:- «N 1» մարտական պատրաստություն հայտարարելու դեպքում արձակման կայանները բերվում են մարտական վիճակի: Մարտական հաշվարկի ներդաշնակ աշխատանքի շնորհիվ կատարվում է նշանակետի գրավում և ավտոմատ ուղեկցում: Նշանակետի՝ խոցման գոտում հայտնվելուն պես` հրամանատարի որոշումով կատարվում է համապատասխան հրթիռների նշանուղիների նշանակում և հրթիռի արձակում: Պայմանական նշանակետերի ոչնչացումից հետո կատարվում է կրակի արդյունքների գնահատում և զեկույց վերադաս հրամանատարությանը,- բացատրում է մայորը: 

Հրամանատարական կետում վահանակի առջև զինծառայողների շարքում են այս տարի Աշուլուկ՝ զորավարժության մեկնելու պատրաստվող անձնակազմից մայոր Աբրահամյանն ու լեյտենանտ Մարգարյանը:

ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՄեկնարկային մարտկոցի հրամանատար, մայոր Աբրահամյանն արդեն 7 տարի է, ինչ ծառայում է Ս-300 զենիթահրթիռային դիվիզիոնում. «Ամենօրյա մարզումներ ենք իրականացնում` միջազգային մրցումներում մեզ հնարավորինս լավ դրսևորելու համար,- ասում է նա:- Ընդհանուր առմամբ, նույն աշխատանքն ենք կատարելու, ինչ երկար տարիներ ամեն օր իրականացնում ենք: Իհարկե, իրական նշանակետերի վրա հիմա էլ ենք մարզվում` ուղեկցելով մեր յուրային ռմբակոծիչները: Տարբերությունն այն է, որ այստեղ թիրախը ոչնչացնելու փուլն իրականացնում ենք նմանակիչների օգնությամբ, իսկ այնտեղ խոցելու ենք իրական  թիրախներ:

Առաջին անգամ եմ զորավարժությանը մասնակցելու,- ասում է լեյտենանտ Մարգարյանը,- հանդես եմ գալու որպես «գրավման սպա»: Տեխնիկայի ուղեկցման օպերատորների հետ համատեղ «գրավման  սպան» իրականացնում է օդային հարձակման միջոցի գրավում` տրամադրվող կոորդինատների հիման վրա:

Չնայած, որ մեր անձնակազմը լուրջ մարտական հմտություններ ունի,  սակայն Աշուլուկում կայանալիք զորավարժությանը ինտենսիվ պատրաստվում ենք: Վստահ եմ, որ լավ արդյունք ենք ցուցաբերելու: Մեր պատրաստվածությունն այս պահին կգնահատեմ լավ, սակայն իրական արդյունքը՝ թե ինչի ենք ընդունակ, ցույց կտանք զորավարժության ընթացքում:

Ավելի ուշ, արդեն զորամասից դուրս, հանդիպեցինք ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալվարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի հետ, որը հետաքրքիր փաստեր պատմեց ՌԴ Աշուլուկ զորավարժարանում անցկացվող զորավարժությունների մասին: «Ամեն պետություն չէ, որ տիրապետում է Ս-300 զինատեսակին: Այս զենիթահրթիռային համակարգերն այսօր  աշխարհում նաև քաղաքական դերակատարում ստանձնած ՀՕՊ միջոցներից են:

ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՄինչև Աշուլուկ մեկնելը՝ մեր հաշվարկները ՌԴ համապատասխան վերապատրաստման կենտրոնում  դասընթացներ կանցնեն, կհավաքեն, այսպես կոչված, զորավարժարանային թույլտվության բալերը. ինչը ամեն տարի հաջողությամբ իրականանում է:

Ամենակարևորն այն է, որ այդ զորավարժությունների ընթացքում մասնակիցներին իրական մարտական գործողություններին առավելագույնս մոտեցված բավականին բարդ օդային իրադրություններ են առաջադրվում: Կարևոր է նաև այն, որ զորավարժություններին մի քանի պետությունների՝ Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի հաշվարկներ են մասնակցում, և նրանց միջև առողջ մրցակցության մթնոլորտ է հաստատվում:

Նշեմ նաև, որ արդեն ավանդաբար այս զորավարժություններին մասնակցում են ԱՊՀ երկրների, հատկապես` ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների պաշտպանության նախարարները, այդ թվում նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարը: Չնայած, որ Ադրբեջանի ՀՕՊը չի մասնակցում զորավարժությանը, բայց հակառակորդ երկրի պաշտպանության նախարարը, ՊՆ ներկայացուցիչները միշտ ներկա են լինում, կարծում եմ` ավելի շուտ տեսնելու և գնահատելու համար, թե ինչպես են գործում ՀՀ ՀՕՊ հաշվարկները: Սա ևս մեկ առիթ է՝ մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ այդ զորավարժություններում հանդես գալու համար:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Ազգային բանակ


02/08/2017