ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ-2017» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ-ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի՝ Հանքավանի մերձակայքում Հայաստանի և Արցախի ավելի քան 200 ուսանողների ու երիտասարդների մասնակցությամբ կազմակերպած «Միասնության ուժը-2017» ուսանողական-երիտասարդական հավաքի մասնակիցներին:
Ողջունելով ճամբարի մասնակիցներին` պաշտպանության նախարարը կարևորել է նման հավաքների նշանակությունը և հորդորել ազատ ժամանակն օգտագործել հայրենաճանաչողության ու լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու համար:
Շեշտելով, որ հայրենասիրությունը չի սահմանափակվում միայն ժամկետային զինվորական ծառայության երկու տարիներով կամ փորձության պահին վճռական քայլն անելու պատրաստակամությամբ՝ Վիգեն Սարգսյանը հավելել է, որ այն նախևառաջ մեր ձգտումն է՝ բարեփոխելու, շենացնելու և հզորացնելու Հայաստանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմնադրույթները, անդրադարձել զինվորական ծառայության նոր պայմաններ առաջարկող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին, ինչպես նաև պատասխանել է սահմանամերձ համայնքների խնդիրներին և ռազմաբժշկական ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցերին: