Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ



ԶԻՆՎՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆՄի քանի օրից նորակոչիկները կերդվեն ու զինվոր կկարգվեն: Իսկ առայժմ՝ արդեն չորրորդ շաբաթը շարունակ, նախապատրաստվում են այդ արարողությանը: Ընտանիք, սիրելի աղջիկ, ընկերներ, հավաքույթներ. այս ամենը չորս շաբաթ առաջ մնաց երկրի հյուսիսարեւելյան սահմանները պաշտպանող զորամասի պատերից այն կողմ: Այստեղ որոշիչը կարգապահությունն է: Ծառայության առաջին օրերը տղաների համար դիմացկունության իսկական փորձություն են. առավոտյան վերկաց, շարային քայլ, ֆիզիկական ուսուցում, եւ ոչ մի զիջում: Հարմարվո՞ւմ  են արդյոք  բանակային խստակյաց առօրյային:

 Կենցաղային սպասարկման սենյակում նորակոչիկները կարգի են բերում համազգեստը, արդուկում նույնիսկ ամենափոքր ծալքերը: Սուրենը, որ մինչ այս թեթեւ ատլետիկայով էր զբաղվում՝ գունդ էր հրում, սկավառակ նետում, հիմա բոլորի նման ջանում է արդուկել շապիկը առանց մի մատնաչափ շեղվելու, առանց ավելորդ շարժում անելու:  Չնայած տղաներն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել են աշխատանքի վրա, բայց մի պահ կանգ են առնում, երբ Սուրենը սկսում է պատմել իր չորս ամսական դստեր մասին: Եվ նրա բարի աչքերն ավելի են բարիանում:

Ոմանք էլ փաթաթվել են սավանով ու նստել վարսավիրի աթոռին: Մի ամբողջ զորամասի վարսավիրը լինելու պատիվը չորս օր առաջ զորակոչված Ժորային են վստահել: Մազ հարդարել բանակ գալուց առաջ է սովորել: Կատակում է. չի պատկերացրել, որ մի օր էլ իր մոտ հերթ կգոյանա: «Այստեղ ես մրցակցությունից դուրս եմ` ինչպես բրենդային մի վարսավիր,-լայնաշուրթ ժպտում է զինվորը:-Ձեռքս մեկմեկ նույնիսկ հոգնում է, բայց շարունակում եմ գործս. տղաները պետք է պատշաճ տեսք ունենան»: Սանրի ու մկրատի խրթխրթոց չի լսվում, մազ կտրելու սարքն է միալար  դզզում: Սարիբեկը նայում է հայելու մեջ ու գոհ ժպտում. «Ճիշտ մարդու եմ վստահել գլուխս»:

Սենյակի պատուհանից այն կողմ էլ նորակոչիկների մի խումբ ֆիզիկական կարողություններն է «շտկում». երդման օրը ծնողներին ու հարազատներին պետք է զարմացնեն: Հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվելու և նրան ոչնչացնելու հնարքները տղաները կատարում են փորձառու մարտիկին վայել բծախնդրությամբ: Զինվորներին հավասար վարժությունները կատարող լեյտենանտի՝ Սերգեյ Օհանյանի տեւական աշխատանքի արդյունքն է: «Ուսումնական գումարտակում գլխավորը զինվորի նկատմամբ սպայի, հրամանատարի ցուցաբերած վերաբերմունքն է. սիրեցիր զինվորին, լավ վերաբերվեցիր նրան, նա էլ վարձահատույց կլինի իր բարեխիղճ ծառայությամբ»,-ասում է  դասակի հրամանատարն ու շարունակում հրահանգավորումը:

Մարտական զենքով վարժաձեւերը լեյտենանտ Համբարձումյանի դասակն է  կատարում: Եվ  այնքան սահուն ու համաչափ, որ թվում է՝ պատվո պահակախմբի տղաներն են շարահրապարակում:  «Ամեն շարժում մանրակրկիտ մշակված է: Ոչ մեկը չի թերանում, գլուխ չի պահում: Լավ տղաներ են՝ հետաքրքրասեր, աշխույժ, պատրաստակամ, ամուր: Կարճ ժամանակում կտիրապետեն զինվորի գործին»,-վստահեցնում է լեյտենանտն ու մատնացույց անում նորակոչիկներից մեկին: Արկադի Ադամյանն է: Նրանից առողջություն, կամք ու ինքնավստահություն է բուրում: Անթերի տեսք ունի, անվրդով դեմք: Ըմբշամարտիկ է. «Երբ հասա զորամաս, ինձ թվաց՝ այստեղ մի անգամ արդեն եղել եմ: Անբացատրելի հարազատություն զգացի եւ միանգամից էլ ձուլվեցի զորամասային կյանքին: Իսկ գետի վշշոցը, իրար վրա թառած կանաչ ծառերը տրամադրում են սրտանց ծառայելու»:

Նորակոչիկները ձգվում են, ձայնին ներդաշնակ՝ ոտքով դոփում գետնին ու երգով անցնում շարահրապարակով: Պատվի են առնում ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Դավթյանին: Վերջինս էլ գոհ ժպտում է. տղաներն իսկական զինվոր դառնալու ճանապարհին են:

 ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ 

Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Ազգային բանակ


09/08/2017