Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ



ԿՅԱՆՔԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿՄտնում եմ գետնատնակու մի պահ չեմ հասկանում` ինչ է կատարվում: Ծիծեռնակների մի խումբ բարձր ծլվլոցով անկանոն թռչում է դես ու դեն` պտույտներ գործելով օդում ու համարյա դիպչելով գլխիս:

Էս ի՞նչ էր,- անակնկալի եկած՝ հարցնում եմ երիտասարդ զինվորականին:

Ծիծեռնակներ են,- բացատրում է հանգիստ: –Տեսեք` քանի բույն են շինել:

Ես նստում եմ օճորքին: Բոլոր բներում ձագեր կան:

Ի՞նչ էլ տեղ են գտել բույն սարքելու,- լարվածությունս դեռ չի անցել:

Չէ՛, ինչո՞ւ,- զինվորականը ժպտում է ներողամիտ,- մենք իրար լավ ենք հասկանում:

Մենք` ո՞վ:- Ես ճիգով ձայնիս փափուկ ելեւէջներ եմ տալիս:

Դիրքապահ տղաներն ու ծիծեռնակները: Ամեն մեկս մեր բույնն ու մեր ձագերին ենք պաշտպանում: Պայմանագրայինների մեծ մասը մոտակա գյուղերից է:

Ինձ տեսան, գազազեցին,- ես դեռ «կռիվ» եմ տալիս ծիծեռնակների հետ:

Որովհետեւ անծանոթ եք: Մտածեցին` կվնասեք ձագերին կամ կքանդեք իրենց  բույնը:

Ահա թե ինչ, փաստորեն հարձակման էին պատրաստվում, դիրքավորվում էին,- զինվորականը բարձրաձայն ծիծաղում է:

Չէ՛, ինքնապաշտպանության,- ասում է,- մենք ու մեր ծիծեռնակները մեր ունեցածն ենք պաշտպանում օտարներից: Չենք հարձակվում:

Ես Գեւորգն եմ,- երիտասարդ զինվորականը մեկնում է ձեռքը: Ու մենք «հաշտվում ենք»:

Այս դիրքն իմ երկրորդ տունն է, ես այստեղ եմ մեծացել,- ասում է Գեւորգը:- Հայրս 22 տարի այս դիրքում զենքը ձեռքին կանգնել է թշնամու առաջ: Ինձ հետը հաճախ էր բերում պոստեր: Հետո հայրս թոշակի գնաց: Ու  ես փոխարինեցի նրան: Արդեն չորս տարի է՝ պայմանագրային զինծառայող եմ: Բերքաբեր գյուղից եմ: Մեր գյուղը կպած է դիրքին, իսկ քիչ այն կողմ ադրբեջանցիներն են. մեր պատշգամբից ադրբեջանցիների տները երեւում են: Փոքրուց կրակոցների ձայնը մեր առօրյայի մի մասն է եղել: Ուժեղ գնդակոծությունների ժամանակ տղամարդիկ երեխաներին հանում էին գյուղից: Հիմա էլ նույնն է: Երբ ադրբեջանցիներն անկանոն կրակում են, մարդիկ շարունակում են աշխատել այգիներում, ասես ոչինչ չի եղել, փորում են, սալոր ու լոբի են հավաքում: Նույնիսկ կենդանիները` խոզերն ու հավերն են արհամարհում ադրբեջանցիների աննպատակ «ելույթները»: Բայց պատահել է, որ խփել են «վտանգավոր» զենքով: Մի անգամ դիրքերում էի, երբ ականանետով խփեցին: Ականը պայթել էր մեր բակում, տան պատուհանները ջարդվել էին, բայց, փառք Աստծո, ոչ մեկը չէր վնասվել

Ուզում եմ Ձեր պատշգամբից նայել ադրբեջանցիներին ու տեսնել ականի բացած փոսը,- ասում եմ Գեւորգին:

Համ էլ տղայիս հետ կծանոթանաք: Գոռս երեք տարեկան է, հենց Ձեզ տեսնի, կասի

Ես հասկանում եմ, որ ոչինչ չեմ հարցրել Գեւորգի ընտանիքի մասին: Այն մարդկանց մասին, որոնց օրն սկսվում ու ավարտվում է թշնամու նշանառության հետ: Ես վերջապես գլխի եմ ընկնում, որ ադրբեջանցիների տներն ու դիրքերը եւ թշնամու գնդակոծումից առաջացած փոսը տեսնելուց առաջ տրամաբանական կլիներ, որ ցանկանայի տեսնել Գեւորգի փոքրիկ տղաներին ու հարցնեի նրա մորը` դժվար չէ՞ արդյոք 26 տարի շարունակ սպասել, թե երբ դիրքերից կիջնեն ամուսինդ ու որդիդ, մանավանդ` երբ երբեմն կրակոցները դառնում են ուժգին ու հասցեական

Գիտեք, ինձ մի պահ թվաց, թե ծիծեռնակները չղջիկներ են, ես շատ եմ վախենում չղջիկներից: Մի անգամ մեր լուսամուտը բաց էինք թողել…,- անվստահ արդարանում եմ ես, իբր` չղջիկներից վախենալու պատճառով էր, որ մոռացա դիրքապահի հարազատներին:

Զինվորական մեքենան թափահարելով հաղթահարում է խորդուբորդ զառիթափ, նեղ կածանն ուհրաշք: Ասես գետնի տակից աչքերիդ առաջ բացվում է դրախտը: Անտառապատ, կանաչ բլուրների գրկում` արեւից փայլող լիճը, Սուրբ Գեւորգ եկեղեցին` վարդագույն, սրբատաշ քարերով, ավելի հեռվում սեւ, փայլփլուն ահռելի ժայռաբեկորը` վրան Գագաբերդը: Ես իջնում եմ մեքենայից ու մոտենում ձորապռնկին, որտեղից տեսարանն ասես ափիդ մեջ է:

Գեւորգին դուր է գալիս իմ զմայլանքը: Դեմքին անթաքույց հպարտություն կա:

Հիմա հասկանում եմ, թե ինչու եք այսպես ամուր կպած Ձեր հողին: Այս գեղեցկության համար մեկ չէ, հազար կյանք էլ կտաս,- ասում եմ ինքս իմ ասածին խորապես հավատալով:

Բարեւ, աղջի՛կ ջան:

Նոր եմ նկատում, որ կանգնած եմ փոքրիկ միհարկանի տան ցանկապատի մոտ:

Բարեւ, բարեւ, տատի՛կ ջան,- ընդգծված սիրալիրությամբ պատասխանում եմ ողջույնին:

Նե՛րս եկեք,- տատիկը ձեռքով է անում` մոտենալով դարպասին:

Ես Գայանեն եմ,- ասում եմ՝ գրկելով տատիկին,- Երեւանից եմ, եկել եմ հոդված գրելու դիրքապահների մասին:

Բարով ես եկել, ես էլ քո Ամալյա տատիկն եմ,-տատիկի խալաթից վարդի, դեղձի, ռեհանի խառը հոտ է գալիս, որը հիշեցնում է Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղի` պապիս տան նկուղի հոտը: Հանկարծ ես հասկանում եմ, որ  կպել եմ տատիկի կրծքին, հոտոտում եմ նրա խալաթն ու բաց չեմ թողնում գրկիցս: Գեւորգը նայում է զարմացածշփոթված ժպիտով:

Որ դիրքապահները չլինեն, մենք կորած ենք: Իմ թոռն էլ է  զինվորական` դիրքապահ: Ամեն ընտանիք պիտի գոնե մի դիրքապահ ունենա: Հիմա շատ քիչ են կրակում, որովհետեւ գիտեն` մերոնք մեկին երկու պատասխանելու են:

Այգում վարդերը ծաղկել են, փիփերթը գորգ է հյուսել հողին, իսկ  ծառերից  մրգերը դեռ չեն քաղել: Ամալյա տատիկը եռանդուն ներսուդուրս է անում ու սեղանը լցնում գյուղական բարիքներով:

Սա վարդավառի նազուկ է, սա շուշանի թթու, սա պանիր, սա իմ քաշած օղին:

Արեւշատություն,- ասում եմ ես: Իմ գյուղում այդպես են ասում օջախն օրհնելիս:

Անփորձանք լինեք,- ասում է Ամալյա տատիկն ու դատարկում օղու բաժակը: Րոպեներ անց մեր մեքենան կանգ է առնում Գեւորգենց դռանը:

ԿՅԱՆՔԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿԵթե ես նկարիչ լինեի, մի սիրուն կտավ կպատկերեի ու վրան կգրեի` երջանկություն: Գյուղական մեծ ընտանիքը հավաքվել է սուրճի սեղանի շուրջ: 90-ամյա Երան տատը, տանտիկինը` Սվետան, Գեւորգը, նրա գեղեցկուհի կինը` Լուսինեն, երկու փափլիկ սիրուն տղաները` երեքամյա Գոռն ու մեկամյա Արշավիրը, ընտանիքի  դուստրը` Գայանեն, ու նրա նշանածը: Բոլորն էլ ժպտուն ու պայծառ: Այգում կանաչ ծառերի տակ վազվզում են հավերն ու խոզերը: Ես կանգնել եմ ու անելիքս չիմացողի պես մի պահ վայելում եմ այս գեղեցիկ, բարի, տրամադրող տեսարանը:

Որ մեծանամ, գնալու եմ պատերազմ, թուրքերին կրակեմ,- ասում է երեքամյա Գոռը` դիմելով ինձ:

Չե՞ս վախենում,- ես բռնել եմ հանգը:

Չէ՛,- երեխան թափահարում է գլուխը,- պապայիս հետ եմ գնալու:

Հա, պապայիդ հետ ես էլ չէի վախենա,- համաձայնում եմ ես:

Ինքը կրակոցների սովոր է,- ասում է Գոռի մայրը` Լուսինեն:-Բոլորս էլ սովոր ենք: Մարդը ամեն ինչի սովորում է: Սկզբում, երբ Գեւորգը դիրք էր բարձրանում, անհանգստությունից տեղս չէի գտնում, գիշերները չէի կարողանում քնել: Հետո հասկացա, որ այս գյուղում ապրող յուրաքանչյուր տուն դիրք է, ու այդ տներում ապրող յուրաքանչյուր մարդ` դիրքապահ: Երբ մենք գյուղում ենք, մեր  ամուսինները, հայրերը, եղբայրները հազարապատկված քաջությամբ են կանգնում թշնամու առաջ: Մարդաշատ, շեն գյուղը ամենաանառիկ դիրքն է ու ամենաուժեղ զենքը:

Ես մոտենում եմ պատշգամբին, որ նորից տեսնեմ եկեղեցին, լիճը, Գագաբերդը:

Մա՛մ ջան, չտխրեսբանակ ենք գնում ախպերս ու ես,- ականջիս է հասնում երեքամյա Գոռի երգը: Ես շրջվում եմ: Ու հանկարծ, չգիտես ինչու, հիշում եմ գետնատնակի օճորքին բույն հյուսած ծիծեռնակներին

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Ազգային բանակ


09/08/2017