Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՈՒ ՏՈՆԵՐ՝ ՄԻԱՍԻՆ



ԵՐԿՈՒ ՏՈՆԵՐ՝ ՄԻԱՍԻՆԳեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում նոր ուսումնական փուլին ընդառաջ, շարունակվում են զինվորական երդման հանդիսավոր արարողությունները, որը զորամասերից մեկում համընկավ զորամասի օրվա տոնին:

Երդման արարողության ընթացքում հանդիպեցինք նորակոչիկների ծնողներին, հարազատներին: Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղից Դավիթ Հարությունյանի մայրը՝ Սաթենիկ Ղարագյոզյանն առողջական խնդիր ունի՝ նա հենակով է, զորամասի սպաները սիրով ընդառաջել են նորակոչիկի մորը՝ աթոռ են տրամադրել: Սաթենիկի լուսավոր դեմքը, ժպիտն ու կենսախնդությունը վարակիչ են.

-Եկել եմ տղայիս զինվորական երդմանն ականատես լինելու: Ինձ համար պատիվ է, որ տղաս դառնում է հայոց բանակի զինվոր: Համոզված եմ,  այս պահին Դավիթս էլ է երջանիկ: Կցանկանամ, որ հայ ազգի բոլոր զինվորները լինեն առողջ,  ծառայության մեջ և կյանքում երբևէ չհանդիպեն խոչընդոտների: Վստահ եմ, տղաս լավ զինվոր կլինի:

ԵՐԿՈՒ ՏՈՆԵՐ՝ ՄԻԱՍԻՆՀետաքրքիր զուգադիպությամբ, տիկին Սաթենիկի խոսքի ավարտին անմիջապես հետևեց Դավիթի երդումը: Հայրենյաց սիրո մեջ մոր սիրո ուժը տեսնող զավակը բարձր տրամադրությամբ երդման տեքստն է կարդում, որդու ամեն մի խոսքին, հնչյունին անթաքույց հետևող մայրը սրբում է ուրախության արցունքները…

Կոտայքի մարզի Սոլակ գյուղից Կարեն Սամսոնյանի երդմանը մասնակցելու համար թվում է՝ ժամանել է գյուղի բնակչության մի ստվար մաս՝ բազմաթիվ հարազատներ՝ տատ, մայր, քեռիներ, հորեղբայրներ, մորաքույրներ, հորաքույրներ, նրանց հետ՝ փոքրիկներ, դեռահասներ, պատանիներ… երկար ճանապարհից ու ամառվա տապից՝  հոգնածության ոչ մի հետք, ոչ մի տրտնջոց.

-Հպարտ ենք, որ Հայրենիքին արժանի զավակ ենք տալիս, մեր Կարենը բոլորիս պատիվը բարձր կպահի: Աստված պահապան մեր բոլոր զինվորներին,-բարեմաղթում են նորակոչիկի տատը, մայրը՝ Նարինեն,  Հայկուշ մորաքույրը…

Հայոց բանակի շարքերը համալրեցին բազմաթիվ նորակոչիկներ, որոնց հպարտ կեցվացքը, հանդիսավոր երդումը, զորամասի երգի խրոխտ կատարումը, ցուցադրական շարային պարապմունքը, փակ աչքերով հրաձգային զենքի քանդումն ու հավաքումը վկայեցին, որ նրանք զորացրված իրենց հմուտ ու փորձառու ծառայակից ընկերների արժանի փոխարինողներն են, որոնց մեջ քիչ չէին ապրիլյան մարտական գործողությունների մասնակից խիզախ ու արի զինվորները:

ԵՐԿՈՒ ՏՈՆԵՐ՝ ՄԻԱՍԻՆՀուզիչ էին շարքայիններ Աղաբեկյանի և Ղուկասյանի ելույթները.

-Հասցրել ենք հասկանալ, որ մենք ենք այն սերունդը, որ եկել ենք փոխարինելու մեր հերոս տղաներին, ովքեր մինչ օրս անառիկ են պահել մեր Հայրենիքի սահմանները…

Իսկ Տիգրանն իր ելույթը եզրափակեց հայ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հայրենասիրական բանաստեղծության ոգեշունչ տողերով.

,,Հայո՜ց աշխարհհայո´ց երկիրհայո´ց հող,

Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող:

Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,

Աշտարակներդ՝  Արագած ու Արարատ:

Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին,

Շուքդ մնա իմ ապավեն հովանին…,,:

ԵՐԿՈՒ ՏՈՆԵՐ՝ ՄԻԱՍԻՆԱյնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ՝ նվիրված զորամասի օրվան: 2002թ. կազմավորված այս զորամասը չնայած չի մասնակցել մարտական գործողություններին, սակայն որպես հարվածային ուժ, արդյունավետորեն իրականացնում է առաջադրված խնդիրները զորամիավորման պաշտպանության ամբողջ ճակատով:

Որպես զինվորական փառքի ու արիության խորհրդանիշ, զորամասին 2011թ.  հանձնվել է մարտական դրոշ: Իսկ զորամիավորման մարտական պատրաստության, պատրաստականության և զինվորական կարգապահության 2015թ. և 2016թ. արդյունքներով զորամասը ճանաչվել է լավագույնը:

Ելույթ ունեցան զորամիավորման հրետանու պետը, զորամասի հրամանատարը, մի շարք նորակոչիկներ, ովքեր, ի թիվս երկարամյա փորձառու զինծառայողների, նույնպես արժանացան խրախուսանքի:

ԵՐԿՈՒ ՏՈՆԵՐ՝ ՄԻԱՍԻՆԳնդապետ Ս. Սիմոնյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացված զինվորական երդման հանդիսավոր արարողությունն ու զորամասի օրվան նվիրված հանդիսավոր միտինգի ավարտին:

Նորակոչիկների հարազատներն ուրախությամբ իմացան հրամանատարության անակնկալի մասին՝ զորամասի շարահրապարակին հարող տարածքում բացազատված էին ուսումնական տեղամասեր, որտեղ ցուցադրվում էին տեխնիկայի ու սպառազինության այնպիսի նմուշներ. դրանք ծառայության ընթացքում պետք է կցվեն նոր երդում ընդունած զինվոր-հրետանավորներին:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

 

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


14/08/2017