ԽԱՉՔԱՐ-ԿՈԹՈՂ՝ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մասրիկցի Վրեժ Սարգսյանը հերոսի մահով ընկավ ապրիլի երկուսին՝ Թալիշի մարտական հենակետերից մեկում: Մասրիկցի հերոսը զոհվեց իր մարտական ընկերոջ՝ Հարություն Աբրահամյանի հետ:
Օգոստոսի 24-ին Փոքր Մասրիկ գյուղում Տեր Գևորգ քահանա Տեր–Բարսեղյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի օրհնությամբ և հարազատների, մարտական ընկերների, համագյուղացիների, դպրոցականների, զինվորականների մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվեց պայմանագրային զինծառայող, սերժանտ Վրեժ Սարգսյանի հիշատակը հավերժացնող Խաչքար–կոթողը: Զինվորական նվագախումբը կատարեց ԶՈՒ օրհներգը, որից հետո խաչքարի բացման պատիվը տրվեց հերոսի չորսամյա որդուն՝ փոքրիկ Վարդանին: Ներկաների խոնարհված հայացքների ներքո հերոսի որդին կտրեց կարմիր ժապավենը:
Դիմելով ներկաներին Տեր Գևորգ քահանա Տեր–Բարսեղյանն ասաց.
– Այսօր անմահ հերոսի հիշատակը հավերժացնող ևս մեկ խաչքար կանգնեցրինք: Մեր եղբոր կատարած հերոսությունը թող լցվի բոլորիս սրտերը և Աստված նրա հոգին թող լույսի մեջ պահի: Աստված մեր Հայրենիքի փրկության համար զոհված բոլոր հերոսների հոգին թող լույսի մեջ պահի: Այն հայրն ու մայրը, որ նման հերոս են ծնել, սնել ու դաստիարակել, նրանք նույնպես հերոս են:
Դիպուկ էր ՌՈ Վարդենիսի կայազորի պետ, գնդապետ Միսակ Սահակյանի խոսքը.
– Պատահական չէ ընտրված խաչքարի տեղադրման վայրը՝ մեր մարտական հենակետերից մի քանի կիլոմետր հեռու: Սա խորհուրդ ունի իր մեջ: Այս խաչքարը ոչ միայն հերոսության խորհրդանիշ է, այլև ուժի: Այն ուժ կտա նաև մեր Հայրենիքի սահմանները գիշեր ու զօր արթուն հսկող դիրքապահներին:
Հուզիչ էր հերոսի հոր՝ Վարդան Սարգսյանի, միակ խոսքը.
– Թեկուզ այսպիսի ծանր գնով՝ երանի մենք միշտ թուրքին հաղթենք:
…Այնուհետև ներկաները խնկարկեցին ու ծաղիկներ խոնարհեցին հերոսի Խաչքար–կոթողի մոտ:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ