ՄԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Արմավիրի մարզի Ապագա համայնքի միջնակարգ դպրոցը օգոստոսի 23-ին մարդաշատ էր: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի 29-ամյակը առիթ հանդիսացավ, որ ապագացիները մեկտեղվեն` կրկին հիշելու հերոսի մահով ընկած իրենց համագյուղացուն: «Մենք գնացինք,որ դուք ապրեք» խորագիրը կրող հուշ-ցերեկույթը կազմակերպել էր լրագրող Զվարթ Խաչատրյանը:
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ,կապիտան Կիրակոսյանի զինակից ընկերները,մշակույթի վաստակավոր գործիչներ, հոգևորականներ, համայնքապետարանի ղեկավար կազմը,դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, հյուրեր, համագյուղացիներ,Կիրակոսյանների հարազատները:
Հուշ-ցերեկույթը մեկնարկեց կապիտան Հովսեփ Կիրակոսյանի մասին տեսանյութով,որտեղ ներկայացված էր զինվորականի անցած,թեև կարճ,բայց փառքով պսակված ուղին,հաջողությունները,կոչումներն ու պարգևները:
…Հուշ-ցերեկույթը համեմված էր հայրենասիրական երգերով ու ասմունքով: Կատարումներով հանդես եկան դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, գուսան Հայկազունը, երիտասարդ երգիչներ Վովա Աթանեսյանը, Ռուբեն Իշխանյանը, քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը:
Հովսեփի մարդկային բարձր արժանիքների մասին խոսեցին դպրոցի տնօրեն Մ.Մխիթարյանը, գյուղապետ Ա.Բարսեղյանը: Պատմեցին ու հիշեցին Հովսեփի հետ կապված հիշարժան դրվագներ: Ներկա ժամանակով էին խոսում հերոսի մասին: Խոսում՝ լի հուզմունքով, ցավով ու հպարտությամբ:
-Հովսեփը լուրջ ու համեստ երեխա էր: Դեռ փոքրուց խոսում էր զինվոր դառնալու մասին: Դժվար է ինձ խոսել Հոսոյի մասին: Աչքիս առաջ է մեծացել: Իր խոսքի տերն էր: Մի տեսակ հանգստություն կար նրա մեջ: Ի՞նչ ասեմ, շնորհավոր ծնունդդ հերոս ջան,- ասաց Հովսեփի առաջին ուսուցչուհին՝ Հասմիկ Մուրադյանը:
ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության բաժնի պետ, գնդապետ Բարեղամ Մուրադյան.
-Սիրելի ներկաներ, հյուրեր և մեր զինակից ընկերոջ հարազատներ: Մենք Հովսեփի ծննդյան օրը նշում ենք առանց նրա,բայց համոզված ենք, որ Հովսեփի հոգին այստեղ է՝ հայրենի գյուղում: Հովսեփ Կիրակոսյանը այն տղերքից է, որ զոհվեց հանուն հայրենիքի, հանուն այսօրվա խաղաղության: Հանուն իր որդիների՝ Գեղամի և Էրիկի ազատ ու անկախ ապրելու: Նա գիտակցված գնաց թշնամու դեմ՝ փրկելով իր զինվորներին: Հավերժ փառք կապիտան Հովսեփ Կիրակոսյանին:
Արցախյան ազատամարտի մասնակից, կանանց ՀԿ նախագահ Աիդա Սերոբյանը խոսելով Հովսեփի մասին, նախ դիմեց կապիտանի մորն ու կնոջը.
-Սիրելի տիկին Մարգարիտա,հարգելի Մարիամ , ես շատ լավ եմ հասկանում ձեր հոգու ցավը: Այսօր ինչ խոսքեր էլ ասվեն, ձեր սրտի մորմոքը,ցավն ու կսկիծը չեն պակասելու: Մի բան կարող եմ ասել՝ Ձեր որդին այլևս մեր բոլորի որդին է: 29-ը տարի առաջ միայն դուք և ձեր հարազատներն էիք ճանաչում Հովսեփ Կիրակոսյանին: Իսկ այսօր ողջ հայ ազգը գիտի Ձեր հերոս որդու սխրանքի մասին:
Այդուհետ Տեր Ներսես քահանա Ռուշանյանն օրհնեց ներկաներին ու աղոթք բարձրացրեց առ Աստված՝ վաղաժամ կյանքից հեռացած կապիտանի հոգու հանգստության համար:
Միջոցառումն ավարտվեց Հովսեփ Կիրակոսյանի անվան պուրակում՝ հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:
Զոհվեց, որ իր զինվորներն ապրեն
Մարիամը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի այրին է: Գիրկն առած որդիներին՝ Գեղամին ու Էրիկին, երիտասարդ կինը հպարտությամբ է հիշում ամուսնու հետ ապրած կյանքի՝ թեև կարճ ,բայց ջերմությամբ ու սիրով լեցուն ամեն մի պահը:
-Հովսեփի հետ հինգ տարի էլ չհասցրինք ապրել: Ռազմական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո տեղափոխվեցինք Ստեփանակերտ: Դեռ լեյտենանտ էր, դասակի հրամանատար: Զորամասում ծառայակիցների համար Հովսեփ Կիրակոսյան էր, զորամասից դուրս՝ Հոսո… Սիրեց Ղարաբաղը՝ շատ սիրեց… Օդն ու ջուրը, ծառն ու թուփը: Միշտ ասում էր. «Նայի ինչ հրաշք բնություն է, ոչ մեկին չեմ տա…»:
Հովսեփը սիրում էր իր մասնագիտությունը: Նա հոգատար սպա էր: Նույնիսկ հանգստյան օրերին պարտադիր մի քանի անգամ զորամաս էր գնում: Ասում էր` չեմ կարողանա հանգիստ քնել: Գնամ զինվորներիս տեսնեմ-հետ գամ:
Չեմ կարող նկարագրել ինչքան սիրալիր ամուսին էր: Երջանիկ պահեր շատ եմ ապրել: Ճիշտ է՝ ֆիզիկապես շատ էր բացակայում տանից, բայց միշտ կապի մեջ էր:
Երեխաների համար խելքը իրենը չէր: Երբ ծնվեց Գեղամը աշխարհով մեկ էր եղել: Էրիկը նրա կյանքն էր: Սիրում էր խնամել, հոգ տանել: Շատ էր օգնում ինձ: Տանը եղած ժամանակ տղերքով ինքն էր զբաղվում: Բայց բանակն առաջնային էր նրա համար: Նույնիսկ երեխաների կողքին էլ մտքում զորամասն ու զինվորներն էին:
Չորս տարի Ստեփանակերտում ծառայելուց հետո տեղափոխեցին Մադաղիս: Մենք էլ` նրա հետ: Հովսեփն արդեն կապիտան էր: Սպայի հետ ամուսնացած լինել նշանակում է ծառայող լինել:
Հովսեփը լավ ընկեր էր: Մեր տանը հյուրերի պակաս երբեք չենք զգացել: Սիրում էր մաքուր, ազնիվ, անկեղծ մարդկանց: Ինքն էլ էր այդպիսին…
Ապրիլի մեկին հերթապահ էր: Հոգնել չուներ,բայց առավոտյան հոգնած էր եկել: Որոշեց հանգստանալ: Օրը երեխաների հետ անցկացրեց: Շուտ պառկեցինք: Գիշերվա մեկին տան դուռը թակեցին: Հովսեփը գնաց, մի քանի րոպե հետո վերադարձավ ու ասաց, որ երեխաներին շտապ հագցնեմ: Մեծիս հագցրի, Էրիկիս փաթաթեցի ծածկոցի մեջ ու շտապ իջանք նկուղ: Հովսեփն էլ իր դաշտային համազգեստը հագավ, գրկեց որդիներին: Գլուխը դրեց Գեղամի գլխին, համբուրեց ու ասաց. «Պապան շուտով հետ կգա…»:
Կրակոցի ձայները սարսափելի էին: Երեխաներիս գիրկս առած սպասում էի: Չէի հասկանում ինչ է կատարվում: Պատերազմի մասին շատ էի լսել: Բայց լսածս ու տեսածս նման չէին իրար: Թվում էր՝ երկինքը պատռվել է ու ռումբերի անձրև էր տեղում: Երեխաները ճչում էին:
Հովսեփը գնաց ու էլ հետ չեկավ… Վերջին անգամ, երբ խոսեցի հեռախոսով, ինձ հորդորեց ամեն կերպ պաշտպանել երեխաներին: Ինքը պաշտպանեց շատերին ու գնաց…
Ցավս բառերով չեմ կարող նկարագրել: Բայց տղերքս ինձ ուժ են տալիս դիմանալու: Հովսեփը կյանքը տվեց իր զինվորների համար, ու իր քսանհինգ զինվորներից ոչ մեկը չզոհվեց: Միայն մեկն էր վիրավորվել:
Գեղամի ու Էրիկի համար Հովսեփը փառահեղ ժառանգություն թողեց` պատիվ ու հպարտություն: Տղերքս հետո ավելին կիմանան իրենց հոր մասին ու կհպարտանան,որ կապիտան Հովսեփ Կիրակոսյանի նման հերոս հայր են ունեցել:
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Մեր հերոսի՝ սակրավորային վաշտի հրամանատար կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հետ ծանոթացա 2015թ. աշնանը, պաշտպանության բանակի ուսումնական վարժարաններից մեկում՝ ձմեռային ուսումնական փուլի վարժանքների ժամանակ: Ավագ լեյտենանտի ուսադիրներով, բարձրահասակ, կապուտաչյա ու գեղեցկատես դասակի հրամանատարը աչքի էր ընկնում ոչ միայն իր արտաքինով, այլ նաև հրամանատարին բնորոշ բարձր որակներով: Վաշտի հրամանատար կապիտան Արման Սահրադյանի առաջադրանքը՝ այն է ականապատել պայմանական հակառակորդի հետ շփման գծի մի որոշակի տարածք, Հովսեփը ենթականերին այնքան հասկանալի ու վարժ ներկայացրեց, որ դասակը առաջադրանքը կատարեց անսխալ, պարզապես գերազանց…
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #34 (1205) 30.08.2017 - 05.08.2017, Ճակատագրեր