Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՄԻՇՏ ԶԻՆՎՈՐ Է



ԼԱՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՄԻՇՏ ԶԻՆՎՈՐ ԷԳնդապետ ԱՐԹՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆԸ հրետանային զորամասի հրամանատար է: Նա հայկական սպայական դպրոցի առաջին շրջանավարտներից է: Այսօր նրա եւ նրա սերնդակիցների շուրջ է ձեւավորվում նոր ժամանակների՝ 21-րդ դարի հայկական բանակը:

 

-Ծնվել եք…

-1978 թվականին, Գյումրիում: Խիստ չար ու անհանգիստ երեխա էի (ժպտում է):

 

-Ինչո՞ւ ընտրեցիք զինվորականի մասնագիտությունը:

-Սկսվեց Արցախյան պատերազմը: Մորեղբայրս` Արտավազդ Ալիխանյանը, կռիվ գնաց: Զոհվեց 1992 թվականին՝ Կիչան-Սրխավենդ ռազմաճակատային հատվածում: Տասնչորս տարեկան էի: Իմ մանկության ամենածանր հարվածն էր: Թատրոնի շենքում հավաքվել էր ամբողջ քաղաքը՝ վերջին հրաժեշտը տալու մորեղբորս: Այդ օրն էլ որոշեցի՝ զինվորական եմ դառնալու:

 

-Ե՞րբ ընդունվեցիք ռազմաուսումնական հաստատություն:

-Քսաներկու տարի է՝ զինված ուժերում եմ: Այն ժամանակ կոչվում էր ռազմահրամանատարական բազմաբնույթ ուսումնարան:  Քննություններս լավ հանձնեցի: Բայց ինձ չընդունեցին: Բոյս չէր համապատասխանում՝ մեկ ու վաթսունինն  էր,  այն ժամանակ սահմանված չափանիշը մեկ ու յոթանասունն էր:

 

-Հիասթափվե՞լ էիք:

-Ասես խլել էին երազանքս: Հասկանում էի՝ ինչ էլ անեի, դժվար թե  բոյս բարձրանար: Բայց բախտս բերեց. դիմորդների մեջ բարձրահասակները քիչ էին: Մեկ ամիս անց զանգեցին, կանչեցին: Վերջապես ժպիտ եկավ դեմքիս:

 

-Եթե այդ զանգը չլիներ…

-Միեւնույն է, ես նույնն էի լինելու, այսինքն՝ զինվորական, հրետանավոր:

 

-Հավատո՞ւմ եք ճակատագրին:

-Հավատում եմ անհնարինի՛ն: Իմ սերունդը հավատում է (լռում է՝ կարծես դասավորում-վերադասավորում է մտքերը)… Պետությունը նոր-նոր էր հաղթահարում հետպատերազմական հետեւանքները: Մենք՝ ռազմաուսումնական հաստատության երկրորդ հոսքի կուրսանտներս, հայտնվել էինք բանակի առաջին քայլերի ծանրության արանքում: Եվ սովորում էինք, եւ այսօրվա համալսարանի պատերը շարում, քար տաշում: Բայց գոհ էինք, որովհետեւ անկախությունն առավոտվա թարմ օդի պես մի բան էր մեզ համար:

 

-Կուրսանտական տարիների անմոռաց տեսարանը:

-Երբ առաջին անգամ հանդիպեցի Վազգեն Սարգսյանին: Նա եկել էր մեզ հետ զրուցելու: Վարարած գետի էր նման՝ համարձակ, անպարտելի, պայքարող եւ այնքան ազատ: Օր չի անցնում, որ չհիշեմ նրա կերպարը, բառերը, շարժուձեւը:

 

-Ո՞րն է լավ հրամանատարի Ձեր չափանիշը:

-Նա միշտ զինվոր է:

 

-Իսկ՝ հրետանավորի՞:

-Հրետանավորը պետք է հրաշալի գլուխ հանի մաթեմատիկայից: Նա չպետք է պարզապես արկեր շպրտի հակառակորդի վրա, այլ պետք է դրանք խնամքով «դասավորի» հակառակորդի կրակակետերում: Այնքան խնամքով, որ  հանկարծ չվնասի յուրայիններին, որոնք հնարավոր է՝ ամրացած լինեն ընդամենը 20-30 մետր հեռավորության վրա:

 

-Ձեր սիրելի զինատեսակը:

-Գրադն է` իմ առաջին զենքը: Հզոր է, կենսունակ եւ շատ արագ է բացազատվում: Մի քանի համազարկով մարտադաշտի ուզածդ հատվածը «հնձած արտի» կվերածի:

 

-Ամենաբարդ պաշտոնը, որ երբեւէ ստանձնել եք:

-Երբ ավարտեցի ինստիտուտն ու նշանակվեցի հրետանային մարտկոցի հրամանատար: Ամենափոքր զինվորս 27 տարեկան էր, իսկ ես՝ ընդամենը 21: Կյանք տեսած, երեխայատեր տղաներ էին: Սպաներն էլ` պատերազմով անցած, փորձառու մարդիկ: Սկզբնական շրջանում ինձ չէին վստահում` կռված չէի: Ես պիտի նվաճեի նրանց համակրանքը:

 

-Եվ հասա՞ք Ձեր նպատակին:

-Համենայն դեպս, ես այնտեղ յուրացրի սպայի ինքնահաստատման այբուբենը:  Եվ մի կարեւոր հետեւություն արեցի. եթե ուզում ես, որ քեզ հարգեն, ուրեմն հարգանքի արժանի մի բան արա:

 

-Կարծեմ՝ գերազանցությամբ ավարտել եք Միխայլովի անվան հրետանային ակադեմիան:

-Դրանք գիտակցաբար սովորելու, աշխարհի հետ շփվելու տարիներ էին: Ես ընտելացա ինքս ինձ, ձերբազատվեցի ավելորդ կասկածներից, ավելի  համարձակ դարձա, ձեռք բերեցի ղեկավարելու հմտություն, սովորեցի բարդ իրավիճակներում հանգիստ գործել: Ես բացահայտեցի թույլ եւ ուժեղ կողմերս, առաջնորդության գաղափարն ու ինձ ավելի վստահ էի զգում, երբ նշանակվեցի հրետանային բրիգադի հրամանատար:

 

-Եվ ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը:

-Հիշողությունս:

 

-Թույլ կողմը:

-Մեկ-մեկ զայրանում եմ (ժպտում է):

 

-Պատկերացնո՞ւմ էիք, որ մի օր պատերազմի կիզակետում պիտի հայտնվեք:

-Ապրիլյան մարտագործողություններին տարիներով նախապատրաստվել էի զորավարժադաշտերում: Հարվածներ ստացել ենք, ունեցել ենք վիրավորներ: Բայց մեր խնդիրն անկորուստ ենք կատարել: Հրամանատարի համար ավելի կարեւոր բան կա՞:

-Պատերազմը փոխե՞ց Ձեզ:

-Պատերազմը մեկընդմիշտ հստակեցրեց սեւի ու սպիտակի սահմանները: Սեւը մահն է, մնացած ամեն ինչ սպիտակ է:

 

-Իսկ՝ հրետանու նկատմամբ վերաբերմո՞ւնքը:

-Համոզվեցի՝ հրետանով հնարավոր է «սանրել» պատերազմի խճճված, չենթարկվող ուղղությունները: Ինչքան բանակիդ հրետանին ուժեղ է, այնքան մեծ է հարձակողական ներուժդ:

 

-Ութ ամիս է` ստանձնել եք նոր պաշտոն: Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը:

-Ես իմ առաջ խնդիր եմ դրել ոչ թե պարզապես մարտունակ պահել զորամասը, այլ այն դարձնել ռազմական լուրջ խնդիրներ լուծելու ունակ:

 

-Ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Հաղթանակի ու խաղաղության…

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #34 (1205) 30.08.2017 - 05.08.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/09/2017