ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐՆ ԱՎԵԼԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Փախչանյան, օգոստոսի 22-ից 27-ը Դուք մասնակցել եք Մոսկվայում անցկացվող «Բանակ-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսին: Մասնագետները նկատել են, որ մեր տաղավարն այս տարի շատ ավելի գրավիչ էր, եւ այսպես են բնութագրել՝ «Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը որակական թռիչք է կատարում»: Համամի՞տ եք:
-Նախորդ տարվա համեմատ՝ այս անգամ ընդլայնել էինք մեր ցուցահանդեսային տարածքը, գրավիչ էր տաղավարի դիզայնը, եւ որ ամենակարեւորն է՝ ներկայացված միջոցներն էին շատ ավելի հետաքրքիր: Այնպես որ, այո, մի քանի քայլ առաջ էինք: Ցուցահանդեսը բացառիկ էր մասնակից ընկերությունների թվով՝ հազարից ավելի կազմակերպություններ ներկայացրել էին իրենց արտադրանքը: Մեզ շնորհվել է «Ֆորումի լավագույն ցուցադրություն» մրցանակը:
-Խոսենք մեր ներկայացրած նորույթների մասին: Հատկապես ուշագրավ էր «Շղարշ» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը: Ի՞նչ կառուցվածք, հնարավորություններ ունի այն:
-«Շղարշը» արդյունավետ ճնշում է GPS ու GLONASS համակարգերի ազդանշանը՝ մի շարք ժամանակակից ռազմական միջոցների զրկելով մարտավարական կարեւոր հնարավորություններից: «Շղարշը» բնութագրվում է բարձր հզորությամբ և կարող է շահագործվել բարդ ռելիեֆային պայմաններում: Այն թեթեւ է, շարժունակ. մեկ զինվորն էլ կարող է տեղափոխել ու կիրառել: Համակարգն արդեն գործարկվում է զինված ուժերում: Այն ստեղծվել է Հայաստանում՝ «Էլ Թեք Քոմփ» ընկերության կողմից, որն այլ հետաքրքիր մշակումներ էլ է կատարում պաշտպանության նախարարության համար: Ընկերության արտադրանքից միայն մեկ նմուշ է ցուցադրվել: Որոշեցինք մյուսները դեռ չներկայացնել:
-Աղմուկ հանած մյուս սարքը 3K01M օպտիկական միջոցների ճնշման լազերային համակարգն է: Ասում են՝ այն օպտիկական սարքերը բացահայտում է մինչեւ դրանց աշխատանքը: Այդպե՞ս է:
-Այո: Համակարգը որսում է հակառակորդի օպտիկական սարքավորումներից անդրադարձվող ճառագայթները եւ հզոր լազերային ճառագայթի միջոցով վնասում դրանք: Համակարգը նախագծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկում: Հայտնաբերում է հակառակորդի ռազմական նշանակության օպտիկական, օպտիկա-էլեկտրոնային հետախուզության սարքերը ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում: Սարքը այսօր մարտական խնդիր է կատարում զորքերում եւ ապահովում է 100% արդյունավետություն: Մենք կատարելագործելու ենք հնարավորությունները:
-Ասում են՝ անգամ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է հետաքրքրվել սարքի մարտավարատեխնիկական հնարավորություններով:
-Նմանատիպ սարք շահագործվում է նաեւ ռուսական զորքերում: Սակայն այն խորհրդային մշակում է: Սարքն արդիականացվել է, բայց, օրինակ, հեռահարության առումով զիջում է 3K01M համակարգին: ՌԴ պաշտպանության նախարարին ներկայացրել եմ մեր սարքի հնարավորությունները՝ նշելով, որ այն շատ հեշտ է քողարկել, քանի որ բավականին փոքր է: Նույն պատճառով նաեւ անվտանգ է օգտագործման տեսանկյունից:
-Ցուցադրվեց նաեւ արդիականացված X-55M ԱԹՍ-ը: Ո՞ր հատկանիշներն են բարելավվել:
-Բարելավվել են ԱԹՍ-ի օպտիկայի, էլեկտրոնիկայի բնութագրերը, ճնշման գոտում աշխատելու հնարավորությունները: Այժմ այն կարող է հետախուզական տվյալները իրական ժամանակում փոխանցել հրետանային, համազորային ստորաբաժանումներին: Զգալիորեն աճել են նաեւ թռիչքի աշխատանքային բարձրությունն ու տեւողությունը: Արդիականացված ԱԹՍ-ը դիմացկուն է եւ նույնիսկ բարդ պայմաններում աշխատում է անխափան: Այն կբարձրացնի հայկական ուժերի հետախուզական հնարավորությունները:
-Մի փոքր շեղվենք մեր թեմայից: Իսրայելի ՊՆ-ն արգելել է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանին վաճառել Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներ: Անժամկետ չեղարկվել է 20 միլիոնի պատվերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ադրբեջանը փորձել է իսրայելական ընկերության մասնագետներին ներքաշել գործողության մեջ եւ կիրառել անօդաչուները հայկական դիրքերի ուղղությամբ, ինչը հակասում է թե շուկայում ամրագրված կանոններին, թե միջազգային նորմերին: Բնականաբար, դրական եմ գնահատում Իսրայելի ՊՆ-ի որոշումը, բայց պետք է հետեւողական լինեն: Այս միջադեպը բացահայտվել է, այնինչ համոզված եմ՝ նման դեպքերը շատ ավելի շատ են:
-Վերադառնալով մեր զրույցի թեմային` անդրադառնանք արդիականացված հակատանկային «Ֆագոտ» հրթիռային համալիրին:
-Ռազմական տեխնիկայի արդիականացումը մեր առաջնահերթություններից է, ինչի շուրջ անընդհատ աշխատում ենք: Խիստ կարեւոր է գիշերային պայմաններում մարտ վարելու հնարավորությունները ընդլայնելը: Մեր մասնագետները «Ֆագոտը» համակցել են գիշերային տեսանելիության սարքին՝ մի քանի անգամ մեծացնելով թիրախի հայտնաբերման եւ խոցման հնրավարությունները: Բայց ավելի ընդգրկուն արդիականացման ծրագիր ունենք, այնպես որ հաջորդ քայլերը տպավորիչ են լինելու:
-Պարոն Փախչանյան, պակաս կարեւոր չէ նաեւ արտադրանքի վաճառքը: Ի՞նչ է արվում արտասահմանյան շուկա դուրս գալու համար:
-Ցուցահանդեսներին մասնակցելու նպատակը ապրանքը գովազդելն ու դրսի շուկա դուրս բերելն է: Մենք նախատեսում ենք մասնակցել նաեւ 2019 թվականին Աբու Դաբիում կայանալիք ցուցահանդես-խորհրդաժողովին: Քննարկում ենք նաեւ եվրոպական ցուցահանդեսներից մեկին մասնակցելու հնարավորությունը: Առանց դրսի շուկաներում աշխատելու անհնար է ունենալ մրցունակ ռազմարդյունաբերություն: Եթե դու միջոց ես ստեղծում, որը միայն քո բանակին է պետք եւ ուրիշներին չի հետաքրքրում, ուրեմն ինչ-որ բան սխալ ես անում: Առաջարկներ հիմա էլ կան, սակայն այս ոլորտում առաջարկից արդյունք ստանալու համար հաճախ տարիներ են պահանջվում: Շուկան ունի քաղաքական նրբություններ, եւ ոչ միշտ է գնորդը որոշում կայացնում՝ ելնելով գին-որակ հարաբերակցությունից: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ կարգավորված, հետեւողական աշխատանքը կհանգեցնի դրական արդյունքի:
-Իսկ ցուցահանդեսի ժամանակ ներկայացված արտասահմանյան ո՞ր միջոցներ են հետաքրքրել մեր բանակին:
-Ռազմական ցուցահանդեսների ժամանակ շատ հաճախ յուրօրինակ միջոցները մնում են աննկատ, քանի որ ներկայացված են փոքր, ոչ հայտնի ընկերությունների կողմից: Մենք շրջեցինք ոչ միայն մեր գործընկերների, այլեւ նմանատիպ տաղավարներով: Շատ հետաքրքիր ու անհրաժեշտ սարք հայտնաբերեցինք, որի գոյության մասին մինչ այդ չգիտեինք: Պահպանելով գաղտնիության ռեժիմը, չեմ կարող մանրամասներ նշել:
-Պարոն Փախչանյան, վերջերս լրացավ Ձեր պաշտոնավարման մեկ տարին: Հետադարձ հայացք ձգելով` ի՞նչ կասեք, որքանո՞վ է հաջողվել լուծել առաջնահերթ խնդիրները:
-Մի քանի կարեւոր պայմանագրեր ենք ընթացավորել, ինչի շնորհիվ էլ անցած տարի 23 տոկոսով աճել են ռազմական տեխնիկայի ներքին գնումները: Եվս քսան տոկոսի աճ ենք կանխատեսում այս տարվա ընթացքում: Ընդգծեմ, որ խոսքը պլանավորված բյուջեից դուրս՝ հիմնականում ՊՆ խնայողությունների հաշվին կատարված գնումների մասին է: Հունվարին հանրապետության նախագահը հաստատեց «Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը»` հստակեցնելով, թե որ ուղղություններով ենք շարժվելու եւ ինչպես ենք գործելու: Այժմ պատրաստ է ռազմարդյունաբերության զարգացման ծրագրի նախագիծը, որի նպատակը քաղաքական-պետական մակարդակով մեր աշխատանքը պլանավորելն է: Այն շուտով կքննարկվի կառավարության կողմից, այնուհետեւ կներկայացվի նախագահի հաստատմանը: Սահմանված են բանակի կարիքները: Արդյունքը բազմապատկելու խնդիր է առաջադրված, ինչը մենք իրատեսական ենք համարում: Ծրագրում մատնանշված են, թե ինչ մշակումներ, ինչ ներդրումներ պետք է արվեն, որ արտադրությունները պետք է զարգացնել: Ունենք դրական փոփոխություններ մշակումների տեսանկյունից, բայց շատ բան չեմ կարող ասել: Պարզապես նշեմ, որ բավականին հետաքրքիր միջոցներ արդեն գնումների փուլում են, մի մասը մատակարարվել է բանակ, մի մասն էլ մշակման փուլում է: Արդյունքները գոհացնող են եւ հետզհետե ավելի կբարելավվեն: Շատ եմ կարեւորում նաեւ ապրիլյան պատերազմից հետո որոշ խմբերի ու ընկերությունների հետ համագործակցությունը: Նրանք հաճախ աշխատանքի մի մասը կատարել են կամավոր սկզբունքով, որոշ դեպքերում ֆինանսավորվել են մեր հայթայթած ոչ պետական գումարներով: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր օգնել են մեզ հասնելու նոր արդյունքների:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #35 (1206) 06.09.2017 - 12.09.2017, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում