Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ



ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ

-Ձեր Եղվարդում այսպիսի բնություն չկա, երկու տարի վայելիր այս հրաշքը,- ասում եմ Կարենին ու ձեռքով ցույց եմ տալիս Իջեւանի կանաչ, փարթամ անտառները:

-Եղվարդը իմ ամենասիրելի անկյունն է այս մոլորակի վրա,- պատասխանում է Կարենը,- որովհետեւ Եղվարդն իմ ծննդավայրն է, Եղվարդում մայրս է ապրում, քույրս, պապս` իմ ընտանիքը…

Կարեն Արսենյանը նորակոչիկ է, նիհար, բարձրահասակ տղա է. հարցերին պատասխանելուց առաջ երկար մտածում է, բայց մտքերը արտահայտում է կարճ ու դիպուկ: Ու չի ժպտում: Ես ժպտում եմ, ինքը` չէ:

-Դու առհասարակ չե՞ս ժպտում,- հարցնում եմ:

-Ինձ ասել են, որ Դուք մայոր եք,- պատասխանում է ձգված:

-Մայորների հետ խոսելիս ժպտալն արգելվա՞ծ է,- ես քաղաքացիական հագուստով էի գնացել զորամաս, որ զինվորների հետ շփումն ավելի հեշտ լինի:

-Համ էլ իրավաբանը պետք է խոսի փաստարկված եւ առանց զգացմունքային զեղումների: Ես ապագա իրավաբան եմ:

Ասում է ու դասը սերտած գերազանցիկի հայացքով նայում վրաս: Ինչ արած, պարոն իրավաբան, թող լինի «փաստարկված»` մտածում եմ ու, ինչպես որոշել էի, խնդրում եմ նորակոչիկին պատմել որպես զինվոր իր առաջին տպավորությունների մասին ու ինձ ցույց տալ զորամասը: Բայց Կարենը որոշում է հեռվից սկսել:

-Իմ ընտանիքում չեն սիրում նվնվալ: Իմ ընտանիքում ուժեղ չլինելը պարզապես ամոթ է: Ես մորս միակ տղան եմ, բայց երբ խոսում էինք գալիք ծառայության մասին, մայրս ասում էր. «Տղամարդու առաջին պարտքը հայրենիքը պաշտպանելն է: Դժվարությունների կյանքում շատ ես հանդիպելու: Պիտի հավաքես ուժերդ ու պատվով հաղթահարես բոլոր փորձությունները»:

Մենք քայլելով հասել ենք շարահրապարակ, որտեղ նորակոչիկները բարկ արեւի տակ շարված իրենց հրամանատարին են լսում:

-Ինձ սովորեցրել են, որ կյանքը բաղկացած է իրավունքներից ու պարտականություններից,- շարունակում է Կարենը,- ու առաջին տեղում պարտականություններն են: Հիմա այս տղաները մեծ հաճույքով մի զով սենյակում հեռուստացույց կնայեին, բայց պարտավոր են…

-Իսկ դու ի՞նչ կանեիր հաճույքով այս պահին… Բայց պարտավոր ես ինձ ուղեկցել ու պատասխանել հարցերիս,- ես ուզում եմ, որ մեր զրույցն ավելի անկեղծ ու անմիջական լինի, զերծ պաշտոնականությունից: Բայց տղան դեռ տատանվում է ու կասկածանքով նայում դեմքիս:

-Ռիհաննա կլսեի,- ասում է, այս անգամ թեթեւ ժպիտ կա դեմքին: -Մայրս ինձ սովորեցրել է թաքցնել ապրումները: Մայրս ասում է` ոչ ոք չպիտի զգա քո թուլությունը, պիտի գլուխդ բարձր պահես, ժպտաս, որքան էլ դժվար լինի: Ես գերմարդկային ճիգերով կուլ տվեցի արցունքներս վերջին պահին, որ մայրս չնկատի հուզմունքս:

…Մենք մտել ենք զորանոց: Նոր ժամանած զինվորներին մի սերժանտ բացատրում է անկողինը հարդարելու կարգը: Տղաները լարված ու ուշադիր նայում են. էս սերժանտն ասես անկողին հարդարելու խմբակ գնացած լինի` էնպես է դարսում իրար վրա, ոնց որ՝ քանոնով գծած:

-Դու սովորե՞լ ես այսպես հարդարել անկողինը,- հարցնում եմ Կարենին:

-Սա իմ անկողինն է,- Կարենը ցույց է տալիս խնամքով հարդարած անկողինը: Կապույտ ծածկոցի տակից երեւում են ձյունաճերմակ սավանն ու բարձը:

-Մաքրությունն ինձ համար շատ կարեւոր է,- ասում է Կարենը,- լավ է, որ զորամասում ամեն ինչ մաքուր է, այլապես դժվար կլիներ հարմարվելը: Այստեղ մաքուր լինելը սահմանված է օրենքով, որովհետեւ քո հիգիենայից կախված է նաեւ ուրիշների հարմարավետությունը:

Նայում եմ Կարենի բարձր հասակին ու ինձ թվում է՝ մահճակալը կարճ կլինի նրա համար:

-Իսկ հարմա՞ր է այստեղ քնելը,- ես ճոճում եմ անկողինը, որ ստուգեմ դրա փափկությունը:

-Շատ հարմար է,- պատասխանում է Կարենը,- հո երկտեղանոց մահճակալ չէ՞ր լինելու:

Ես ամբողջ օրը աշխատել եմ, հարցազրույցներ եմ արել, հոգնած եմ շատ ու Կարենին խնդրում եմ.

-Կարո՞ղ եմ նստել անկողնուդ ծայրին: Ամենածայրին:

-Ո՛չ, չեք կարող,- ասում է վճռական, բայց սիրալիր,- որովհետեւ չի՛ կարելի: Օրենքը բոլորի համար է ու բացառություններ չի սիրում: Մանավանդ` բանակային օրենքը:

Ես չգիտեմ` որ օրենքով չի կարելի հոգնած մարդուն նստել անկողնու ծայրին, բայց ենթարկվում եմ ու սկսում տնտղել նորակոչիկի անձնական իրերը, որոնք կանոնավոր շարված են կողք կողքի:

-Ես կարգուկանոն եմ սիրում,- ասում է Կարենը,- ամեն ինչ պիտի իր տեղում լինի: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր փնտրում են իրենց իրերը:

Հանգստի սենյակում ոչ ոք չկա: Կարենը պատմում է, որ զինվորներն այստեղ հեռուստացույց են նայում` հիմնականում լուրեր են դիտում, հայրենասիրական, ազգային ծրագրեր, ֆիլմեր: Նաեւ թերթ են կարդում, շախմատ են խաղում:

-Ես կարդալ սիրում եմ,- ասում է Կարենը,- գիրքը քեզ սովորեցնում է հասկանալ մարդկանց հոգեբանությունը, ինչը շատ կարեւոր է ապագա իրավաբանի համար: Իրավաբանի մասնագիտությունը ամենամարդասիրական մասնագիտությունն է, որովհետեւ պաշտպանում  է օրինապահ մարդկանց իրավունքները ու մաքրում է հանցանքն աշխարհի երեսից: Ես սիրում եմ օրենքը: Ցանկացած մեկի իշխանությունը նվաստացնում է քո տղամարդկային արժանապատվությունը, բացի օրենքից:

Ես բոլորովին այլ զրույց էի նախատեսել: Մտածում էի, որ նորակոչիկը անկեղծորեն կպատմի իր դժվարությունների, ապրումների մասին: Իսկ օրենք ու կարգուկանոն սիրող այս եղվարդցի տղան, որին մայրը սովորեցրել է հույզերը պահել ներսում եւ միշտ ուժեղ երեւալ, սրտացավ տանտիրոջ նման միայն իր զորամասի առավելություններն է ցուցադրում:

-Հասցրե՞լ ես ընկերներ գտնել,- հարցնում եմ ճաշարան գնալու ճանապարհին:

-Հրամանատարները մեզ ասել են, որ զորամասը ընտանիք է, ու բոլորի հետ պիտի հարազատի պես վերաբերվել: Մենք այստեղ ենք, որ միասին պաշտպանենք հայրենիքը: Բոլորս նույն բանի համար ենք եկել: Ծառայությունը ֆուտբոլի նման թիմային խաղ է: Բոլորը պիտի լավ խաղան, որ արդյունք լինի: Եթե անգամ դու 5 գնդակ ես խփել հակառակորդիդ դարպասին, բայց վերջում քո թիմը պարտվել է, ուրեմն` դու պարտված ես: Իսկ մենք եկել ենք հաղթելու…

Ճաշարանի հատակը ողողած օճառափրփուրը լցվում է կոշիկներիս մեջ:

-Սա ի՞նչ է,- հարցնում եմ Կարենին` շրջանցելով ջրի շիթը:

-Մաքրում, ախտահանում են,- պատասխանում է զինվորը,- ճաշարանը պիտի շատ մաքուր լինի, որ զինվորն ախորժակով ուտի: Սա իմ տեղն է, սրանք իմ ափսեներն են:

-Ավելի լավ չէ՞ր լինի` սիրուն ափսեներով ճաշեիք, ինչպես տանը,- ես շշուկով եմ հարցնում, իբր` ասա, միայն ես ու դու կիմանանք:

-Չէ՛, լավ չէր լինի,- բարձրաձայն պատասխանում է զինվորը ու բացատրում,- այս սպասքը թեթեւ է, չի կոտրվում, հարմար է: Կուզե՞ք տեսնել, թե ինչ ենք ուտելու այսօր:

Ես գլխով եմ անում,  Կարենը բանակցում է մի տղամարդու հետ, որը, ըստ երեւույթին, ճաշարանի պետն է, հետո ինձ ուղեկցում է խոհանոց: Ներսում մեզ դիմավորում է սպիտակ խալաթ հագած մի երիտասարդ կին:

-Տիկին Անահիտն է,- ներկայացնում է Կարենը,- մեր խոհարարն է: Շատ համեղ է պատրաստում: Ես ամենից շատ սիրում եմ տիկին Անահիտի հարիսան ու խոզի մսով փլավը: Ոսպը, ինչպես տանը, զոռով եմ ուտում: Բայց ուտում եմ:

-Այնպես եմ պատրաստում, ինչպես հարազատ որդուս համար կպատրաստեմ,- զինվորի գովասանքից տիկին Անահիտը արցունքոտվելու աստիճան հուզվել է,- մորից հեռու էրեխեք են, ոնց կարող եմ հոգիս չդնել զինվորի բաժին ճաշի մեջ:

Հետո Կարենը «ստիպում է», որ գովեմ աղցանի բույրն ու հացի տեսքը, եւ տանտիրոջ իրավունքով ինձ հրավիրում զորամասի բակի տաղավարում զրույցը շարունակելու:

-Զինվորական համազգեստը քեզ շատ է սազում, շատ սիրուն ես,- ասում եմ զինվորին: Ինձ սկսում է դուր գալ նրա կազմակարպվածությունը ու լրջությունը: Ոչ մի ավելորդ բառ, ոչ մի ավելորդ հուզմունք:

-Ես կոստյումով ավելի սիրուն եմ: Պատկերացրեք ինձ կապույտ կոստյումով, տակից` սպիտակ վերնաշապիկ,- տղան հանում է զինվորական գլխարկն ու բացում սափրած գլուխը,- մազերս էլ` այ այսքան երկար:

-Երկար մազե՞ր,- չէի պատկերացնի:

Կարենը ծիծաղում է: Ծիծաղելիս դեմքը միանգամից փոխվում է: Լուսավորվում:

-Աղջիկներն ինձ երկար մազերով են սիրում: -Սա արդեն ուրիշ Կարեն է:

-Աղջիկնե՞րը,- զարմանում եմ ես,- գրքերի, կարգուկանոնի, պարտականությունների ու հանցանքը աշխարհի երեսից մաքրելու նպատակի կողքին տեղ է մնում նաեւ աղջիկների՞ համար:

Կարենը վիրավորվում է:

-Ես շատ եմ սիրում աղջիկներին,- ասում է կռվի տոնով: -Բանակի ամենամեծ դժվարությունը աղջիկների բացակայությունն է:

Ես չգիտեմ` ինչ ասեմ: Նայում եմ` դեմքիս հանդիմանություն նկարած:

-Վատ բան մի՛ մտածեք,- բացատրում է Կարենը,- կանայք օդը լցնում են քնքշանքով, ջերմությամբ, բարությամբ, գեղեցկությամբ: Եթե կողքիդ կին կա, ակամա ուզում ես ավելի լավը լինել: Հրաշալի է, որ բանակում կանայք են ծառայում: Գալիս ու ասում են.

-Ձեր Եղվարդում այսպիսի բնություն չկա, երկու տարի վայելիր այս հրաշքը,- Կարենը կապկում է ինձ` ձայնս, ձեռքիս շարժումը:

Ու մենք բարձրաձայն ծիծաղում ենք:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1206) 06.09.2017 - 12.09.2017, Ազգային բանակ


06/09/2017