ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՅՈՒՆԵՐԸ
ԼՂՀ Մարտունի քաղաքի հրապարակում զինվորական երդման հանդիսավոր արարողություն է: Հայրենիքին անմնացորդ նվիրվելու երդում են տալիս գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինվորները:
Խրոխտ ու ձիգ կանգնած են մեր զինվորները՝ ամեն մեկը հայրենիքի մի սյուն ու հենարան:
Հայոց աշխարհի տարբեր անկյուններից հարազատ-բարեկամ, երկար ճանապարհ կտրելով, եկել են ներկա գտնվելու իրենց որդիների բանակային կյանքի ամենագեղեցիկ ու սպասված արարողությանը:
Ամենաանհամբերը մայրերն են. միանման համազգեստով տղաների շարքերում դժվարանում են գտնել իրենց որդիներին, կարոտած հայացքներով փնտրում են ու փնտրում, հուզմունքից լճացած արցունքներն ու արեւի ճառագայթները էլ ավելի են դժվարացնում փնտրտուքը:
-Ժամանակն ինչքան արագ է անցնում,- հուզմունքը չթաքցնելով՝ նկատում է ծնողներից մեկը՝ Լուսինե Գեւորգյանը,- կարծես երեկ լիներ, որ մեր երեխաները փոքրիկ տղաներ էին ու խաղալիք զենքերով կռիվ-կռիվ էին խաղում, հիմա արդեն զինվորական համազգեստով, իսկական զենքերն ուսած՝ կանգնած են պաշտպանելու հայրենիքը…
Զինվորների ծնողները, հարազատները հասցրել են իրար հետ մտերմանալ, մեկը մյուսին հեռվից ցույց է տալիս հայրենիքի պաշտպան իր զավակին ու հպարտանում:
Մելանյա Շահբազյան- Որդիս՝ Յուրի Սարգսյանը, Ինֆորմատիկայի պետական քոլեջն է ավարտել ու զորակոչվել:
-Իմն էլ թոռս է՝ Տիգրան Ալավերդյանը,- Ջեմմա տատիկն է,- ութ թոռ ունեմ, բոլորն էլ ծառայելու են: Մենակ աշխարհը խաղաղ լինի:
-Խաղաղություն եղավ, մնացած ամեն ինչ մարդ կստեղծի,- վստահեցնում է կողբեցի Վարուժան Ղուլիջանյանը: Նա Նոյեմբերյանի սահմանային կռիվների մասնակից է. պատերազմի դառնահամը տեսած մարդու համար խաղաղությունից թանկ աշխարհում ոչինչ չկա: -Որդուս՝ Սուրենի զինվորական երդմանն եմ եկել, ամեն զինվորով հողդ ավելի ամուր ու անառիկ է դառնում:
Տղայի զինվորական երդման արարողությանը մասնակցելու է եկել սիրված դերասան Լեւոն Մուրադյանը: Որդին՝ Գեւորգը, բժշկական քոլեջը կարմիր դիպլոմով է ավարտել, Նժդեհյան թոշակառու է:
-Յուրաքանչյուր հայորդի պետք է պաշտպանի իր ընտանիքը, օջախը, հո օտարը չի գալու իր փոխարեն պաշտպանի: Որդիս հայրենիքի զինվոր է, ես՝ զինվորի հայր: Հավատացեք, զինվորի հայր լինելը պակաս պարտավորեցնող չէ. բարեգործական համերգով հանդես կգամ, կաշխատեմ իմ լուման բերել հայոց բանակին ու զինվորին,- խոստանում է դերասանը ու շարունակում,- մեր զինվոր զավակներն էլ թող անփորձանք ծառայեն, բանակում կթրծվեն, կամրանան, կսովորեն իրենց ուժերին ապավինել: Վստահ եմ՝ մեր սպաները ծնողի հոգատարությամբ եւ սրտացավությամբ կվերաբերվեն մեր որդիներին, նրանց աջակցությամբ մեր զավակները կծառայեն անձնվիրաբար ու պատվով կկատարեն զինվորական պարտքը:
Նորակոչիկներին շնորհավորում է զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արա Քամալյանը. «Սիրելի՛ զինվորներ, բանակն արիության դպրոց է, մարդկային արժեքների ձեռքբերման, մարտական ունակությունների յուրացման դպրոց: Հպարտությամբ կրեք հաղթանակած բանակի զինվորը լինելու փառավոր կոչումը»:
Նորաթուխ զինվորներին շնորհավորում է նաեւ հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուբիկ Ղեւոնդյանը: «Կյանքը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում արժանապատիվ ու փառքով ապրելու համար, եւ չկա ավելի մեծ պատիվ, քան սեփական հայրենիքին ծառայելը: Ձեզնից յուրաքանչյուրը տալով զինվորական երդում, ուղի է բացում դեպի հերոսական ու փառավոր ապագա, քանզի հանուն հայրենիքի ազատության եւ անկախության համար գործադրած յուրաքանչյուր ջանք իսկապես հերոսական է:
Կյանքում պատահական ոչինչ չի լինում, եւ մեր ներկայությունն այստեղ եւս պատահական չէ, մեր առջեւ խոյացող հուշարձանը վկայությունն է ոչ հեռավոր հերոսական անցյալի: Դուք նաեւ շարունակողն եք մեր հերոսների գործը:
Մեր սրբազան հողը հզոր ու անսասան է շնորհիվ ձեզ նման հայ զինվորների ըմբոստ ոգու, կամքի, քաջության ու անսպառ հայրենասիրության»:
Տպավորիչ էր միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, այժմ արդեն հայոց բանակի զինվոր, շարքային Գագիկ Եկմալյանի խոսքը.«Բոլորիս համար բացառիկ օր է, ինչպես նորածին մանուկն է մկրտվելով դառնում օծյալ քրիստոնյա, մենք էլ երդվելով դառնում ենք հայոց անմահ նախնիների շառավիղը: Հայոց հզոր ոգուց սերած զինվորներս վստահեցնում ենք՝ պատրաստ ենք պայքարելու ամեն թիզ հողի համար: Պատրաստ ենք կռվելու անձնվիրաբար եւ պատրաստ ենք ապրելու ու արարելու…»:
***
Երդվում են զինվոր տղաները, եւ արտասանվող ամեն բառից հավատդ է՛լ ավելի է ամրանում՝ հայրենիքը հուսալի պաշտպանների պակաս չունի:
Գալիս է վերջապես ամենասպասված պահը՝ հարազատները գրկում են իրենց որդիներին: Կարոտ, ժպիտ, արցունք, ծիծաղ…ամեն ինչ խառնվել է…
Մինչեւ ժամը 18.00 հարազատների հետ, իսկ հետո՝ զինվորական կյանքն իր առօրյա հունով: Մեր տան սյուները հայրենիքի սյուներն են հիմա…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս՝ հեղինակի
Խորագիր՝ #35 (1206) 06.09.2017 - 12.09.2017, Ազգային բանակ