ԵՐԴՎԵՑԻՆ ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԸ
Սեպտեմբերի 1-ը տոնական էր նաև ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում: Նորաթուխ կուրսանտների համար ուսումնական տարին մեկնարկեց երդման հանդիսավոր արարողությամբ:
Զինվորական երդմանը կազմ ու պատրաստ սպասում են ինչպես առաջին կուրս ընդունվածները, այնպես էլ մեկամյա սպայական դասընթաց անցնող բարձրագույն կրթությամբ կուրսանտները:
Վաղինակ Վարդանովը նրանցից մեկն է: ԵՊՀ մաթեմատիկա և մեխանիկա բաժնի մագիստրատուրան ավարտելուց հետո որոշել է հայրենիքի պաշտպան դառնալ:
-Քանի որ բուհն ավարտելուց հետո պիտի զորակոչվեի բանակ, մտածեցի գիտելիքներս օգտագործել և սպայական կոչում ստանալ, դառնալ զինվորական: Միշտ կարևորել եմ սպայի գործը: «Ողջ մնալու արվեստ» հկ փոխնախագահն եմ: Մեր կառույցը հայրենասիրական ճամբարների միջոցով փորձում է դրսում ապրող հայերին ներգրավել ծառայությանը,-ասաց Վաղինակը:
Բոլորը տեղում են, քար լռություն է: Սկսվում է կուրսանտների համար այդքան կարևոր երդման արարողությունը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնից հետո երկրի ապագա սպաները երդում տվեցին:
Նորընծա կուրսանտներին շնորհավորեց Ռազմաավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը.
-Հարգելի նախարար, գեներալներ, սպաներ, սիրելի կուրսանտներ, ծնողներ և հյուրեր: Այսօր բոլորիս համար օրը տոնական է, իսկ ուսանողների համար՝ հիշարժան և պատվաբեր: Նրանք, ընտրելով ազգի և պետության համար ամենապատվավոր կոչումը, զինվորական երդում տալով՝ հանձն են առնում անմնացորդ ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Շնորհավորում եմ նախևառաջ նորակոչիկների ծնողներին ու հարազատներին: Իսկ կուրսանտներին հորդորում՝ բարձր պահել հայ զինվորականի պատիվը:
Ամփոփիչ խոսք ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
-Հարգելի կուրսանտներ, ընտրելով այս մասնագիտությունը, դուք սովորելու եք մեր ամենապատվարժան ուսումնական հաստատություններից՝ ամենագիտատար բուհերից մեկում: Բուհ, որտեղ մեր երկրի համար շատ կարևոր կիրառական գիտություն է իրականացվում:
Դուք ընտրել եք մասնագիտություն, որով կապել եք ձեր կյանքը երկրին ծառայելու սրբազան գործի հետ: Շատ պատվաբեր, միևնույն ժամանակ շատ ծանր և պատասխանատու մասնագիտություն: Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է: Բայց դուք որոշել եք, որ դա ոչ միայն ձեր քաղաքացիական, այլև ձեր մասնագիտական առաքելությունը պիտի լինի կյանքում:
Նախարարը կարևորելով կրթության դերը՝ նշեց, որ շուտով նրանք կստանան անձնական էլեկտրոնային գրքերի շտեմարաններ. դա կրթության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ կատարվող հերթական քայլն է:
Պաշտպանության նախարարի շնորհավորական խոսքից հետո հանդիսավոր քայլերթով, խրոխտ ու ձիգ անցան ռազմաավիացիոն համալսարանի կուրսանտական վաշտերը:
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #35 (1206) 06.09.2017 - 12.09.2017, Ազգային բանակ