Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԾՐԱԳՐԵՐԸ



Ազգ-բանակ-եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ և ջանքերով 4 տարի անընդմեջ` 2014-2017թթ. կյանքի է կոչվել  «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը: Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով 2014-2016թթ կազմակերպված  դրամահավաքների ընթացքում հանգանակված  150.000.000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամն  ամբողջությամբ   ուղղվել է բարեգործական ծրագրի իրականացմանը: Նախաձեռնության արդյունքում աջակցություն է ցուցաբերվել հակառակորդի հետ շփման գծում, մարտական հերթապահություն իրականացնելիս զոհված զինծառայողների, միաժամանակ 2 և ավելի զինծառայող ունեցող ընտանիքների, առաջին, երկրորդ և երրորդ խմբի զինհաշմանդամների`  թվով 762 ընտանիքի:

Վերոնշյալ ծրագրերն իրականացվել են ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակների համաձայն:

Մշտապես լինելով հայոց բանակի կողքին, Թեմը, բնականաբար, չէր կարող չարձագանքել ղարաբաղա-ադրբեջանական ապրիլյան իրադարձություններին։ Նավասարդ Սրբազանի հորդորով  և օրհնությամբ,  Արցախի բանակին, ժողովրդին, սահմանապահ զինվորներին աջակցելու գաղափարի շուրջ համախմբվեցին թեմի համայնքներն ու անհատ բարերարներ: Արդյունքում կազմակերպվեց և հաջողությամբ իրագործվեց Արցախի պաշտպանության բանակի աջակցության բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում թեմի հոգևորականների գլխավորությամբ միայն 2016թ.  ապրիլ և մայիս ամիսներին Արցախի առաջնագիծ իրականացված  11  այցելությունների արդյունքում հասցվել է 33 տոննա օգնություն (շուրջ 45 մլն դրամի)` սննդի, հիգիենայի պարագաների, հագուստի, դեղորայքի և բժշկական պարագաների, անվադողերի,  հեռադիտակների, գիշերային դիտման սարքերի, առաջին անհրաժեշտության տարբեր իրերի տեսքով։ Բազմաբնույթ օգնություն է ցուցաբերվել Թալիշ գյուղից բռնագաղթած  ընտանիքներին։

Արցախյան ծրագրի հետ կապված կարևորվում է նաև այն հանգամանքը, որ թեմի հոգևոր հովիվների կողմից զինվորներին ցուցաբերվում է ոչ միայն նյութական օգնություն այլ նաև` հոգևոր և բարոյական աջակցություն, այս կերպ զորակցելով նաև մեր Եկեղեցու` Զինված ուժերի հոգևոր սպասավորներին: Նրանք անձնապես այցելում են առաջնագիծ, հանդիպում զիվորների հետ անգամ ամենավտանգավոր կետերում։ Զորամասերում ու հենակետերում քահանա հայրերի գլխավորությամբ բազմիցս միասնական աղոթք է հնչեցվել Հայոց բանակի զորացման, զոհված զինվորների հոգիների հանգստության և վիրավոր զինվորների ապաքինման համար։

2017թ. սեպտեմբերին, Նավասարդ Սրբազանի անձնական նախաձեռնությամբ   17 միլիոն  ՀՀ դրամ կնվիրաբերվի 34 զինվորի ընտանիքի: 500.000ական դրամ կստանա 26 զոհված զինծառայողի ընտանիք, և  8  առաջին  և երկրորդ խմբի  զինհաշմանդամ:

2016, 2017թթ. Սբ. Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ Նավասարդ Սրբազանի մտահղացմամբ  իրականցվել է ևս մեկ ծրագիր` «Սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրում», որի արդյունքում 41 լավագույն զինվորիների տրամադրվել են հատուկ նրանց համար սահմանափակ քանակությամբ պատրաստված Սբ. Սարգիս զորավարի խորհրդանշական զարդապատկերներ և  խաչեր,  նաև  200.000 ական  ՀՀ  դրամ: Պաշտպանության նախարարության  կողմից բոլոր 41 զինծառայողներին տրամադրվել  է տասնօրյա արձակուրդ:

 

Լ.ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ՀՀ ՊՆ ԶՍՊ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ

Խորագիր՝ #36 (1207) 13.09.2017 - 19.09.2017, Հոգևոր-մշակութային


13/09/2017