ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացել են «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության առաջին և երկրորդ նիստերը:
«Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում» խորագրով անցկացված նիստի բանախոսներն անդրադարձել են հակահայկական քարոզչության մարտահրավերներին ու դիմագրավման հնարավորություններին, տեղեկատվական անվտանգության խնդիրներին: Քննարկմանը ելույթներ են ունեցել տեղեկատվական անվտանգության ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների ու կառույցների ներկայացուցիչներ:
Նիստի բանախոսներն անդրադարձել են նաև սահմանագոտում իրականացվող մեծածավալ աշխատանքների և «Ազգ-բանակ» հայեցակարգի ծրագրային դրույթներին:
Երկրորդ` «Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել պաշտպանական ոլորտի առանցքային ծրագրերն ու կյանքի կոչվող բարեփոխումները: Խոսելով «Ազգ-բանակ» գաղափարի բովանդակության մասին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնացրել է ծրագրային հիմնական ուղղությունները` զինվորականի մասնագիտության նկատմամբ գրավչությունը, սպառազինության համալրումը և առաջնագծի՝ ժամանակակակից սարքավորումներով կահավորումը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, ռազմադիվանագիտական կապերի ամրապնդումն ու աշխարհագրության ընդլայնումը, արդար և թափանցիկ աշխատանքը։ Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև վերջին ամիսներին լայնորեն քննարկված «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերին։
Թեմատիկ նիստերի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է «Հայփոստ» ընկերության շրջանառության մեջ դրված` «Զինծառայողների ապահովագրության հիﬓադրամի» վերաբերյալ երեք փոստային նամականիշների մարման արարողությանը: