ԽՐԱՄԱՏԱՅԻՆ ԳԵՂԱՐՎԵՍՏ
ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԾԱՆՐ ԱՐՑՈՒՆՔ
ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԻ հիշատակին
Ծեսերը նույնն էին,
Ինչպես երեկ:
Սեւազգեստ, լրջդեմ քահանան,
Ոչ մի բառ չշեղվեց
Սովոր աղոթքից:
Մարտընկերներ՝ ձուլված զենքերին,
Լուռ ու խռոված…
Մայր ու քույր վշտակից,
Ու սեւ մրմուռ ողբալար:
Համազարկն է պայթում մեկից՝
Գորշ, անթափանց երկնքում
Ու սավանը հողե քնքշորեն
Գրկում է մարմինը հերոսի:
Մեծարման խոսքերը հերթական՝
Թեթեւ, անհոգ ճախրանքով,
Ցնդում են ունկերում ամենքի,
ՈՒ վարդերի թորշնահոտն է դարձյալ
Տարածում վարակը թարմ ցավի:
Պատվո համազարկից հետո
Թափորն անշտապ հեռացավ
Ուխտավորի պես, անձայն երդումով՝
Անփույթ քամուն թողնելով
Ամփոփումը օրվա խորհրդի:
Չէ՛, սա երազ չէր հերթական՝
Ողբի ու մահվան տեսիլքով,
Բախշյան Վարդանի աճյունն էր,
Համալրում Հովիտը Վրեժի:
1994թ.
Հասանաբադ
♦♦♦
ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԸՆԿԵ՛Ր…
Ինձ ինչո՞ւ թվաց այն ժամանակ,
թե դու հանդարտ քնած ես:
Ուզում էի հպվել մարմնիդ՝
Վախեցա արթնացնել:
Վախեցա հոգնած զինվորիդ
կարճ հանգստից կտրել:
Մահերթի, ծանոթ–ցավոտ ողբերի,
Վարդերի կարմիր շիկնանքի միջով
Պաչս քեզ, ընկե՛ր,
Ու խոնարհումս քեզ:
Ուզեցի փարվել քուն–անուրջիդ.
Վախեցա հավատամ մահվանդ:
Վերքս վերքիդ դարձնեմ,
Սիրտս` անպարտ խաչիդ…
Ինձ ինչո՞ւ թվաց այն ժամանակ,
թե կյանքից առավել այլ խորհուրդ էլ կա`
անպարտ ճախրանքն հավերժի…
Սիսիան
1993թ.
♦♦♦
ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻՆ
Գիշերերթն ավարտվում էր:
Ետդարձի ճամփան դանդաղ էր, անձայն:
Տղերքը թշնամու դիրքերից
նոր տվյալներ էին բերում…
…ու իրենցից մեկին, որ
մարեց կեսճամփին:
Չլդրան
1993թ.
♦♦♦
ԱՆՍԵՐ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐ
Ռազմաճակատի առավոտները
լույս են ավետում
եւ անունները
նախորդ գիշերվա
նահատակների:
Երեւան
1992թ.
Խորագիր՝ #38 (1209) 27.09.2017 - 03.10.2017, Հոգևոր-մշակութային