ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Նկուղներում և գետնափոր շինություններում բռնկված հրդեհները մարելիս անհրաժեշտ է.
♦ ուժեղ ծխամածության առկայության դեպքում առաջին հերթին ծուխը բաց թողնել նկուղի (կառույցի) պատուհաններից և դռներից,
♦ կառույցի մուտքի մոտ կազմակերպել անվտանգության ծառայություն, որը պետք է կատարի ներս մտնող անձնակազմի անհատական հաշվառում և հետևի մարդկանց ժամանակին դուրս գալուն,
♦ ներս մտնող անձնակազմին թույլատրել մեկուսիչ հակագազերով,
♦ դադարեցնել օդափոխիչ համակարգերի աշխատանքը, հոսանքազերծել հրդեհի գոտում եղած էլեկտրակայանքները: Էլեկտրականությունը պետք է անջատի միայն նշված կայանքներն ու ցանցերը սպասարկող անձնակազմը,
♦ որոշել աշխատանքային յուրաքանչյուր հերթափոխի տևողությունը,
♦ ունենալ մեկուսիչ և զտող հակագազերի, վերականգնողական և հոպկալիտային կապիչների պահուստ:
Տևական հրդեհի և բարձր ջերմաստիճանի դեպքում հարկավոր է հաշվի առնել ծածկերի և հարկածածկերի փլուզման հավանականությունը, ձեռնարկել հրդեհի օջախի մոտ գտնվող մարդկանց և ունեցվածքի ժամանակին դուրսբերում և տեղադրում:
Զորային, զորանոցային, բնակելի և ծառայողական շենքերի հարկաբաժիններում բռնկված հրդեհները մարելիս անհարժեշտ է.
♦ հետազոտել վառելիքի շինություններում, վերևի և ներքևի հարկաբաժիններում, ինչպես նաև ձեղնահարկում հրդեհների առանձնահատկությունը,
♦ ստուգել վառվող շինություններում մարդկանց առկայությունը և ապահովել նրանց անվտանգ դուրսբերումը,
♦ հետևել վառվող շինության և դրան մոտ շինությունների վիճակին, կատարել ստուգողական բացահայտումներ այն տեղերում, ուր կարող է թափանցել կրակը,
♦ ունեցվածքի դուրսբերման և տարատեղման ժամանակ առաջին հերթին ապահովել զորամասի Մարտական դրոշի, ՀՀ պետական դրոշի և գաղտնի փաստաթղթերի դուրսբերում, ղեկավարվել շինության համար պատասխանատու պաշտոնատար անձանց ցուցումներով,
♦ ունեցվածքի դուրսբերման և տարատեղման ժամանակ ապահովել դրանց հուսալի պահպանությունը:
Հավաքակայանում բռնկված հրդեհը մարելիս անհրաժեշտ է մեքենաները դուրս բերել սեփական ընթացքով, իսկ ձեռքի քարշակների /կամ հերթապահ քարշակի/ օգնությամբ՝ առաջին հերթին վառվող, ապա անսարք մեքենաները՝ օգտագործելով հրդեհի վայր եկած ստորաբաժանումների անձնակազմը:
Մեքենայում հրդեհ բռնկվելիս անհրաժեշտ է նախ անջատել շարժիչը, հնարավորության դեպքում դադարեցնել վառելիքի սնուցումը, ապա կրակմարիչով, ավազով կամ ծածկոցով սկսել մարել կրակը: Շարժիչի և դրա տակ թափված վառելիքի բռնկման դեպքում նախ պետք է հանգցնել կրակը, ապա հետո միայն անջատել շարժիչը:
Պայթուցիկ նյութերի պահեստարաններում հրդեհ բռնկվելիս անհրաժեշտ է.
♦ անհապաղ կանչել հրշեջ խմբին,
♦ զորամասի ստորաբաժանումների հիմնական ուժերը կենտրոնացնել այն տեղերում, որտեղ հրդեհի տարածումը կարող է պայթյուն առաջացնել,
♦ հնարավոր պայթյունի ժամանակ ապահովել անձնակազմի ու հրշեջ մեքենաների պաշտպանությունը բեկորներից և թռչող ռազմամթերքից անմիջական խոցվելու վտանգից, ինչպես նաև պայթյունի ժամանակ առաջացած օդային ալիքի հարվածից` օգտվելով առկա պաշտպանիչ տարբեր միջոցներից,
♦ չթույլատրել վտանգավոր գոտիներում անձնակազմի և տեխնիկայի կուտակում, կազմակերպել հարևան շենքերի ու շինությունների խոտի և թփուտների այրումը կանխելու նպատակով հարակից տարածքի դիտարկում,
♦ անձնակազմը տեղաբաշխելիս նախատեսել պահեստների և մյուս շենքերի տանիքներում հրշեջ միջոցներով զինված հերթապահություն՝ հրդեհի հնարավոր օջախները մարելու համար:
Հրդեհը կարելի է մարել ջրով, ածխաթթվով և կրակմարիչ այլ միջոցներով, փրփուրամեկուսիչով, ծածկոցներով, կրակմարիչ փոշիներով, ավազով և այլն:
Հրդեհը մարելու ամենատարածված և արդյունավետ միջոցը ջուրն է: Սակայն պետք է հիշել, որ մի շարք դեպքերում ջրի օգտագործումը անթույլատրելի է: Չի կարելի ջրով հանգցնել էլեկտրական լարման տակ գտնվող սարքավորումները:
Որպես պարզ ու պրիմիտիվ մարիչ միջոց, կարելի է օգտագործել ավազը: Վառվող մակերևույթը ծածկելու ժամանակ ավազը խոչընդոտում է թթվածնի մուտքը, որով նպաստում է կրակի մեխանիկական մարմանը:
Ազբեստե ծածկոցները հաջողությամբ կիրառվում են հատկապես ոչ մեծ մակերես գրաված նյութերի այրումը վերացնելու համար /օրինակ` տեխնիկայի ներսում տաքացուցիչից առաջացած հրդեհը/:
Հրդեհը մարված է, եթե կրակը լիովին հանգչել է, և բացառվում է նրա նորից բռնկվելը:
Հրդեհները մարելիս պետք է խստորեն պահպանել անվտանգության կանոնները, որոնց կիրառման առանձնահատկությունը և առաջնահերթությունը որոշում է ստորաբաժանման հրամանատարը կամ հրդեհի մարման ղեկավարը՝ ելնելով կոնկրետ իրադրությունից:
Զորամասերում մշակվող հակահրդեհային անվտանգության կանոնները պետք պարունակեն նաև արգելող ցուցումներ:
Հակահրդեհային անվտանգության նպատակով արգելվում է.
♦ շենքերին, շինություններին և կառույցներին, գույքով և մեքենաներով բեռնված հրապարակներին 40 մետրից մոտ տարածության վրա կրակ վառել, ինչպես նաև վառվող բաց կրակով սարքեր օգտագործել հավաքակայաններում, պահեստներում և օդանավարաններում կամ նշված տեղերում ծխել,
♦ օգտվել անսարք վառարաններից կամ վառելու համար օգտագործել հեղուկ վառելիք, վառարանի մոտ թողնել դյուրավառ նյութեր և գույք, վառարանները թողնել առանց հսկողության, հագուստը չորացնել վառարանների վրա, վառարանների օդանցքներում, հնոցի անցքի դիմաց կամ վառարանը վառել անձնակազմի հանգստի (քնի) ժամին,
♦ շենքերում սառած ջրատար խողովակները բացելու համար տաքացնել բաց կրակով,
♦ հրշեջ միջոցների պահասենյակների մուտքը փակել կամ արգելել, ձեղնահարկերում, սանդուղքների արանքներում և միջանցքներում պահել դյուրավառ նյութեր և գույք, շենքերոի ներսում միջնորմեր անցկացնել կամ այդ շենքերում բնակարաններ բաշխել,
♦ հրավտանգ հեղուկների և նյութերի մշակման կամ պահպանման համար շենքերի նկուղներում արհեստանոցներ և պահեստներ կառուցել,
♦ հակահրդեհային միջոցները նպատակային չօգտագործել,
♦ օգտվել անսարք էլեկտրահաղորդալալերից և սարքավորումներից, առանց հրակայուն պատվանդանների գործածել կենցաղային էլեկտրատաքացուցիչ սարքեր կամ բաշխիչ վանդակների վրա այրված ապահովիչները փոխարինել մետաղալարերով և այլ իրերով,
♦ թղթով կամ դյուրավառ այլ նյութով պատել էլեկտրալամպերը, պաստառներով, պլակատներով քողածածկել էլեկտրահաղորդալարերը, լուսավորման համար որպես հաղորդալար օգտագործել հեռախոսալարերը:
Քանի որ թեմայում որպես օբյեկտ հանդես է գալիս մարդը` զինծառայողը, մարդու անվտանգության ապահովումը, ապա եզրափակիչ մասում պետք նշեմ, որ հրդեհի խոցող գործոնների, վերահաս վտանգի գիտակցման ազդեցության տակ երբեմն հնարավոր է խուճապ, իսկ վերջինս մարդկանց տարահանման գլխավոր թշնամին է:
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման համատեքստում նշված են պահելաձևի մի շարք կանոններ հրդեհների և պայթյունների վտանգի դեպքում:
Դրանցից են.
♦ անհապաղ լքել շենքը /չօգտվել վերելակից/,
♦ անմիջապես զանգել հրշեջ ծառայություն: Փոքր հրդեհի դեպքում փորձել այն մարել,
♦ պայթյունավտանգ առարկայի ձեռք չտալ, անմիջապես զանգել փրկարար ծառայություն` 001, զորամասի հերթապահին,
♦ այրվող օրգանական հեղուկները հանգցնել ոչ թե ջրով, այլ ավազով, փրփուրով,
♦ այրվող էլեկտրալարը հոսանքազրկելուց հետո մարել,
♦ հիշել, որ լուսամուտները բացելու դեպքում հրդեհը կսաստկանա, քանի որ թթվածնի լրացուցիչ ներհոսք կլինի,
♦ բոցավառվող սենյակում տեղաշարժվել թաց ծածկոցով, բերանը փակել թաց կտորով:
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման նույնիսկ իդեալական մշակված նորմատիվ-իրավական բազան զինծառայողների մահվան (զոհվելու) և վիրավորումների կանխարգելման խնդրի հաջող լուծման համար անհրաժեշտ, սակայն ցավոք ոչ բավարար պայման է: Զգալի նշանակություն ունի այն հանգամանքը, թե պաշտոնատար անձինք ինչպես գիտեն և ինչպես են իրականացնում համապատասխան ղեկավար փաստաթղթերում շարադրված պահանջները:
Սկզբունքային նշանակություն ունի յուրաքանչյուր հրամանատարի (պետի)` ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնադրության 78-րդ հոդվածի դրույթների անշեղ կատարումը, որում ըստ էության շարադրված է ցանկացած աստիճանի հրամանատարի (պետի)` անձնակազմի գործունեության անվտանգ պայմանների ստեղծման ու ապահովման և ծառայողական խնդիրները (վարժությունները, աշխատանքները) կատարելիս զինծառայողների մահացության (զոհվելու) և հաշմվելու (վիրավորումների, վնասվածքների) կանխմանը նպատակաուղղված գործունեության նկատմամբ մեթոդական վերաբերմունքը:
Անձնակազմի գործունեության համար անվտանգ պայմանների ստեղծման ու ապահովման և զինծառայողների մահացության (զոհվելու) և վնասումների կանխման ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնադրության 78-րդ հոդվածով նախատեսված խնդրի կատարման համար հրամանատարը (պետը) պարտավոր է սահմանել անվտանգության անհրաժեշտ պահանջներ, որոնցից մեկն էլ հենց մեր կողմից ներկայացված հակահրդեհային անվտանգության պահանջներն են:
Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ
ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ ԶԾԱԱ
վարչության պետի տեղակալ