Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԻԵՎԸ ՄԱԿ-Ի ԲԱՐՁՐ ԱՄԲԻՈՆԻՑ ՍՏՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ԱՌՋԵՎ



ԱԼԻԵՎԸ ՄԱԿ-Ի ԲԱՐՁՐ ԱՄԲԻՈՆԻՑ ՍՏՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ԱՌՋԵՎԲազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ պաշտոնյայի, որ դատապարտեր Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում:

Ադրբեջանի նախագահի երկար ճառը լի էր կեղծիքներով և խեղաթյուրումներով. եկեք փորձենք հստակություն մտցնել դրանցից մի քանիսում:

Ալիևի ելույթի առաջին տողն սկսվում է սովորական չափազանցությամբ և կեղծիքով. նա հայտարարեց, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղը և երկրի յոթ այլ շրջաններ»: Ճշմարտությունն այն է, որ Հայաստանը չի՛ գրավել Ադրբեջանի որևէ տարածք: Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի՛ եղել Ադրբեջանի կազմում: Այն եղել է հայերով բնակեցված ինքնավար շրջան, որը 1921 թվականին խորհրդային բռնապետ Ստալինի կողմից նվիրաբերվել է Ադրբեջանին: Արցախի հայ բնակչությունը կարողացավ վերջապես ազատագրվել տասնամյակներ տևած ադրբեջանական դաժան բռնազավթումից: Ավելին, ադրբեջանցիների պնդումը, թե՝ Հայաստանը գրավել է Ադրբեջանի 20 տոկոսը, կեղծիք է, քանի որ հայերի ազատագրած շրջանը մոտ 15 տոկոս է, ոչ թե 20:

Այնուհետև, Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հնագույն և պատմական մասն է»: Սա կատարյալ անհեթեթություն է, քանի որ Ադրբեջանը որպես պետություն պատմականորեն գոյություն չի ունեցել: Այն ստեղծվել է 1918թ. թուրքական բանակի օգնությամբ:

Ալիևի հաջորդ մեծ սուտն այն է, որ հայկական ռազմական գործողությունների հետևանքով կան շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի «փախստականներ և ներքին տեղահանվածներ»: Նախևառաջ, ոչ թե մեկ միլիոն, այլ մի քանի հարյուր հազար, ինչպես եղել են հարյուր հազարավոր հայ փախստականներ ադրբեջանական կոտորածների և էթնիկ զտումների պատճառով: Իսկ եթե 25 տարի անց ադրբեջանցի փախստականների մեծ մասը դեռևս շարունակում է ապրել կեղտոտ ճամբարներում, ապա դա միայն Ադրբեջանի կառավարության մեղքն է, որը տարեկան միլիարդավոր նավթադոլարներ է վաստակում և այդ միջոցներից չի հատկացնում փախստականներին՝ հարմարավետ բնակարաններում վերաբնակեցնելու համար… Բացի այդ, ինչպես տեսանք եվրոպական վերջին հրապարակումներում, ադրբեջանցի ղեկավարները, հատկապես Ալիևի ընտանիքը և նրա մերձավորները, միլիարդավոր դոլարներ են թալանել պետական նավթային եկամուտներից՝ իրենց շքեղ ապրելակերպի կամ ամբողջ աշխարհի պաշտոնյաներին կաշառելու և քողարկելու համար իրենց շարունակական մարդու իրավունքների խախտումները: Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահն առանց ամաչելու բարձր ամբիոնից հայտարարում է, որ իր երկրում առկա է «բացարձակ թափանցիկություն և զրոյական հանուրժողականություն կոռուպցիայի կամ կաշառակերության նկատմամբ»:

Այնուհետև, Ալիևը կրկնեց ամենամեծ սուտը՝ Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զորքերի կողմից 600 ադրբեջանցիների` այսպես կոչված` «Խոջալուի ցեղասպանության» մասին: Տարբեր վարկածներ կան, թե ինչ է տեղի ունեցել Խոջալուում հակամարտության ընթացքում, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կողմից իրենց իսկ ազգաբնակչության փախուստի ճանապարհների արգելափակումը, որոնք հետագայում հայտնվեցին թակարդում և դարձան պատերազմի զոհ: Սակայն, նույնիսկ եթե ապացուցված լիներ, որ այդ հակամարտության ընթացքում զոհվել է 600 ադրբեջանցի, որը ցավալի կլիներ, Ադրբեջանն անամոթաբար ժխտում է 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը Թուրքիայի կողմից` սկսած 1915 թվականից, սակայն առանց վարանելու ձգտում է հավերժացնել այն սուտը, թե` 600 ադրբեջանցիների մահը ցեղասպանություն էր…

Ալիևը շարունակում է իր ստերի շարանը, պնդելով, որ 2016 թ. ապրիլին Հայաստանն է  հարձակվել Ադրբեջանի վրա: Աշխարհը գիտի, որ հենց Ադրբեջանն է եղել այդ հարձակման նախաձեռնողը: Բացահայտելով իր իսկ սուտը` նա նախազգուշացնում է, որ Ադրբեջանը նորից կհարձակվի…

Այնուհետև, Ալիևը հպարտանում է, որ 2011թ. Ադրբեջանն ընտրվել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ 155 երկրների կողմ քվեարկությամբ: Ալիևն անուշադրության է մատնում այն փաստը, որ ձայների մեծամասնությունն ապահովված էր ՄԱԿ-ի դեսպաններին շռայլ նվերներ մատուցելու շնորհիվ:

Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից անամոթաբար հայտարարում է, թե` «ժողովրդավարության զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր կառավարության գլխավոր առաջնահերթությունների թվում են: Բոլոր հիմնարար ազատությունները լիովին ապահովված են Ադրբեջանում, այդ թվում՝ խոսքի, մամուլի, հավաքների և կրոնական ազատությունները»: Բոլորը գիտեն, որ Ադրբեջանը բռնատիրական պետություն է` կոռումպացված ղեկավարներով, և նրա բանտերը լեցուն են մարդու իրավունքների ակտիվիստներով ու անկախ լրագրողներով…

Այնուհետև, Ալիևը հայտարարում է՝ «Ադրբեջանում բոլոր էթնիկ խմբերի և կրոնների ներկայացուցիչները ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ»: Բացի հայերից, որոնք զոհ գնացին էթնիկ զտումներին և Արցախում նոր ադրբեջանական ցեղասպանության հնարավոր զոհերից, երկրում կան շատ այլ փոքրամասնություններ, որոնք պարբերաբար ենթարկվում են խտրականության և հայտնվում բանտերում: Ադրբեջանն անվանել ժողովրդավարական և «աշխարհի ամենահայտնի բազմամշակութային կենտրոններից մեկը»՝ խայտառակ հայտարարություն է…

ՄԱԿ-ում Ալիևի ելույթում այնքան շատ են ստերը, խեղաթյուրումները և չափազանցությունները, որ այդ բոլոր կեղծիքները բացահայտելու համար պետք է մի ամբողջ գիրք գրել…

 

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

 «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (1210) 04.10.2017 - 10.10.2017, Տարածաշրջան


04/10/2017